Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարյանը հանձնաժողովին դատի տվեց

Մայիս 19,2007 00:00

Բողոքարկված ընտրատեղամասերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել

Թիվ 33 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի բողոքով, արդեն 4 օր է՝ կատարվում է քվեաթերթիկների վերահաշվարկ: Երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մի կերպ ավարտեց այդ գործընթացը, ընդ որում՝ բողոքարկված 23 ընտրատեղամասերից հասցնելով ուսումնասիրել ընդամենը 5-ը: Արդյունքում պարզվեց, որ որոշ ընտրատեղամասերում քվեարկությունը կատարվել է բազմաթիվ կոպիտ խախտումներով, ինչի առիթով էլ Հովհաննես Մարգարյանը երեկ առավոտյան դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: «Ես հրապարակավ ասում եմ, որ դեռ այս պահի դրությամբ (ժամը 14.20-ին.- Ն. Ա.) հանձնաժողովում նախնական արդյունքների վերաբերյալ որոշում ես ձեռքիս տակ չունեմ, ունեմ արձանագրությունից քաղվածք, որտեղ ընդամենը նշված է, որ հաստատվել են թվով 79 ընտրատեղամասերի արդյունքները: Ինչպես ականատես եղանք, կան բազմաթիվ տեղամասեր, որտեղ ընտրացուցակները չեն կնքվել, չեն եղել պարկերում, դրանք ընտրության հաջորդ օրը եղել են հանձնաժողովի նախագահների մոտ: Կան ընտրատեղամասեր, որոնց արդյունքները բացած պարկերով են բերել: Հանձնաժողովն ինչպե՞ս կարող էր անտարբեր մնալ այս դեպքերի հանդեպ, երբ քվեարկության փաստաթուղթ է փոխվում, ելակետային տվյալներ են փոխվում: Ի՞նչ է կատարվում. քվեացուցակը պարկում չի, քվեացուցակի հետ մեկտեղ արձանագրությունը լրացված չի՝ ուղղակի տվյալ հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված է: Կան դեպքեր, երբ կնիքները չեն եղել համապատասխան փաստաթղթերի հետ մեկտեղ: Քվեացուցակների գաղտնիությունից ենք խոսում, բայց ո՞նց կարելի է, որ քվեարկության ավարտից հետո մի շարք տեղամասերում առաջին գործընթացը պետք է լիներ քվեացուցակներում քվեարկության թիվը հաշվել, ֆիքսել, փակել, զմռսել ծրարը եւ հետո նոր շարունակել արկղը բացել: Այսինքն՝ գրեթե բոլոր տեղամասերում արկղը բացվել է առանց այդ գործողությունների, ինչպե՞ս հասկանանք: Ինչպե՞ս է լինում, որ Ողջիում քվեարկության 35 %-ի մասնակիցները կարմիր գրիչով քվեարկել են ե՛ւ Հանրապետական կուսակցության, ե՛ւ նույն կուսակցության ներկայացուցչի օգտին: Քեթի գյուղում էլ նույն կուսակցության օգտին կանաչ գրիչով են քվեարկել: Թող այդ գույնով լիներ մեկ այլ կուսակցության օգտին: Ինչո՞ւ զինվորականների ցուցակների հետեւում չկան հանձնաժողովի անդամների ստորագրությունները: Եվ սա վրիպա՞կ է»,- զարմանում է սահմանադրական իրավունքի մասնագետ Հովհաննես Մարգարյանը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտչյանն էլ ամեն կերպ ջանում էր արդարացնել իրենց՝ մեղքը հիմնականում բարդելով հանձնաժողովների՝ «դաշտը չտիրապետող» անդամների վրա: Սակայն նկատենք, որ բավականին մեծ գումարներ են ծախսվել այդ նույն անդամներին կրթելու համար եւ կրթողներից մեկն էլ հենց ինքն էր՝ Սեյրան Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել