Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Այրումյանը՝ ռուսական «տուսովկայում»

Մայիս 28,2007 00:00

\"\"Հայ ջութակահարը հանդիպեց տեղի էլիտային

Մոսկվայի հեղինակավոր «Ֆորում հոլլում» ռուսաստանյան շոու-բիզնեսի «պարագլուխներից»՝ դիզայներ, բեմադրիչ եւ պրոդյուսեր Բորիս Կրասնովի ծննդյան 45-ամյակի առիթով վերջերս կազմակերպված հանդիսությանը հրավիրվածների թվում է եղել նաեւ հայաստանցի ջութակահար Արտյոմ Այրումյանը:

Հյուրընկալել էինք ջութակահարին, որը ներկայումս հանդես է գալիս երեւանյան «Օպերա» ակումբում: Հետաքրքրվեցինք, թե ինչպես երաժիշտը պատիվ ունեցավ ներկա գտնվել Կրասնովի ծննդյան երեկոյին եւ արդյոք կայի՞ն այլ հայ արվեստագետներ եւս: Ա. Այրումյանը հայտնեց, որ ինքը տարբեր առիթներով շփվել է ռուսաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ հենց նրանք էլ իր թեկնածությունն են առաջարկել. «Շուրջ 1000 հրավիրվածների թվում էին Ռուսաստանի եւ արտերկրի այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Իոսիֆ Կոբզոնը, Մաքսիմ Գալկինը, Եվգենի Պետրոսյանը՝ տիկնոջ հետ եւ այլք: Կային նաեւ ռուսաստանցի մեծահարուստներ: Զրուցեցի Տուրեցկու տղամարդկանց երգչախմբի արտիստների հետ, որոնց հետ նույն սեղանի շուրջ էի»: Հայ ջութակահարը հիացած էր այդ երեկո ներկայացված շոու-ծրագրով, սրահի դիզայնով, բեմի ձեւավորմամբ, լազերային էֆեկտներով, օդային ու ջրային համարներով:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրեն ելույթի համար հատկացված է եղել 20-25 րոպե. «Այդ ընթացքում ներկայացրի Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական մեղեդիներ եւ ուրախ եմ, որ կատարումներս ջերմ արձագանք գտան ներկաների կողմից»: Հարցին, թե Կրասնովը ինչպե՞ս է իր երախտագիտությունը հայտնել հայ ջութակահարին, Ա. Այրումյանն ասաց, որ գումարը բացառվում է, քանի որ դա ծննդյան տոն էր, ինքն էլ, փաստորեն, գնացել էր շնորհավորելու. «Բորիս Կրասնովն ինձ առաջարկեց իր հովանավորությամբ առաջին քայլերն անել Մոսկվայում: Հավանաբար տարօրինակ կհնչի, բայց ես հրաժարվեցի, քանի որ Հայաստանում ունեմ շատ գործեր, որոնց թվում՝ դեռ անավարտ է հերթական տեսահոլովակս եւ աշխատում եմ թողարկվող առաջին CD-իս վրա: Բայց չեմ բացառում հետագայում Կրասնովի հետ համագործակցությունս»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես պրոֆեսիոնալ ջութակահարը (Ա. Այրումյանն ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան, Վիկտոր Խաչատրյանի դասարանը) նախընտրեց շոուները՝ հեռանալով դասական արվեստից: Երաժիշտն ասաց, որ դեռ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ուսանելու տարիներին, լսելով ջութակահար Կարո Հայրապետյանի կատարմամբ ժողովրդական մեղեդիների մեկնաբանությունները, տարվել է դրանցով. «Դպրոցական, այնուհետեւ՝ կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ինձ հետաքրքրում էր տարբեր ազգերի ժողովրդական մեղեդիների հնչողությունը՝ հենց ջութակով: Կարծում եմ, հիմնավոր կրթությունս ինձ շատ է օգնում դրանց մատուցման գործում»: Թե ինչպես է երաժիշտը հոգում ձայնագրման, տեսահոլովակի, գործիքավորման, մի խոսքով՝ իր ստեղծագործական ճանապարհին հանդիպող ծախսերը, ջութակահարը հայտնեց, որ ինքը ստեղծագործական «հոգսերը» հոգում է առանց պրոդյուսերի, թեեւ «մեկ-մեկ հանդիպում են հոժարակամ աջակցողներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել