Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԿԱՅՔ ՉՊԱՏՐԱՍՏԵԼ

Դեկտեմբեր 18,2006 00:00

Ըստ ԿԳՆ կայքի՝ նախարարությունում 3 հոգի է աշխատում

Կառավարման մարմինների ղեկավարները սիրում են պատեհ-անպատեհ հայտարարել, թե իրենց գործունեությունը բաց է ու թափանցիկ: Ընդ որում, այդ գործում շատ են կարեւորում էլեկտրոնային համակարգերի՝ հատկապես ինտերնետի դերը: Այս կամ այն գերատեսչության կայքերն էլ ժամանակ առ ժամանակ մրցանակների են արժանանում: Որոշեցինք մի փոքրիկ «մրցույթ» էլ մենք անցկացնել ու որպես ուսումնասիրության առարկա ընտրեցինք հասարակության հետ առավել ակտիվ շփումներ ունեցող նախարարությունների՝ ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կայքերը:

Այս 3 կայքերի դիտարկումը մեզ հիշեցրեց Մեծ գրողի հայտնի հեքիաթը, երբ սուտլիկ որսկաններն ասում են՝ «…երկուսը մեռած էին, մեկումն էլ իսկի շունչ չկար»: Այս պարագայում երկուսը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարություններն են, իսկ շունչ չունեցողը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ շաբաթ տեւած մեր դիտարկման ընթացքում (դեկտեմբերի 6-ից 14-ը) այս նախարարության հասցեն ազդարարում էր, որ այն գտնվում է վերագործարկման մեջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքը գոնե կոնկրետ կառուցվածք եւ տրամաբանություն ունի: Կայքում զետեղված են նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը, նույնիսկ ծրագրերը, բայց ոչ երբեք՝ հաշվետվություն: Ի՜նչ ավելորդ հոգս, չէ՞ որ պետական մարմինները չեն սիրում հաշվետու լինել հասարակության առջեւ, չնայած այն հանգամանքին, որ այդ մասին նույնիսկ գործում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Թափուր աշխատատեղերի մասին եւս կայքում որեւէ տող չկա, փոխարենը՝ մի դրական քայլ կա. կայքում տեղ է հատկացված հասարակության հետ հարց ու պատասխանին: Բայց այստեղ եւս մոտեցումը կարծրացած է՝ չկա ինտերակտիվ կապի հնարավորություն: Այնպիսի տպավորություն է, որ այս էջի «անմեղությանը» որեւէ մեկը չի դիպչել՝ այն գործարկելու օրվանից:

ԿԳՆ պաշտոնական կայքը զուրկ է որեւէ տրամաբանությունից, կառուցվածքից եւ ընդհանուր մոտեցումից: Այս կայքի հետ ով ինչ կարող է՝ անում է: Կայքում առանձնացված «Օրենսդրություն» էջ կա, որտեղ զետեղված են միայն կրթության եւ լեզվի մասին օրենքները: Այսինքն՝ այս էջի այցելուն պետք է կարծի, որ մի ամբողջ պետության կրթության եւ գիտության ոլորտները կարգավորվում են ընդամենը 2 օրենքով: Բայց երբ այցելում ես «Հանրակրթություն», «Նախնական եւ միջին մասնագիտական կրթություն», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն», «Գիտություն» էջերը, պարզվում է, որ այլ իրավական ակտեր էլ կան: Ընդ որում՝ «Իրավական ակտեր» էջում առանձնացված են «Օրենքներ», «Կառավարության որոշումներ», «Նախարարի հրամաններ» եւ, չզարմանաք, «ԱԺ որոշումներ» ենթաբաժինները, հոգ չէ, որ ԱԺ-ն որոշումներ չի ընդունում՝ էջ է, թող լինի, էլի: «Իրավական ակտեր» էջում զետեղված են միայն օրենքները: Լավ, ենթադրենք իրենց որակմամբ՝ ԱԺ եւ կառավարության որոշումները հասու չեն, գոնե նախարարի հրամանները կարելի՞ է զետեղել: Լավ է գոնե ուսումնական հաստատությունների ցանկերը կան: Փոխարենը, օրինակ, ոչ մի տեղեկատվություն չկա հասարակությանն այս օրերին այդքան հուզող թեստային համակարգի մասին. գոնե հղում անեին Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի կայքի վրա՝ www.atc.am:

«Միջազգային կապեր» էջում «համաձայնագրեր», «մրցույթներ» ենթաբաժինները դատարկ են: Սա այն դեպքում, երբ նախարարությունն այլ պետություններում կրթություն ձեռք բերելու բազմաթիվ մրցույթներ է անցկացնում ու այդ մասին հայտարարություններ հրապարակելը պարզապես պարտադիր պայման է: «Տեսչություններ, գործակալություններ» էջի «Լեզվի պետական տեսչություն», «Լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալություն», «Բարձրագույն որակավորման հանձնաժողով», ոչինչ չասող «ԿՏԱԿ» եւ «ԿԾԿ» ենթաբաժինները դատարկ են: Փոխարենը՝ «Կրթության պետական տեսչություն» ենթաբաժնի «վերապատրաստման դասընթացներ» ենթաենթաբաժինը ազդարարում է նոյեմբերի ինչ-որ դասընթացի օրակարգ:

ՀՀ ԿԳ նախարարությունն այս ամենից առաջ հասարակությանը ներկայանում է «Մեր մասին» էջով, որի «աշխատակազմ» ենթաբաժինը, վերոնշյալ ավանդույթը պահպանելով, դատարկ է թողնված, իսկ «կառուցվածքի» հետ ծանոթանալիս հասկանում ես, որ այս նախարարությունում ընդամենը 3 հոգի է աշխատում՝ նախարարը, փոխնախարար Արա Ավետիսյանը եւ փոխնախարար Բագրատ Եսայանի օգնականը: Ընդ որում, նախարարի լուսանկարն ու կենսագրությունը արտատպած է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, փոխնախարար Ավետիսյանի էջում կենսագրական տվյալներն են, իսկ փոխնախարար Եսայանի օգնականի էջում հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն է:

Այս ամբողջ, մեղմ ասած, զավեշտի կուլմինացիան՝ իհարկե կայքի առաջին՝ գլխավոր էջն է: Այն «Լուրեր» անվանումն ունի, որտեղ զետեղված է 20 հատ ինչ-որ բան: Ասենք, 7 հատ «ի գիտություն լրագրողների», որը ծանուցում է այս կամ այն միջոցառման մասին, 2 հատ ծանուցում նախարարի ասուլիսի հրավիրման մասին, 2 հատ «ի գիտություն հ/կ-ներին», նախարարի հանդիպման ու այցի, կլոր սեղանի անցկացման, մրցանակաբաշխության, աննախադեպ հաջողության, նախարարի շնորհավորական ուղերձի եւ բաց դասի վերաբերյալ մեկական հաղորդագրություն:

Մեզ մնում է միայն խորհուրդ տալ ԿԳՆ-ին՝ հետեւել հարեւան առողջապահության նախարարության օրինակին ու կայքի գործունեությանը կամ, ավելի ճիշտ, չգործունեությունը դադարեցնել՝ վերագործարկման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել