Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Օգոստոս 09,2006 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այժմ արձակուրդում է եւ անհասանելի, ուստի չի հաջողվում նրանից մեկնաբանություններ ստանալ իր քայլի վերաբերյալ: Փոխարենը մեկնաբանում են նրա գործընկերները:

Արամ Սարգսյան. «Հավակնությունները չէին բավարարվել»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հիշեցրեցինք ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի ավելի վաղ արված դիտարկումը, թե առնետավազք կա ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության ճամբարում: Մանրամասնել էր, թե նկատի ունի ընդդիմադիրների տեղափոխությունները նորաստեղծ կուսակցություններ: «Նման երեւույթներին հասարակությունը ինքն է գնահատական տալիս, եւ բավական կոշտ որակումներով,- ի պատասխան նշեց պրն Սարգսյանը:- Դա է պատճառը, որ համարում եմ, թե Վիկտոր Դալլաքյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դառնալը ո՛չ իրեն է օգուտ բերելու, ո՛չ էլ ԲՀԿ-ին: Ընդհանուր առմամբ՝ չգիտեմ, թե «Բարգավաճ Հայաստանն» ո՞ւմ է մեղադրում այսօրվա անբարգավաճ Հայաստանն ունենալու համար: Եթե նրանք ուզում են կառուցել բարգավաճ Հայաստան, ուրեմն՝ այսօրվա մեր երկիրը համարում են ոչ բարգավաճ: Եվ եթե Վիկտոր Դալլաքյանը գնում է «Բարգավաճ Հայաստան», որ դրա համար մեղադրի Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին կամ Վազգեն Մանուկյանին՝ իր խնդիրն է: Իսկ եթե ոչ՝ ո՞ւմ է մեղադրելու: Շարունակելո՞ւ է նորից մեղադրել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ սկսած հոկտեմբերի 27-ից, վերջացրած տնտեսական, քաղաքական եւ քրեական մի շարք գործերով, թե՞ ոչ: Ըստ դրա էլ՝ հասարակության համար կարող են հասկանալի դառնալ Վիկտոր Դալլաքյանի եւ ԲՀԿ-ի մոտեցումները: Իսկ քաղաքական դաշտի, ու մասնավորապես՝ ինձ համար, լրիվ հասկանալի է, որ դա իշխանական կուսակցություն է՝ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող: Եվ իրենք համախմբվում, գնում են փոփոխությունների, որ ամեն ինչ մնա նույնը»:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են ընդդիմադիր գործիչները հայտնվում իշխանական կուսակցություններում՝ սա զուտ սուբյեկտիվ, անձնական գործոնների՞ հետեւանք է, թե՞ գուցե պատճառն այն է, որ սպառված տեսնելով գործող ընդդիմության ձեւաչափում առնվազն օրենսդիր իշխանության մեջ վճռորոշ ձայներ ստանալու հնարավորությունը՝ նրանք ձգտում են դեպի ուժի այլ կենտրոններ: Մեր այս հարցին «Հանրապետության» ղեկավարը պատասխանեց. «Ի՞նչ չափանիշներով ենք մենք համարում սպառված կամ ոչ սպառված: Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններում էլ հաղթել է ընդդիմությունը: Այլ խնդիր է, որ իշխանությունները նկարել են այն, ինչ ուզել են: Եվ եթե մարդիկ, դեմ գնալով իրենց գաղափարախոսությանը, գնում են այնտեղ՝ որտեղ նկարում են, դա այդ անհատի բնավորությունից ու կենսակերպից եկող բան է: Ես չեմ համարում, որ իրենք այստեղ ուղղակի ապագա չեն տեսնում: Ես համարում եմ, որ մարդիկ այստեղ իրենց հավակնություննե՛րը բավարարված չեն տեսնում: Այնտեղ հավակնությունները բավարարելու ավելի խոպան դաշտ է, քանի որ համեմատելով իրենց եւ այնտեղ եղած մարդկանց մտավոր ունակությունները՝ զգում են, որ իրենք գերազանցում են: Եվ սա փաստ է: Իսկապես այդպես է՝ Վիկտոր Դալլաքյանն իր մտավոր ունակություններով գերազանցում է այդ դաշտում այսօր գործող քաղաքական գործիչներին: Եվ այնտեղ նա իր առաջընթացը, սովետական բառով՝ կարիերան, որ շատ ճիշտ է այս պարագայում՝ տեսնում է ավելի հարթ»:

Հմայակ Հովհաննիսյան. «Լուրջ հարված էր ընդդիմությանը»
Այսպես է գնահատում «Արդարության» քարտուղարի հեռանալը խմբակցությունից ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը՝ հիմնավորելով. «Վիկտոր Դալլաքյանը ընդդիմադիր դաշտից տեղափոխվում է իշխանական դաշտ: Մինչդեռ նախորդ շրջանում նա հանդես էր գալիս «Արդարության» խոսնակի դերում, արմատական ընդդիմության դիրքերից: Օրինակ, մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին «27»-ի ոճրագործության կազմակերպիչների բացահայտման գործընթացի կասեցման մեջ: Եվ այս մեղադրանքների համատեքստում՝ նրա համագործակցությունը մի կուսակցության հետ, որի ստվերային ղեկավարը հենց Քոչարյանն է՝ նշանակում է արմատական դիրքորոշման եւ այդ դիրքերից հանդես եկողների հեղինակազրկում: Իր այդ քայլով Վիկտոր Դալլաքյանը կարող է հասարակության մեջ որոշակի կասկածներ առաջացնել այդ փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ: Երեւի թե Վիկտոր Դալլաքյանի ծառայություններից որոշել են օգտվել նաեւ հենց այդ նպատակով»:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ վստահ է, որ «Բարգավաճ Հայաստանը» հավակնում է իրենով փակել օրինական ընդդիմադիր դաշտը. «Այսօր, ըստ էության, փորձ է արվում արմատական ընդդիմությանը քաղաքական թատերաբեմից դուրս մղել դեպի քաղաքական լուսանցք: Եվ ըստ այդ սցենարի՝ քաղաքական թատերաբեմում պետք է տեղավորվեն երկու ուժեր՝ ՀՀԿ-ն, որպես իշխանական ուժ, որը պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար, եւ «Բարգավաճ Հայաստանը», որին վերապահված է համակարգային ընդդիմության դերակատարությունը: Համակարգային այդ ընդդիմությանը հակադրելու են արմատական ընդդիմությանը, որին մղելու են քաղաքական ընդհատակ՝ վերագրելով միայն այլախոհների դերակատարություն»:

Այս կանխատեսումներից հետո պրն Հովհաննիսյանը նշեց. «Վիկտոր Դալլաքյանն իր քաղաքական ապագան որոշեց վստահել Ռոբերտ Քոչարյանին: Իր քաղաքական ճակատագիրը հանձնեց նրա ձեռքը, ում ինքը հրապարակայնորեն մեղադրել էր Վազգեն Սարգսյանին դավաճանելու մեջ»:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված նման բուռն արձագանքը՝ չէ՞ որ սա սպասելի քայլ էր, եւ երկար ժամանակ է, ինչ լուրեր կային, որ պրն Դալլաքյանը ԲՀԿ-ի ծրագրի համահեղինակներից է եւ շուտով դուրս կգա «Արդարությունից»: Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այնուամենայնիվ, մինչեւ վերջ խոսվում էր այն մասին, թե հնարավոր է, որ Վիկտոր Դալլաքյանը չդիմի այդ քայլին: Կամ կընտրի «փափուկ» տարբերակը՝ նախընտրելով ԲՀԿ-ն՝ դուրս չի գա «Արդարությունից»: Բայց նա նախընտրեց ամենակտրուկ տարբերակը»:

Ամփոփելով՝ պրն Հովհաննիսյանը նշեց. «Վիկտոր Դալլաքյանը բանիմաց խորհրդարանական է, եւ կցանկանայի հուսալ, թե Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքը վերցնելով նրա քաղաքական ապագան՝ հուսախաբ չի անի նրան»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել