Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈՅԻ ԽԻՂՃՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՉՔԵՐԸ

Դեկտեմբեր 12,2006 00:00

\"\"Ռուս բանաստեղծի համար դրանք սերտորեն
կապված են

«Ինչի՞ց է գոյանում մարդկային խիղճը… Նախ եւ առաջ ընկերների, հարազատ ու թանկ մարդկանց աչքերից, որոնք քեզ նայում են, հետեւում ամենուրեք, անկախ նրանից՝ աչքերի տերը ո՞ղջ է, թե՞ ոչ: Իմ խիղճը գոյացել է նաեւ հայկական թախծոտ աչքերից: Երբ դուք՝ հայերդ ժպտում եք, էլի ձեր աչքերը տխուր են»: Ռուս քնարերգակ, թարգմանիչ, լուսանկարիչ, դերասան Եվգենի Եվտուշենկոն այս կարծիքին է: Պոեզիայի սիրահարներին, մարդկանց, ովքեր մեծացել են Եվտուշենկոյի ստեղծագործությունների ոգով, օրերս Գրողների միությունում կազմակերպված հանդիպման ժամանակ հնարավորություն ընձեռվեց շփվել Եվտուշենկո անհատի եւ պոետի հետ: Նա Կարմիր խաչի հրավերով է Հայաստան ժամանել:

Դեկտեմբերի 9-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նրա համերգը, որի հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով: Սակայն Եվտուշենկոյի այցի նպատակը միայն դա չէր: «Նրա հետ հանդիպումը նշանակալից էր տարբեր առումներով: Առաջինն այն էր, որ հասարակության մի որոշ հատված վերապրեց այն ժամանակաշրջանը, երբ պոեզիան յուրաքանչյուրիս հոգում էր: Մյուս առավելությունն էլ այն է, որ երիտասարդ սերնդին հնարավորություն է տրվել շփվելու մի պոետի հետ, ով կարողանում է իր պոեզիային համապատասխան լսարան ստեղծել»,- նշեց ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը:

Գրողների միությունում հանդիպման ժամանակ Եվտուշենկոն հիշեց իր մտերմությունը Պարույր Սեւակի, Գեւորգ Էմինի հետ, Սիլվա Կապուտիկյանի հետ ունեցած զրույցները, Հովհաննես Շիրազի բնավորության յուրահատկությունները. «Շիրազի հետ շփվելիս այնպիսի տպավորություն էի ունենում, որ նա իրեն ոչ լիովին է գնահատված զգում: Ինչ վերաբերում է Սիլվա Կապուտիկյանին, նրա հետ կարելի էր խոսել ոչ միայն գրականությունից, այլեւ ամեն ինչից»: Մի անգամ, երբ Եվտուշենկոն հանդիպել է Սեւակին, ու բանաստեղծը հայ ժողովրդի ցավերի մասին իր սիրտն է բացել, իր մեջ տպավորվել է Սեւակի խոսուն տառապանքը՝ «ասես ողջ մարմնով, ուսերով էլ էր լաց լինում»:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հիշեց, թե ինչպես Դսեղ գյուղում մի կին վատառողջ Եվտուշենկոյին կանաչի է տվել, որ բուժի։ Պարզվել է՝ այն ավելուկ է։ Իսկ Եվտուշենկոն բույսը կոչել է «կարեկցանքի ավելուկ»։ «Այժմ նա եկել է վերադարձնելու այդ կարեկցանքը։ Եվտուշենկոն եկել է հաղթահարելու երկու երկրների մշակույթների անջրպետը»,- ասաց Լ. Անանյանը։

Տեղեկացնենք, որ Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների երկու ժողովածուներ Գրողների միության ջանքերով 80-ականներին թարգմանվել են հայերեն։ Հաշվի առնելով Եվտուշենկոյի մեծ վաստակը թե՛ կինեմատոգրաֆիայի, թե՛ լուսանկարչության, թե՛ գրականության մեջ, Հայաստանի գրողների միությունը նրան պարգեւատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել