Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվերան մի՛ գնացեք

Հունիս 29,2006 00:00

Մարդիկ թունավորվում են, իսկ մասնագետները չեն կարողանում
պարզել՝ ինչից Այս օրերին էլ մարդիկ հանգստանալու նպատակով Աղվերան են գնում
եւ քորով, ցանով ու բշտիկներով հետ գալիս: Բժիշկներն այդ երեւույթը բացատրում են
մարդկանց օրգանիզմի վրա թունաքիմիկատների ազդեցությամբ եւ առայժմ չեն կարողանում
հստակ ախտորոշել, թե այդ քորը, ցանն ու ալերգիան ինչից են, միայն հանգստացնող ու
հակաալերգիկ դեղամիջոցներ են նշանակում: Եվ մինչ Աղվերանից տուժած քաղաքացիների թիվն
ավելանում է, պատկան մարմինները՝ Կոտայքի մարզպետարանը, գյուղատնտեսության եւ առողջապահության
նախարարությունները, իրար վրա են գցում, թե ով պետք է տեղանքի ուսումնասիրությամբ
զբաղվի ու հայտնաբերի՝ ինչից են մարդիկ հիվանդանում: Մոտ մեկ շաբաթ առաջ խնդրի
մասին «Առավոտը» տեղյակ էր պահել Կոտայքի մարզպետարանի բնապահպանության բաժնի ղեկավար
Կամո Թումոյանին, որն էլ խոստացել էր հաջորդ օրն իսկ մասնագետների հետ ուսումնասիրություն
կատարել: Երեկ մարզի բնապահպանից հետաքրքրվեցինք, թե ինչ պարզեցին. «Ճիշտն ասած՝
շրջել ենք ու ոչինչ չի հաջողվել պարզել, քանի որ չգիտենք, թե կոնկրետ ո՛ր հասցեում
են հանգստացողները թունավորվել: Թող մարդիկ կոնկրետ վայրը նշեն՝ ուսումնասիրենք»:
Գյուղատնտեսության նախարարությունն էլ առայժմ ոչինչ չի հայտնաբերել: Գյուղատնտեսության
նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի խոսքերով՝ դա ոչ
թե իրենց, այլ առողջապահության նախարարության գործն է: Այդուհանդերձ, Գ. Պետրոսյանը
խնդրի հետ կապված իր ենթադրություններն ուներ. «99 տոկոսով մարդկանց մոտ նման երեւույթները
խոտերի, ծառերի մեջ բնակվող ոսկետուտ միջատից են: Երբ ձեռք ես տալիս, միջատն ինքնապաշտպանական
ռեակցիա է դրսեւորում ու թույն է արտադրում, ինչն էլ ուժեղ քոր, ցան ու ալերգիա է
առաջացնում»: Աղվերանի հանգստյան գոտին մասնավորեցված է: Գ. Պետրոսյանը չբացառեց
նաեւ, որ այդ այգիների տերերը միջատազերծելու համար ուժեղ թունաքիմիկատներ օգտագործած
լինեն: «Առավոտը» շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ Աղվերանում հանգստացածներից:
Նրանցից մեկի՝ Նոր Արեշ թաղամասի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ «ամբողջ
ընտանիքով ուռած տուն ենք եկել, բոլորիս մարմինները ոտքից գլուխ ցանով է պատված:
Ամուսինս ալերգիկ է եւ միանգամից ուռչեց, եթե ձեռքիս տակ հակաալերգիկ դեղեր չլինեին՝
փրկել չէինք կարող: Դրանք վճարովի հանգսյան գոտիներ են, ինչ է՝ մարդիկ այդքան փող
են տալիս, որ հիվանդանա՞ն»: Մեր տեղեկություններով, տուժել է նաեւ Պուշկինի դպրոցի
կոլեկտիվը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ.
Ավելի ուշ, երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, խմբագրություն զանգեց Կոտայքի
մարզի սանիտարական բժիշկ Անահիտ Մելքոնյանը՝ հայտնելով, որ իրենք գրություն են ուղարկել
Արզականի համայնքի ղեկավարին եւ տարածքի ոստիկանությանը, որպեսզի վերջիններս արգելեն
մարդկանց հոսքը Աղվերանի հանգստյան գոտի, մինչեւ տեղանքից վերցված փորձանմուշները
լաբորատոր զննության ենթարկեն եւ պարզեն, թե թունավորումներն ինչի արդյունք են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել