Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հարեւանների փորձը

Հունվար 29,2007 00:00

Ֆուտբոլը զարգացնում է ոչ թե ֆեդերացիան, այլ ամբողջ պետությունը

Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրված մարզաձեւն է: Սակայն մեր տարբեր տարիքային խմբերի ազգային հավաքականների, առաջատար ակումբների մրցելույթները միջազգային մրցաշարերում մարզասերներին, մեղմ ասած, չեն բավարարում:

Շատերը դրա գլխավոր մեղավոր համարում են ֆուտբոլի ֆեդերացիային: Անշուշտ, այդ կազմակերպության գործունեության մեջ թերություններ կան, բայց ամեն բան բարդել միայն ֆեդերացիայի վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Ֆուտբոլը զարգանում է երկրի մասշտաբով: Ու դրան պետք է մասնակցեն կառավարման մարմինների բոլոր բջիջները՝ ապահովելով մարզաձեւի զարգացման բոլոր փուլերը: Այն սկսվում է 8-10 տարեկան երեխաներով մարզադպրոցներում: Եթե ունենանք անհրաժեշտ քանակությամբ մարզադպրոցներ, խաղադաշտեր, մարզչական կադրեր ու ենթակառուցվածք, այդ ժամանակ ֆեդերացիայի նյութական եւ մեթոդական աջակցությունը ցանկալի արդյունք կտա:

Ասվածի մեջ համոզվելու համար տեսնենք, թե վերջին տարիներին ի՞նչ է կատարվում հարեւան Ադրբեջանում: Գաղտնիք չէ, որ այնտեղ սրանից մի քանի տարի առաջ ֆուտբոլն անհամեմատ ցածր մակարդակի վրա էր թե կազմակերպչական, թե ակումբային, թե ենթակառուցվածքային առումներով, որոնք հստակ երեւում էին նաեւ նրանց ազգային հավաքականի խաղամակարդակում: Իսկ ի՞նչ կատարվեց, որ նրանց մոտ կարճ ժամանակահատվածում ֆուտբոլը կտրուկ վերելք ապրեց: Երբ Իլհամ Ալիեւը ընտրվեց երկրի նախագահ, նա, լինելով սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի մեծ սիրահար, սպորտը բաժանեց ոլորտների ու դրանց պատասխանատվությունը դրեց երկրի ազդեցիկ մարդկանց վրա: Բայց միայն դրանով չբավարարվեց, քանի որ ամենաազդեցիկ ու ամենամեծ հնարավորությունների տեր մարդը չի կարող միայնակ սպորտ, այդ թվում՝ ֆուտբոլ զարգացնել։ Տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին հանձնարարվեց կարճ ժամկետներում ստեղծել ֆուտբոլային թիմեր, ակումբներ եւ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Արդյունքում՝ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի բոլոր համայնքները, սկսած գյուղերից, վերջացրած քաղաքներով ու մարզերով, ունեցան իրենց թիմերը, դաշտերը, հանդերձանքը եւ գույքը: Մարզերը պարտավոր են հոգալ իրենց թիմերի բոլոր խնդիրները, ունենալ երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմ:

Նույն հանձնարարականով երեք տարվա ընթացքում տարբեր մարզերում կառուցվել է ութ մարզադաշտ՝ նվազագույնը 10-15 հազար մարդու տարողունակությամբ: Ստադիոնաշինարարությունը հիմա էլ շարունակվում է մյուս մարզերում: Սա հանգեցրեց այն բանին, որ մարզաձեւի հանդեպ հետաքրքրությունն աճեց նաեւ ֆուտբոլասերների շրջանում ու պատկերացրեք, որ նրանց բարձրագույն խմբի առաջնությունում հաճախելիությունը միջին հաշվով 10-15 հազար է: Բացի այդ, Ադրբեջանում մի քանի անգամ աճել է երկրի սիրողական առաջնությունների մասնակից թիմերի քանակը: Անգամ արդեն ներմարզային առաջնություններ են անցկացվում: Արդյունքում՝ երկու-երեք տարվա ընթացքում մանկապատանեկան հավաքականներն սկսեցին կադրեր ստանալ:

Նույնը, բայց ավելի խոշոր թափով, կատարվեց Թուրքիայում ու մի քանի տարվա ընթացքում նրանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։ Բայց դա հո ֆեդերացիա՞ն չէր անողը։ Պետությունն էր:

Ճիշտ է, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական հնարավորություններն անհամեմատելի են, բայց դա այնքան էլ էական չէ: Մենք չենք օգտագործում մեր ունեցած համեստ հնարավորություններն անգամ: Դրա համար էլ չունենք մարզային ֆուտբոլ: Երեւանում ստանդարտներին համապատասխանող ընդամենը երեք մարզադպրոց կա, որոնք աշխատում են գերծանրաբեռնված: Այսինքն՝ Երեւանի թողունակությունը շատ փոքր է: Կարելի է, չէ՞, որ Հայաստանում էլ տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվի զբաղվել ֆուտբոլային բջիջներ ստեղծելով ու պահպանելով, եւ ամեն տարի որոշակի առաջընթաց ապահովել: Որքա՞ն տաղանդավոր երեխաներ կան գյուղերում, ովքեր կարող էին աճել, դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ: Նրանց հետ տեղերում զբաղվող է պետք: Այդ դեպքում մենք էլ ցանկալի արդյունքներ կունենանք: Մարզերում ֆուտբոլի մասնագիտացված դպրոցներում երեխաները մինչեւ հիմա հողի վրա են խաղում, չունեն տարրական հանդերձանք ու գույք։ Ֆուտբոլի ֆեդերացիան, որքան էլ ցանկանա, չի կարող գնալ, ասենք, Կապանում ֆուտբոլի դպրոց պահել, դաշտ կառուցել կամ եղածին տիրություն անել: Դա տեղական ինքնակառավարման մարմնի գործն է: Առանց պետության ակտիվ մասնակցության՝ մեզանում ոչ մի մարզաձեւ, այդ թվում նաեւ ֆուտբոլ, չի զարգանա ու դեռ երկար ժամանակ կսպասենք հայկական ֆուտբոլի իսկական վերածննդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել