Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՊԵՏՔ Է ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՀՌՉԱԿԵԼ»

Մայիս 16,2007 00:00

\"\"«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ չէ ընտրությունների արդյունքներից, բայց չի պատրաստվում բոյկոտել նոր խորհրդարանի աշխատանքները:

Երեկ «Ֆորում պրես» ակումբը հյուրընկալել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Թեման՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Ժառանգության» գնահատականն էր: Ր. Հովհաննիսյանը իր երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին ու հատկապես այն 250000 մարդկանց, ովքեր մայիսի 12-ին քվեարկել են «Ժառանգության» օգտին: «Սխալ հաշվարկների պատճառով մեզ տրված քվեների 250000-ից միայն 80000-ը վավեր ճանաչվեց ու, ինչպես եվրոպացի դիտորդներն են ասում՝ միգուցե առաջընթա՞ց էր, որ 250000 քվեները չվերածվեցին 25000-ի: Մյուս կողմից էլ, եվրոպացի դիտորդներից ոչ մեկն էլ երբեք սեփական երկրում նման ընտրական գործընթացով ու իրավախախտումներով ընտրությունների կայացում թույլ չէր տա»,- ասաց կուսակցության նախագահը:

Համաձայն չլինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներին, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» չի պատրաստվում բոյկոտել նոր խորհրդարանի աշխատանքները. «Մեր գործընկերներից ոմանք Սահմանադրական դատարանում վիճարկելու են նախընտրական գործընթացի օրինականությունն ու վավերականությունը: Մենք էլ մեր տրամադրության տակ եղած փաստերով միանալու ենք այդ գործընթացի իրականացմանը»: Պրն Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, իրենք առաջիկայում աշխատելու են ե՛ւ ընդդիմադիր պայքարակիցների, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի հետ: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետագա ընտրությունների ընթացքում այլեւս չիշխի անազատությունը թե՛ լրատվամիջոցների, թե՛ քաղաքացիների ու թե՛ կուսակցությունների համար: Աշխատելու ենք, որպեսզի հեռուստաընկերությունները նախագահականից չհրահանգվեն չլուսաբանել վտանգավոր համարվող ախոյաններին»,- շեշտեց նա:

«Ժառանգության» առաջնորդը անընդունելի համարելով զինվորների հրահանգված ընտրություն կատարելու փաստը, ավելացրեց. «Ոչ մի կուսակցություն չպետք է գերակշիռ ներկայություն ունենա խորհրդարանում, անհրաժեշտ է, Հայաստանի շահերից ելնելով, կազմել ազգային համերաշխության կառավարություն: Հայաստանը ոչ թե կուսակցական, այլ ժողովրդական հանրապետություն է: Մինչեւ հաջորդ ընտրությունները կոչ եմ անում՝ քաղաքապետարանների, գյուղապետարանների ու հանրային իրավասության շենքերի վրայից իջեցնել բոլոր կուսակցական դրոշները, լոգոները, որովհետեւ մենք ունենք մեկ դրոշ՝ Եռագույնը, եւ մեկ զինանշան: Մեր երկրում պետք է ստեղծենք իրավունքի իշխանություն: Իսկ այն, որ գտնվում ենք նման իրականությունում՝ մեր երկրի հասարակական ու ընտրական գործընթացի ոչ մարդավայել արդյունքն է»: Ր. Հովհաննիսյանը խոստացավ, որ «Ժառանգությունը», ազգային շահերից ելնելով, հերթական օրենսդիր կամ գործադիր իշխանությանը թույլ չի տալ խոցելի լինել, նաեւ նշեց, որ ոչ նորմալ ընտրության արդյունքում ձեւավորված ԱԺ-ում էլ հնարավոր է նորմալ աշխատել. «Պարզապես անհրաժեշտ է ձերբազատվել փոքրիկ ու գավառական մտայնությունից եւ ապահովել այն դաշտը, որը հավասար է բոլոր թեկնածուների համար: Ամենակարեւորը՝ չպետք է ուրիշի հաշվին հաղթանակ հռչակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել