Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը գլուխ կգա՞

Նոյեմբեր 02,2006 00:00

Հնարավոր է՝ հայոց լեզու, գրականություն առարկայի՝ թեստային համակարգով քննությունների ներդրման հիմնական խոչընդոտ հանդիսանա ԿԳՆ ԾԻԳ-ը:

Եթե այնպես ստացվի, որ հայոց լեզու, գրականություն առարկայից նոր համակարգով քննություն անցկացնելու համար լուծվեն թեստերի բովանդակային եւ բուն քննությունների անցկացման հետ կապված խնդիրները, միեւնույն է, դրանով բոլոր հարցերը չեն լուծվում: Պարզվում է, վերջին փորձարկումները, որոնք մի քանի համայնքներում անցկացվեցին հայոց լեզու, գրականություն եւ քիմիա առարկաներից, բացի մեխանիզմների ստուգումից ու թեստերի պարզ կամ բարդ լինելու աստիճանը որոշելուց, ենթադրում էին նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) աշխատանքների փորձարկում: Բանն այն է, որ այդ փորձարկումը նաեւ տեխնիկայի մասով պետք է փորձարկում լիներ. այս մասին մեզ հետ զրույցում ասաց (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը: Փաստորեն, ԿԳՆ ԾԻԳ-ը պետք է կենտրոնին ապահովեր անհրաժեշտ ամեն տեսակ տեխնիկայով, որով հնարավոր կլիներ կարճ ժամանակահատվածում գրավորների վերծանում եւ ստուգում իրականացնել: Այս օրերին այդ աշխատանքներն իրականացվում են բավական վատ պայմաններում, ինչում համոզվեցինք ինքներս՝ ԳԹԿ այցելության ժամանակ: Ընդամենը մի սենյակում աշխատում է ողջ մասնագիտական կազմը, իսկ ամբողջ տեխնիկական աշխատանքները տարվում են դարձյալ մեկ սենյակում, որտեղ նույնիսկ օդափոխիչ համակարգ չկա: Սահմանափակ թվով համակարգիչներն ու սկաներները, ճիշտ է, այս պահին կհասցնեն շարժվել ժամանակացույցին համապատասխան, բայց ի՞նչ է լինելու տարեվերջին, եթե որոշվի, որ առարկան իսկապես ներդրվում է, անցկացվեն քննություններ, իսկ ստուգման լիարժեք փորձարկում, փաստորեն, չի եղել, եւ արդյունքում, հնարավոր է, վերջին փուլի աշխատանքները տապալվեն: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, վերջերս ՀԲ փորձագետների այցելությունն է ստիպել ԾԻԳ-ին, որպեսզի ԳԹԿ-ում վերանորոգման աշխատանքներ սկսեն, ինչը դեռ վաղուց պետք է արված լիներ:

Կա մի կարեւոր բաց եւս: Որտե՞ղ պետք է տպվեն քննական թեստերը: Այս փորձարկումների ժամանակ, ինչպես մեզ ասաց Վ. Բարսեղյանը, կենտրոնը մրցույթ է հայտարարել, եւ այդպիսով թեստերի տպագրությունը պատվիրել X կազմակերպության: Սակայն, Վ. Բարսեղյանի խոսքով, վարկային ծրագրով նախատեսված է եղել, որ կենտրոնը պետք է ունենա նաեւ տպագրական սարքեր՝ թեստերի տպագրությունն իրականացնելու համար: Այլապես՝ որքան շատ կազմակերպություն ներգրավված լինի թեստերի աշխատանքում, այնքան նվազում է դրանց գաղտնիության պահպանումը: Փաստորեն, այս հարցում եւս ԾԻԳ-ը թերացել է:

ԳԹԿ-ում այս օրերին իրականացվող մասնագիտական քննարկումները ցույց են տվել, որ, այնուամենայնիվ, պետք է թեստերի ստուգման հարցում վերացնել մարդկային գործոնը: Հայտնի է, որ միասնական՝ ա+բ մակարդակի թեստերում, որոնք նախատեսված են բուհ ընդունվողների համար, ըստ նախնական որոշման՝ բ մակարդակը ստուգվում է հանձնաժողովների՝ մարդկանց կողմից, այսինքն՝ ոչ համակարգչի: Իսկ դա, ըստ որոշ մասնագետների, նշանակում է, որ ավտոմատացնելու միջոցով կոռուպցիայի դեմ պայքարելը զուտ շղարշ է, որ իրականում նորից ամեն ինչ մարդու ձեռքին է լինելու: «Մարդկային գործոնի դերը հնարավորինս նվազեցնել է պետք: Այս օրերի քննարկումները ցույց տվեցին, որ առաջադրանքները պետք է լինեն այնպիսին, որ ամբողջովին ենթարկվեն համակարգչային ստուգման: Պատասխանների ձեւակերպումն այնպես պետք է տանք, որ համակարգչով ստուգել հնարավոր լինի,- ասում է Վ. Բարսեղյանը:- Բացի այդ, մարդիկ սովոր են 24 ժամում քննությունների պատասխան ստանալ՝ հետեւաբար համակարգը պետք է թույլ տա, որ արագ արդյունք ստանանք: Մեկ օրում 10 հազարից ավելի գրավոր ստուգել՝ որքան էլ մեծ հանձնաժողով կազմվի, շատ բարդ է»:

Այդ դեպքում, ըստ ամենայնի, ամբողջովին կհանվի շարադրության կետը, ինչից ամենաշատն են դժվարանում մեր աշակերտները: Սակայն այս մասին մասնագետների կարծիքները՝ ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել