Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Փետրվար 09,2007 00:00

\"\"Այս անգամ «խաչատրյանականներն» ու «բաբուխանյանականները» ընդհարվեցին

Երեկ առավոտյան ժամը 12-ից Սահմանադրական իրավունք միության գրասենյակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Գրասենյակի ներսում փակվել էին Հայկ Բաբուխանյանի թիմակիցները, իսկ գրասենյակի միջանցքում հավաքվել էին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ու իր կողմնակիցները՝ լրագրողների ներկայությամբ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր մի շարք ՍԻՄ-ականների հայցը, ըստ որի, չեղյալ էին համարվել ՍԻՄ-ի ղեկավար մարմինների ընտրությունները եւ 2006 թ. սեպտեմբերին տեղի ունեցած կուսակցության 17-րդ համագումարի որոշումները: Մեկնաբանելով այդ որոշումը որպես ՍԻՄ նախագահի պաշտոնի «վերաստանձնում», Հրանտ Խաչատրյանն իր թիմակիցների հետ փորձում էր ներս մտնել ՍԻՄ գրասենյակ՝ իր ձեռքին ունենալով դա անելու համար, իր կարծիքով, անհրաժեշտ փաստաթղթեր, սակայն դռները կրկին պրն Խաչատրյանի առջեւ փակ էին, բացվելու դեպքում էլ՝ ընդամենը երեւում էին Հ. Բաբուխանյանի թիմակիցները եւ ՍԻՄ գրասենյակի անվտանգությունն ապահովող աշխատակիցը՝ սափրագլուխ մի երիտասարդ:

Հ. Խաչատրյանի հետ եկած ԴԱՀԿ-ի 3 աշխատակիցներին թույլ տվեցին ներս մտնել ու կատարել իրենց աշխատանքը: Սակայն վերջիններս 1 ժամ ՍԻՄ գրասենյակում մնալուց հետո, առանց բացատրություն տալու, լքեցին գրասենյակը՝ իրենց աշխատանքը կատարած համարելով։ «ԴԱՀԿ ներկայացուցիչներն ասում են՝ մենք մեր գործողություններն ավարտեցինք: Արդյունքի մասին ինձ ոչինչ չասացին: Հայցվորներին (Վերաքննիչ դատարանում «հաղթած» պրն Խաչատրյանի կողմնակիցներին.- Գ. Մ.) պետք է ասեն: Հայցվորներն իրավունք ունեն մասնակից լինելու, առաջարկություններ ներկայացնելու եւ առարկություններ անելու գործընթացի վերաբերյալ: Սակայն հայցվորներից ոչ մեկը մասնակից չեղավ, առավել եւս որեւէ բան չիմացանք»,- լրագրողներին ասաց Հրանտ Խաչատրյանը:

Հենց այդ ժամանակ նրա թիմակիցների նյարդերը տեղի տվեցին եւ սկսվեց քաշքշուկ. վերջիններս ամեն կերպ փորձում էին ներս մտնել գրասենյակ, բայց ապարդյուն: Իր մուտքը գրասենյակ արգելող անվտանգության ծառայողից Հ. Խաչատրյանը պահանջեց, որ իրեն ներս թողնեն ո՛չ թե որպես ՍԻՄ նախագահ, այլ որպես ԱԺ պատգամավոր: «Երիտասա՛րդ, ձեզ հետ խոսում է ԱԺ պատգամավոր Խաչատրյանը, պատգամավորի առջեւ փակ դռներ չկան Հայաստանում: Դուք խոչընդոտում եք իմ լիազորությունները»: Սակայն պրն Խաչատրյանի այս հորդորին, անվտանգության ծառայողը ընդամենը պատասխանում էր՝ «Հարգո՛ւմ եմ, բայց մեզ ժամանակ է տրված, երբ թույլ կտան, կբացենք դռները»: Պրն Խաչատրյանը ապտակեց անվտանգության ծառայողին եւ երկու թիմերի միջեւ քաշքշուկը նոր թափ առավ՝ փոխադարձ հայհոյանքներով: Շուրջ 10 ոստիկանության աշխատակիցներ միջամտեցին, որպեսզի զսպեն երկու կողմերի միջեւ հնարավոր ծեծկռտուքը:

Հ. Խաչատրյանի թիմակիցները ահազանգեցին լրագրողներին՝ գրասենյակի պատուհաններից Հ. Բաբուխանյանի կողմնակիցները «փաստաթղթեր են փախցնում»: Բախումների թեժ պահին ՍԻՄ գրասենյակ ժամանեց ՀՀ ոստիկանության եւ անվտանգության նախարարության գնդապետներից մեկը, որը հրաժարվեց ներկայանալ: Վերջինիցս Հ. Խաչատրյանը պահանջեց. «Լիազորություններ չունեցող երիտասարդներ խոչընդոտում են պատգամավորի եւ կուսակցության ղեկավարի մուտքն իր գրասենյակ: Այդ խնդիրը, եթե կարող եք, լուծեք»: Գնդապետը ներս մտավ գրասենյակ եւ պայմանավորվածության ձեռքբերման արդյունքում հնարավոր դարձավ Հ. Խաչատրյանի՝ գրասենյակ ներս մտնելը, որպեսզի գնդապետին ցույց տա գրասենյակում գտնվող Կադաստրի պետական կոմիտեի վկայականը, ըստ որի՝ ՍԻՄ գրասենյակը պատկանում է ոչ թե ինչ-որ անհատների, այլ կուսակցությանը: Սակայն լրագրողներին թույլ չտվեցին Հ. Խաչատրյանի հետ ներս մտնել գրասենյակ, ուստի հնարավոր չեղավ տեսնել, թե ինչպես է Հ. Խաչատրյանը ապտակում Հ. Բաբուխանյանին: Հ. Բաբուխանյանի հետ ընդհարումից հետո Հ. Խաչատրյանը, դուրս գալով գրասենյակից, ասաց. «Հ. Բաբուխանյանը ՍԻՄ գրասենյակը ներկայացրել է որպես անձնական սեփականություն, գնդապետին խոստացել է մեկ ժամից բերել կադաստրի վկայականը: Կադաստրի օրինական վկայականը իմ երկաթյա պահարանում է: Պարոն գնդապետը չկարողացավ ինձ օգնել, որպեսզի հասնեմ պահարանին։ Ես վստահ չեմ, որ այդ պահարանը այժմ ջարդված չէ եւ ինչ-որ փաստաթղթեր վերացված չեն: Սեփականության փոփոխություն հնարավոր էր միայն անօրինական օգտագործելով կնիքը»,- նշեց պրն Խաչատրյանը։ Չկարողանալով իր իրավունքները հաստատել ՍԻՄ-ում՝ նա հեռացավ գրասենյակից:

Միջադեպից անմիջապես հետո ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում Հ. Բաբուխանյանը հայտարարեց, որ ՍԻՄ-ի եւ «Իրավունք» թերթի վրա կատարվել է հանցավոր խմբի հարձակում, որը, ըստ նրա, կազմակերպել է իշխանության կամակատարը դարձած եւ նրա պատվերը կատարող Հ. Խաչատրյանը. «Նրան օգտագործում են մեր դեմ, քանի որ կա քաղաքական խնդիր՝ հանել ընդդիմադիր ՍԻՄ-ը նախընտրական փուլից եւ փակել «Իրավունք» թերթը»: Ինչ վերաբերում է իր, թե Հ. Խաչատրյանի ՍԻՄ նախագահ լինելու հարցին, Հ. Բաբուխանյանն ասաց. «Վերաքննիչ դատարանը չի քննարկել կուսակցության նախագահի ով լինելը, այդ հարցով չի կայացրել որեւէ որոշում: Ոչ մի դատավճռում գրանցված չէ, որ Հ. Խաչատրյանը վերականգնվել է որպես կուսակցության նախագահ: Սա մեր կուսակցությունն է, նա իրավունք չունի այստեղ գտնվելու»: Պարոն Բաբուխանյանը երեկ հրապարակեց իրենց կասկածներն այն մասին, որ Հովհաննես Գալաջյանի դեմ հարձակումը կազմակերպել են իշխանությունները՝ օգտագործելով Հ. Խաչատրյանի կողմնակիցներին: Հ. Բաբուխանյանը նաեւ հայտարարեց, որ 4 տարի առաջ Արտաշատ քաղաքում իր վրա հարձակման մասին նախապես տեղյակ է եղել Հ. Խաչատրյանի եղբայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728