Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀՂԻՆԵՐԻ ՀԵ՞Տ

Փետրվար 26,2007 00:00

\"\"Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման նոր ծրագրով տուբերկուլյոզով հիվանդները հաճախելու են այն պոլիկլինիկաները, որտեղ այցելում են հղի կանայք ու երեխաները:

Շիրակի մարզում շուտով կմեկնարկի բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը: Եթե մի քանի ամիս առաջ գյումրեցի բժիշկները հույս ունեին, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը մի բան կանի ու իրենց կփրկի այդ «չարիքից» (նա փափուկ բարձ էր դնում բժիշկների գլխի տակ՝ հավատացնելով, որ կոնկրետ Գյումրիում ծրագիրը դեռ չի մեկնարկելու), ապա օրերս պարզ դարձավ, որ մարզպետին արդեն իսկ պարտադրված է մինչեւ այս տարվա հունիս ավարտել բուժհիմնարկների վերակազմավորումն ու լուծարումը: Սա մեծ իրարանցում է առաջացրել մարզի բուժաշխատողների շրջանում: Բացի այն, որ շատ բժիշկներ ու բուժքույրեր այս ծրագրի պատճառով կարող են կորցնել իրենց աշխատանքը, մարզի մասնագետներին շփոթության մեջ են գցել փաստաթղթում տեղ գտած աբսուրդի մի քանի հասնող կետեր: Նրանց համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչի՞ց ելնելով են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն ու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլյոզային դիսպանսերը միավորում: Իսկ որ ավելի աբսուրդ է՝ Գյումրիի հակատուբերկուլյոզային դիսպանսերի դիսպանսերային ծառայությունը տեղափոխում են Գյումրիի պոլիկլինիկաներ: Առաջնային բուժօգնության օղակում պետք է ստեղծեն տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներ:

«Պատկերացնու՞մ եք՝ ինչ են անում: Տուբերկուլյոզը վարակի աղբյուր է եւ այդ հիվանդությամբ վարակվածներին թույլատրում են ելումուտ անել այն նույն պոլիկլինիկաներ, որտեղից օգտվում են հղի կանայք, երեխաները, առողջ մարդիկ: Եթե ինձ փորձեն համոզել, որ այդպես է ամբողջ աշխարհում, ես ընդամենը կհարցնեմ, մեր պոլիկլինիկաների շենքային պայմանները դա թո՞ւյլ են տալիս, ամբողջ աշխարհում այդ կաբինետներն առանձին մուտք ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում զայրացած ասաց Գյումրիի բժիշկներից մեկը, որը չհամաձայնեց հրապարակել իր անունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

Մարզի բժիշկներին հունից հանում է նաեւ Գյումրիի մաշկավեներական դիսպանսերի օպտիմալացման փաստը: Ըստ օպտիմալացման ծրագրի, այն նախատեսված է միավորել Գյումրիի երկու խոշոր, կարելի է ասել մրցակից բուժհաստատությունների՝ Շիրակի մարզային եւ «Սամարիթեր» հիվանդանոցների հետ, ինչի արդյունքում կստեղծվի Գյումրիի թերապեւտիկ հիվանդանոց ՓԲԸ: «Թե մաշկավեներականն էս երկուսի արանքում ի՞նչ գործ ունի, մնում է անհասկանալի: Չէ՞ որ այդ նույն ծրագրում հստակ գրված է՝ միավորել կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող ծառայությունները, էս ի՞նչ խայտառակություն է»,- բողոքեցին բժիշկները:

Օպտիմալացումից դժգոհ են նաեւ շատ գյումրեցիներ: Ըստ նրանց, օպտիմալացման ծրագիրը կազմվել է առանց քաղաքի բնակչության հոգեբանությունն ուսումնասիրելու: Մաշկավեներական դիսպանսերը գտնվում է քաղաքի աննկատ մի վայրում, ունի անանուն ու անվճար ծառայությունների սենյակ եւ, բնականաբար, շատ հարմար է գյումրեցի հիվանդների համար: Այս առավելությամբ է պայմանավորված դիսպանսերի մեծ թվով պացիենտներ ունենալը:

Մեր տեղեկություններով, այստեղ գալիս են բուժվելու անգամ մայրաքաղաքից: Սակայն օպտիմալացման դեպքում ճիշտ հակառակն է լինելու. գյումրեցիներն են վազելու մայրաքաղաք, քանի որ դիսպանսերը պատրաստվում են տեղափոխել Գյումրիի ամենաաղմկոտ վայրերից մեկը՝ «Սամարիթեր» հիվանդանոց: Չի բացառվում, որ նման պայմաններում արտասահմանյան դոնորները հրաժարվեն դիսպանսերը ֆինանսավորելուց. անվճար կաբինետներ ստեղծելիս դոնորի առաջին պայմանը գաղտնիությունն ապահովելն է: Մեր աղբյուրների հավաստմամբ, Մաշկավեներական դիսպանսերի ծրագիրը կազմվել է առանց հանրապետության գլխավոր մաշկավեներաբանի կարծիքը հարցնելու: Ոչ պակաս զավեշտալի է նաեւ այն, որ օպտիմալացման նոր ծրագրով նախատեսված է օտարել ազատվող տարածքները, այդ թվում վերոհիշյալ դիսպանսերի շենքը, որը, սակայն, արգելավայր է եւ պատկանում է «Կումայրի» արգելոցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել