Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար անարդարության դեմ

Հունվար 19,2007 00:00

ԿԳ նախարարը կմիանա «Սարգիս Տխրունու» պայքարին

Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը անցյալ տարվա դեկտեմբերին տարբեր բուհերի 2000 ուսանողների շրջանում անցկացրել էր հարցում՝ «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» թեմայով: Ուսանողներից 1821-ն ասել էր, որ կոռուպցիա իրենց բուհում իրոք կա:

«Սարգիս Տխրունի» միությունը խիստ հետեւողականություն է ցուցաբերում այս հարցում եւ ԿԳ նախարարից այս էլ որերորդ անգամ պահանջում է արձագանքել իրենց ուսումնասիրություններին ու անհապաղ պայքարել բուհական կոռուպցիայի դեմ: Եվ մինչ ԿԳ նախարարն այդ ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարն սկսել է Բոլոնյան գործընթացի միջոցով համակարգային բարեփոխումների գնալով (իսկ գործընթացի նպատակը մեծ հաշվով բուհական կոռուպցիայի վերացումն է, թեեւ դրա իրականացման համար դեռեւս հստակ մեխանիզմներ մշակված չեն), ուսանողական միությունն անհամբեր է: ԿԳ նախարարին արդեն 2-րդ բաց նամակով «Սարգիս Տխրունին» խնդրում է հետեւողական լինել, «վարձել անաչառ կամ թեկուզ աչառու սոցիոլոգներ», որպեսզի վերջիններս փորձեն պարզել անցկացված հետազոտությունների արդյունքների հավաստիությունը, եթե կասկածներ ունեն:

Հիշեցնենք, որ իր տարեվերջյան ասուլիսում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացել էր հետեւողականություն ցուցաբերել, եթե միայն համոզվի արվածի լրջության մեջ, այսինքն՝ եթե միությունն իր անցկացրած հարցումների վերաբերյալ լուրջ մեթոդաբանություն եւ արդյունքների վերլուծություն ներկայացնի: Իսկ միությունը տարեսկզբին նախարարին ուղարկեց իր արած վերլուծությունը՝ կես էջի սահմաններում, եւ մինչ օրս արդեն 2-րդ անգամ դժգոհություն է արտահայտում նախարարի անտարբերության կապակցությամբ:

Երեկ, մեզ հետ զրույցում, հարցին՝ արդյոք իրար հետեւից միության կողմից արվող հայտարարությունները քաղաքական ենթատեքստ չունե՞ն, միության ատենապետ Սահակ Մանուկյանը բացասական պատասխան տվեց եւ ասաց, որ իրենց նպատակը զուտ անարդարությունների դեմ պայքարելն է:

Ատենապետն ասաց, որ իրենք սպասում են նախարարի գործնական քայլերին եւ պատրաստ են անկախ սոցիոլոգների հետ մտնել բուհեր եւ նորից անանուն հարցումներ անցկացնել՝ բոլորին ապացուցելու իրենց արած գործի լրջությունը. «արդյունքներում տարբերությունը առավելագույնը + – 2 տոկոս կարող է լինել, ոչ ավելին»,- համոզված է Ս. Մանուկյանը:

Միության ատենապետը, մեր ակնարկին, թե ներկայացված կես էջանոց վերլուծությունը լրջություն չէր ներշնչում, ասաց, որ անհրաժեշտության եւ նախարարի արձագանքի դեպքում կուղարկեն նաեւ որոշ աղյուսակներ ու հավելյալ տեղեկություններ՝ արված գործի վերաբերյալ:

Իսկ մեզ երեկ հաջողվեց ստանալ ԿԳ նախարարի արձագանքը հարցի առնչությամբ: Նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, առաջիկայում պայմանավորվածություն ձեռք կբերվի նախարարի եւ միության ղեկավարների հանդիպման վերաբերյալ: «Նախարարն ակնկալում է միության կողմից արված վերլուծությունների ամբողջական փաթեթը եւ պատրաստ է համագործակցել ցանկացած կազմակերպության, ուսանողական միության հետ, որովհետեւ բարձրացված խնդիրն իսկապես կա եւ մտահոգիչ է»,- ասաց Լ. Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել