Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԱՂԲԱՆՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Նոյեմբեր 27,2006 00:00

Իսկ քաղաքային իշխանություններին այդ հանգամանքն առանձնապես չի հուզում

Նուբարաշենի խճուղին աղբի մեջ կորած է: Արդեն քանի տարի է՝ այս խճուղին իր աղբանոցներով հանգիստ կարող է մրցակցել Նուբարաշենի հայտնի աղբանոցի հետ: Այդ տարածքում ապրող բնակիչներն աղբի դարդից բնակարանները վաճառքի են հանել, սակայն, նրանց խոսքերով, գնող չկա, քանի որ ոչ ոք չի ցանկանում քաղաքի այդ աղբաշատ վայրում բնակարան ձեռք բերել: Աղբը ցրված է Էրեբունի զանգվածից դեպի Նուբարաշեն ձգվող ճանապարհի ողջ երկայնքով, ընդ որում՝ կենցաղային աղբին խառնված է նաեւ շինարարական աղբ: Բնակիչների ներկայացմամբ, իրենց խճուղին աղբաշատ է, քանի որ քաղաքի տարբեր թաղամասերից Նուբարաշենի ընդհանուր աղբանոց գնացող աղբահավաք մեքենաների վարորդները զլանում են կամ էլ վառելիքն են տնտեսում եւ իրենց մեքենայի պարունակությունը բեռնաթափում են հենց այս ճանապարհներին:

Այս փնթիության պատճառով հատկապես ամռանը թաղամասի բնակիչները խեղդվում են գարշահոտությունից, ինչի հետեւանքով ողջ ամառ մարդիկ մոծակներից պրծում չունեն:

Այս թաղամասի հակասանիտարական պատկերն ամբողջացնում է հարեւանությամբ գտնվող ճահիճը: Բնակիչների խոսքերով, նախկինում ճահճի տեղում արհեստական լիճ է եղել: Մաքրման աշխատանքները չկատարելու պատճառով տարիների ընթացքում լիճը մամռակալել է եւ վերածվել ճահճի. «Լճակի շուրջը մեծ եղեգնուտ է առաջացել եւ կամաց-կամաց տարածվում է դեպի մեր շենքերը: Այս պայմաններում անխուսափելի են զանազան վարակիչ հիվանդությունները: Բազմիցս դիմել ենք քաղաքային իշխանություններին, որ տարածքում գոնե աղբամաններ տեղադրեն, սակայն ոչ ոքի չի հետաքրքրում մայրաքաղաքի այս հատվածի կեղտոտ վիճակը»: Մայրաքաղաքի այս հատվածը գտնվում է Էրեբունի համայնքում:

\"\"Սա Նուբարաշենի «մինի» աղբանոցն է, որը գտնվում է բնակելի շենքերի հարեւանությամբ: Գոյացել է աղբահավաք վարորդների անփութությունից: Նրանք աղբը դատարկում են այստեղ, որպեսզի խնայեն վառելիքը:

 

 

\"\"Սա Էրեբունի զանգված տանող աղբով լեցուն ճանապարհն է: Քաղաքային իշխանություններն այս ճանապարհով երթեւեկելիս չե՞ն նկատում այս ամենը:

 

\"\"Լիճը վերածվել է ճահճի: Այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված ինֆեկցիոն վարակների հարուցիչների բազմացման համար:

 

 

\"\"Թաղապետարանի կողմից ձեւի համար դրված այս երկու ժանգոտած աղբամանները բավարար չեն: Եվ նույնիսկ աղբի առատության մեջ չէին էլ երեւում:

 

 

 

Հ. Գ. Լուսանկարները չեն փոխանցում աղբանոցից բուրող գարշահոտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել