Լրահոս
Օրվա լրահոսը

«1150 ՀՈԳԻՆ ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"Երեկ հակակրիմինալի հերթական նիստում զգուշացրեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հակակրիմինալ շարժման հերթական նիստի ընթացքում շարժման անդամները լսում էին «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանի սրտի խոսքը եւ տեղ-տեղ արձագանքում: «ՆԺ» նախագահն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթին՝ հեռակա բանավիճում էր նրա հետ, փորձելով ապացուցել, որ գունավոր հեղափոխությունները երբեմն անխուսափելի են. «Պինոչետը զենքով չվերցրե՞ց իշխանությունը եւ Չիլին չճանաչվե՞ց (միջազգային հանրության կողմից.- Մ. Ե.), հարյուրավոր օրինակներ կարող եմ ասել՝ 1917 թվականի հեղափոխությունը, դրան գումարած Բոնապարտի գործունեությունը, հարյուրավոր գործողություններ. որ նախագահը հիմա մեզ նստած բացատրում էր՝ գունավոր հեղափոխություններ լինո՞ւմ են, թե՞ չեն լինում»: Հետո էլ արձանագրեց, որ «բեզպրիդելը» հասել է այնտեղ, որ մարդիկ ուրիշ ելք (բացի հեղափոխությունից.- Մ. Ե.) չեն տեսնում, եկեք մեկ անգամ այդ դիսկուսիան սկսենք, մի հատ տեսնենք՝ որեւէ մեկը դրան չի՞ համաձայնի, եւ դա լավ չի՞ լինի, դա ճիշտ բան չի՞ հասարակության համար։ Դա (հեղափոխությունը.- Մ. Ե.) այն բանն է, որ համարյա բոլորը մտածում են իրենց տան մեջ նստած, խոհանոցներում: Արդյո՞ք չկա հասարակության մեջ նման կարծիք, ես դա եմ ուզում, որ ընկալենք: Եվ եթե այդպիսի կարծիք կա, հնարավո՞ր է ջարդուխուրդ անելով դրա դեմ պայքարել»: Ասաց նաեւ՝ բոլոր այն տեղերում, որտեղ մինչ այժմ եղել են գունավոր հեղափոխություններ, այդ երկրների նախագահները դրանցից անմիջապես առաջ հայտարարել են, թե իրենց երկրում նման բաներ չեն կարող լինել. «Վերցրեք թե Շեւարդնաձեի, թե Կուչմայի ելույթը, թե մնացած բոլոր նախագահների ելույթները, մանավանդ՝ Ակաեւինը: Ամեն ինչ նույնն է, դրա համար, եթե Ռոբերտ Քոչարյանը կարծում է՝ միայն իր ցանկությամբ հեղափոխությունները կարելի է կանգնեցնել կամ՝ ուժային միջոցներով, դա անհնար է»: Այս խոսքին, սակայն, չհետեւեց տրամաբանական եզրակացությունը, թե այլեւս հարկավոր է զենքը վերցնել եւ գնալ հեղափոխություն անելու. Արամ Կարապետյանն ընդամենը առաջարկեց առաջիկա հինգշաբթի օրը նույն տաքուկ «Արմենիա-Մարիոթ»-ում կազմակերպել լսումներ, մոտավորապես՝ էս ինչ օրի ենք հասել եւ ո՞վ է մեղավոր թեմայով:

Հակակրիմինալի նիստում այդպես էլ հեղափոխական կոչեր չհնչեցին, միայն «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը տեղեկացրեց. «Եթե իրենց թվում է, թե Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան եւ էլի 40 հոգի բերման ենթարկելով, շինծու հարցաքննություններով եւ այլն, սրանով ահաբեկելու են, սխալվում են: Հայտարարում եմ, մեր Արագածոտնի մարզի կառույցում ձեւավորվել է քաղաքական հետապնդումների կոմիտե, այսօր մեզ բերել են Արարատի մարզից տեղեկություն, երեկ կայացել է նիստը, ստեղծվել է քաղբանտարկյալների պաշտպանության մարզային կոմիտե: Ուրեմն, թող նախագահը, պաշտպանության նախարարը եւ հանցավոր ռեժիմը դա լսեն։ Այսօր նման կոմիտե կայանալու է նաեւ Շիրակի մարզում՝ Լեւոն Գալստյանի գլխավորությամբ, եւ սա տարածվելու է ամբողջ հանրապետությունով։ Երկրում իշխանությունը ստեղծում է նախահեղափոխական մթնոլորտ, իրենք են ստեղծում իրենց հակազգային, հակապետական, հակաօրենսդրական գործողություններով»:

Գառնիկ Մարգարյանը նաեւ զգուշացրեց իշխանություններին. «Այն քննչական խումբը, այն ՊԱԿ-ի ոհմակը, որ կփորձի գիշերվա արգելված ժամին առանց որեւէ իրավական հիմքերի ներխուժել (չհստակեցրեց, թե որտեղ- Մ. Ե.) կստանա հարված: Չենք թողնելու: Կգա՞ն օրենքով, պատրաստ ենք օրենքով պատասխան տալու, կգա՞ն անօրեն, ստանալու են հակահարված: Սա «Հայրենիք ու պատիվ» կուսակցության «Սպայի պատիվ» գրանցված հ/կ-ի որոշումն է»:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահը նաեւ վստահեցրեց, որ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին կոտրել չի լինի եւ իշխանություններին չի հաջողվի նրանցից Արկադի Վարդանյան սարքել: Նաեւ հայտարարեց. «Թող էլի կալանավորեն, մեր շարքերը մեծ են: Զարմացան, երբ մի մարզում տեսան 1150 հոգի: Բայց ուզում եմ հիշեցնել, որ այս 1150 հոգին հրացանավոր մարդիկ են, միք խաղա կրակի հետ»: Ասաց, որ իշխանությունն է հրահրում բախումներ, իր գործողություններով տանում է դրան. «Մենք հայտարարել ենք, որ թվացյալ կայուն վիճակը իրենք չեն ապահովում, մենք ենք ապահովում, մենք՝ ներկա հակակրիմինալ շարժման եւ ընդդիմության կուսակցությունների ղեկավարները»:

Հակակրիմինալի անդամները երեկ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը քննարկելուց բացի, նաեւ հայտարարություն ընդունեցին («ԱՄ»-ի ներկայացրած նախագծի հենքի վրա), որում մասնավորապես ասվում է. «Գործող իշխանությունները չեն կարողանա երկրում արմատավորել ահաբեկության եւ վախի մթնոլորտ, նրանց կողմից մշակված ծրագիրն ի սկզբանե դատապարտված է ձախողման»: Նաեւ նշված է, որ իրենք խստագույնս դատապարտում են «իշխանությունների արկածախնդիր գործելակերպն ու դրանից բխող սադրիչ գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել