Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի»

Մայիս 16,2007 00:00

Երեկ շնորհավորելով «մեծամասնություն նվաճած ուժին»՝ ասաց Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ հրապարակեց կուսակցության հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների մասին: Դրանում ասվում է. «Անհրաժեշտ է փաստել, որ չհաջողվեց լիարժեքորեն կանխել ընտրական գործընթացներում արմատավորված արատավոր երեւույթները, բացառել պարտադրանքի եւ ընտրակաշառքի միջոցով քվեներ ձեռք բերելու գործելաոճը։ Որոշ կուսակցություններ տեր չկանգնեցին հանձնաժողովների իրենց տեղերին։

Այդուհանդերձ, Դաշնակցությունը ԱԺ ընտրությունները համարում է կայացած եւ ճանաչում է նախնական արդյունքները։ Մենք շնորհավորում ենք նոր Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին։ Հաջողություն ենք մաղթում մեծամասնություն նվաճած քաղաքական ուժին՝ հորդորելով գործել մեր պետության ու ժողովրդի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին համարժեք պատասխանատվությամբ։ Հուսով ենք նաեւ, որ արտախորհրդարանական ուժերը գործուն մասնակցություն կունենան երկրի քաղաքական կյանքում։

Հ.3.Դաշնակցությունը շնորհակալություն է հայտնում կուսակցությանը ձայն տված շուրջ 180.000 քաղաքացիներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր քաղաքական գիտակցված ընտրություն են կատարել եւ իրենց գործուն մասնակցությամբ ձգտել են ապահովել նորմալ ընտրություններ»: Այդուհանդերձ, դաշնակցական ղեկավարները երեկ հարցերին պատասխանելով՝ նաեւ ասացին. «ԱԺ-ում ստեղծվել է փաստացի մեծամասնություն եւ այնպիսի մեծամասնություն, որը, շատ հնարավոր է՝ կարողանա միանձնյա ձեւավորել կառավարություն: Իսկ միանձնյա կառավարություն ձեւավորել՝ նշանակում է ստանձնել մոնոպոլ պատասխանատվություն այդ իշխանության համար: Իհարկե, մենք պաշտպանել ենք գործող նախագահին, եւ գործող նախագահը շարունակում է պաշտոնավարել, եւ համագործակցության բոլոր այն ձեւերն ու հնարավորությունները, որոնք ճշտված են նախագահի հետ, մենք շարունակելու ենք այսուհետեւ եւս: Հանրապետական կուսակցության հետ մենք երկար ճանապարհ ենք անցել եւ չենք բացառում, որ ամեն պարագայում այդ համագործակցությունը նույնպես ձեւավորվի որոշակի սահմաններում: Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու խնդիրներին, մեզ այդպիսի առաջարկություն չի եղել, եւ չենք էլ կարծում, որ ԱԺ-ի այս պատկերը այդպիսի առաջարկության տեղ թողնում է»:- Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի. «Մենք դեմ ենք կառավարությունում ձեւական պաշտոնների»: Հիշեցնենք, որ սա էր նաեւ մինչ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ հայտնի որոշման մեխը: Դաշնակցությունը չի ընդունում նաեւ, այսպես կոչված, ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կոալիցիոն կառավարությունը մեկ քայլ առաջ է. «Կոալիցիան ձեւավորվեց, որովհետեւ ոչ մի ուժ մեծամասնություն չուներ, բայց կոալիցիան մի քայլ վեր էր, քան այդ ազգային համաձայնության կառավարությունը, եւ չեմ կարծում, որ ետքայլը պրոգրեսիվ նշանակություն կունենա»:

Լրագրողները հիշեցրին, որ քարոզարշավի ժամանակ Դաշնակցությունը հայտարարում էր, որ կպատժի կեղծիքներ կատարողներին, հիմա, ունենալով բազմաթիվ փաստեր, ինչո՞ւ չի պատժում: Այս հարցին ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց. «Նախ մի մասը պատժվեցին հենց տեղում, երկրորդը, իհարկե, ամենից շատ արդեն պատժվեցին եւ պատժված են այն քաղաքական կուսակցությունները, որոնք փրփուրը բերանին խոսում էին արդարության մասին, սակայն իրենց տեղերը հանձնաժողովներում կամ ծախեցին, կամ չկարողացան իրենց կուսակցությունների ներկայացուցիչներին հսկողության տակ պահել: Ուշադրություն դարձրեք. ով տեղերը ծախեց՝ խորհրդարան չանցավ: Եվ իրենց ճակատագրի պատասխանատուն իրենք են, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր քվեարկեցին ընտրակաշառքի ազդեցության տակ»: Վահան Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ խորհրդարանից դուրս մնացին բոլոր ռուսական ուղղվածության ընդդիմադիր ուժերը եւ խորհրդարան եկավ ավելի արեւմտյան ուղղվածության ընդդիմություն. «Սա չի կարող պատահականություն լինել, սա նաեւ հասարակության տրամադրությունների մեջ որոշակի փոփոխությունների ազդանշան է»:

Հ. Գ. «Ինչքա՞ն փող եք ծախսել» հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ասենք՝ 20 անգամ պակաս»: Չմանրամասնեց, թե ումից պակաս, բայց նույնիսկ «ոզնուն» էր պարզ, որ նկատի ուներ ՀՀԿ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել