Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն» Բաքվի պայմաններո՞վ

Հոկտեմբեր 07,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի օրակարգը. «խաղաղության» լեզուն՝ որպես հետպատերազմյան արդյունքների ամրագրման գործիք

 Ի՞նչ է փոխվել Ադրբեջանի դիրքորոշման մեջ

Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վերջին շաբաթների ամենաուշագրավ առանձնահատկությունն առաջին հայացքից հակասական իրավիճակն է։ Մի կողմից՝ Բաքուն հայտարարում է, թե երկու երկրների միջեւ արդեն իսկ հաստատվել է «դե ֆակտո խաղաղություն», խոսում է առեւտրի, տարանցիկ հաղորդակցության, տնտեսական կապերի եւ տարածաշրջանային նոր ճարտարապետության մասին։ Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի պաշտոնական խոսույթում կտրուկ ավելացել են Հայաստանի հասցեին մեղադրանքները, «ռեւանշիզմի» թեմայով, ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունների նկատմամբ մեղադրանքները, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցների հասցեին քննադատությունը։

Ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը։

Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանի համար «խաղաղության» հարցն աստիճանաբար տեղափոխվել է պատերազմի ավարտի եւ ռազմական գործողությունների բացակայության տրամաբանությունից դեպի հետպատերազմյան քաղաքական միջավայրի վերջնական ձեւակերպման տրամաբանություն։ Այս փուլում Բաքուն փորձում է արձանագրել, թե քանի որ պատերազմն ավարտված է, ուրեմն, իր պայմաններով էլ պետք է սահմանվի, թե ինչպիսին պետք է լինի այդ հետպատերազմյան իրավիճակում տարածաշրջանային իրադրությունը։

Խաղաղության մասին խոսույթը, պահանջների ու նախապայմանների ձեւավորումը

Սեպտեմբերի 17-ին Ալիեւը, խոսելով միջազգային իրավունքի եւ միջազգային մեխանիզմների մասին, հայտարարեց, որ եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, Ադրբեջանը ստիպված չէր լինի «ուժով ետ նվաճել» իր տարածքները։ Նրա ձեւակերպմամբ՝ միջազգային մեխանիզմների անարդյունավետության հետեւանքով Ադրբեջանը ստիպված է եղել իր իրավունքները վերականգնել մարտի դաշտում։

Այս հայտարարությունը կարեւոր է ոչ միայն անցյալի վերաբերյալ Բաքվի գնահատականի տեսանկյունից։ Այն նաեւ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը կառուցում ներկայիս քաղաքական դիրքորոշման համար «հիմնավորումներ»։ Պատերազմի արդյունքը ներկայացվում է որպես այնպիսի իրողություն, որը, ըստ Բաքվի, ձեւավորվել է միջազգային համակարգի ձախողման պայմաններում։ Այս տրամաբանության շարունակությունն է այն պնդումը, որ Ադրբեջանն այլեւս չի ցանկանում կախված լինել արտաքին միջնորդներից կամ «այլոց աջակցությունից»։

Սեպտեմբերի վերջին այդ մոտեցմանը զուգահեռ ի հայտ եկավ մեկ այլ՝ ավելի «դրական» երանգներով ձեւակերպում։ Սեպտեմբերի 23-ին Ալիեւը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված խաղաղությունն անվանեց համաշխարհային մասշտաբով աննախադեպ իրադարձություն եւ պնդեց, թե հենց Բաքուն է եղել խաղաղության օրակարգի նախաձեռնողն ու հեղինակը։ Հաջորդ օրը Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը եւս արձանագրեցին խաղաղության կարեւորությունը եւ քննարկեցին տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ որպես խաղաղության գործնական արդյունք։

Սեպտեմբերի 26-ին Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արդեն խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «դե ֆակտո խաղաղության» հաստատման մասին։ Նա մատնանշեց տարանցիկ սահմանափակումների վերացումը, երկկողմ առեւտրի զարգացումը եւ Հայաստանի նավթամթերքի մատակարարումները։ Միեւնույն ժամանակ, սակայն, նույն ելույթում նա նշեց, որ խաղաղության գործընթացն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է վերացնել դեռեւս առկա «խոչընդոտները»։ TRIPP-ը ներկայացվեց որպես տարածաշրջանային հաղորդակցության եւ Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով կապի ապահովման գործիք։

Այսպիսով, Բաքվի ուղերձը երկշերտ է։ Առաջին շերտում ասվում է՝ պատերազմն ավարտված է, խաղաղություն է, զարգանում են տնտեսական կապերը։ Սակայն դրան զուգահեռ արձանագրվում է, որ այդ խաղաղությունը դեռեւս ամբողջական եւ վերջնական չէ, քանի դեռ Հայաստանը չի կատարել այն քայլերը, որոնք պահաջում են Ադրբեջանի իշխանությունները։

Ինչու է Բաքուն կոշտացրել դիրքորոշումը

Հոկտեմբերի 2-ին նախ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ խաղաղությունը պետք է ոչ միայն ամրագրվի թղթի վրա, այլեւ իրականացվի գործնականում։ Միաժամանակ նա հստակեցրեց, թե որն է Բաքվի պատկերացմամբ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը սպասող հիմնական քայլը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ պարունակող դրույթը» վերացնելու մասին։ Հաջիեւի ձեւակերպմամբ՝ դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն։

Այստեղ էական է ոչ միայն պահանջի բովանդակությունը, այլեւ դրա սահմանումը։ Բաքուն Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես Հայաստանի ներքին հարց, միաժամանակ այն կապելով խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ։ Այսինքն, հարցը, որը ձեւականորեն ներկայացվում է որպես Երեւանի ներքին քաղաքական գործընթաց, փաստացի դառնում է երկկողմ հարաբերությունների վերջնական կարգավորման պայմաններից մեկը։

Հաջիեւի մեկ այլ հայտարարություն եւս ուշագրավ է։ Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության եւ վարչապետի, այլեւ «հայ ժողովրդի հետ»։ Միեւնույն ժամանակ նա խոսել է Հայաստանում «ռեւանշիստական» տրամադրությունների եւ երիտասարդության շրջանում նման զգացումների պահպանման մասին՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին հասարակությանը «պատրաստել խաղաղության»։

Այսպիսով, Բաքվի պահանջների հասցեատերը աստիճանաբար ընդլայնվում է։ Եթե նախկինում հիմնական բանակցային առարկան երկու կառավարությունների միջեւ հարաբերությունների կարգավորումն էր, ապա այժմ Ադրբեջանի խոսույթում հայտնվել է նաեւ Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական միջավայրի գնահատման բաղադրիչը։ Բաքուն փորձում է ոչ միայն ստանալ փաստաթուղթ, այլեւ ազդել այն միջավայրի վրա, որում այդ փաստաթուղթը պետք է գոյություն ունենա։

Հոկտեմբերի 2-ին Ալիեւը «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական հզորության ամրապնդումն այսօր երկրի հիմնական խնդիրներից մեկն է։ Նա նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի այնպես, որ ոչ ոք չմիջամտի երկրի գործերին, եւ հայտարարեց, որ Բաքվին որեւէ մեկի օգնությունն ու հովանավորությունը պետք չէ։

Իր հերթին, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Հիքմեթ Հաջիեւը Շվեյցարիայի պետական քարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ Բեռնում կայացած հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի հետ կայուն խաղաղության եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ համարվող քայլերը: Ամիրբեկովը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի եւ Հայաստանի գործող Սահմանադրության միջեւ «գոյություն ունեցող իրավական անհամապատասխանության վերացումն անհրաժեշտ եւ անխուսափելի է խաղաղ գործընթացի անդառնալիության եւ ներկայումս ձեւավորված դե ֆակտո խաղաղության կայունության տեսանկյունից»:

Այս հայտարարությունների համադրությունը վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղությունը չի դիտարկում որպես սեփական ռազմական եւ քաղաքական լծակներից հրաժարվելու հիմք։ Ընդհակառակը՝ խաղաղության գործընթացը զուգորդվում է ռազմական կարողությունների պահպանման եւ արտաքին ինքնաբավության շեշտադրմամբ։

Դրան ավելանում են Ադրբեջանի տնտեսական ու աշխարհաքաղաքական կշռի մասին Ալիեւի պատկերացումները։ Նա շեշտել է երկրի էներգետիկ նշանակությունը, տնտեսական անկախությունը եւ միջազգային հարաբերություններում իր ազդեցության աճը։ Այսպիսի ընկալման պայմաններում Բաքուն իրեն ավելի քիչ է տեսնում որպես հակամարտության կարգավորման մեջ արտաքին աջակցության կարիք ունեցող կողմ։ Ընդհակառակը, Բաքվում համարում են, որ որպես պետություն իրենք կարող են սեփական պայմաններով սահմանել տարածաշրջանային օրակարգ՝ իրենց իսկ թելադրած խաղի կանոններով։

Հայաստանի եւ միջազգային հանրության հասցեին մեղադրանքների փուլը

Բաքվի կոշտացած դիրքորոշման մյուս կարեւոր բաղադրիչը մեղադրանքների վերակազմակերպումն է։ Հոկտեմբերի 2-ին Ալիեւը հայտարարեց, որ ամբողջ պատասխանատվությունը չի կարելի վերագրել Հայաստանի նախկին ղեկավարներին։ Միաժամանակ նա նախկին ղեկավարներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Հայաստանի գործող իշխանություններին մեղադրեց նախկինում Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ ադրբեջանցիների արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ անելու մեջ։ Նրա ձեւակերպմամբ՝ այդ ամենը «երբեք չպետք է մոռանալ»։

Այս հայտարարությունը ուշագրավ է այն պատճառով, որ այն արվում է ոչ թե պատերազմի թեժ փուլում, այլ խաղաղության գործընթացի մասին ինտենսիվ հայտարարությունների ֆոնին։ Հետեւաբար, անցյալին «վերադարձն» այստեղ պարզապես պատմական հիշողության հարց չէ։ Այն Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ, հայատյաց քաղաքականության հիմնավորման գործիքներից մեկն է։

Բաքուն միաժամանակ շարունակում է միջազգային հանրության նկատմամբ քննադատական գիծը։ Ալիեւի՝ սեպտեմբերի 17-ի հայտարարությունը, համաձայն որի՝ ՄԱԿ-ի համակարգը նորմալ աշխատելու դեպքում «Ադրբեջանը ստիպված չէր լինի ուժով վերականգնել իր տարածքները», միջազգային կառույցների նկատմամբ դժգոհության հետեւողական քաղաքական գիծն է։

Բաքուն միաժամանակ երկու նպատակ է հետապնդում։ Մի կողմից՝ ռազմական գործողությունների արդյունքը ներկայացնել որպես միջազգային իրավունքի ձախողման հետեւանք եւ սեփական «իրավունքների վերականգնում»։ Մյուս կողմից՝ միջազգային միջնորդության անհրաժեշտությունը նվազեցնելու քաղաքական հիմնավորում ստեղծել։

Միեւնույն ժամանակ հայկական կողմի հրապարակային օրակարգը վերջին շրջանում ընդգծում է այլ խնդիրներ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանը խոսեց անհետ կորածների ճակատագրի, Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի եւ ականազերծման համագործակցության մասին։ Նա նաեւ անդրադարձավ պատմության ու մշակութային ժառանգության շուրջ փոխադարձ հայտարարություններին՝ ընդգծելով, որ արդեն արձանագրված արդյունքները պետք է ավելի արժեքավոր լինեն, քան հակամարտային խոսույթների շարունակությունը։

Այսինքն, պաշտոնական Երեւանի շեշտադրումն էլ տեղափոխվում է դեպի խաղաղության ինստիտուցիոնալացման եւ չլուծված հումանիտար խնդիրների ուղղություն, մինչդեռ Բաքուն շարունակում է խաղաղության վերջնականացման պայմանները կապել Հայաստանի իրավաքաղաքական եւ հասարակական մթնոլորտի փոփոխության հետ։

Նույն համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային ժառանգության թեման։ Բաքուն ակտիվորեն առաջ է մղում Արցախի հայկական եկեղեցիների՝ «աղվանական» ծագման մասին թեզը։ Հաջիեւը, մասնավորապես, նման դիրքորոշում էր արտահայտել Գանձասարի եւ Դադիվանքի վերաբերյալ։ Սա այն պարագայում, երբ հայկական եւ միջազգային մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող շրջանակներն ու միջազգային հեղինակավոր կառույցները պարբերաբար ահազանգել են հայկական հուշարձանների ոչնչացման մասին։

Այսպիսով, խաղաղության շուրջ բանակցություններին, «խաղաղության հաստատման» մասին հավաստիացումներին զուգահեռ ընթանում է նաեւ անցյալի, պատմության եւ մշակութային ժառանգության շուրջ քաղաքական խոսույթի ձեւավորում։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ ցույց է տալիս, որ Բաքվի համար հետպատերազմյան կարգավորումը միայն սահմանների կամ խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիր չէ։ Այն նաեւ պատմական եւ քաղաքական դիրքորոշումների շուրջ երկարաժամկետ դիրքավորման գործընթաց է։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել