Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՆՏԵՍՎՈՒՄ ԵՆ

Հունիս 04,2007 00:00

\"\"Հարցազրույց Գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահ Աբգար Ափինյանի հետ

– Պարոն Ափինյան, մամուլում վերջերս հաճախ է խոսվում մշակութային ճգնաժամի մասին: Արվեստի շատ գործիչներ արտահայտել են իրենց դժգոհությունները: Որքանո՞վ են դրանք հիմնավորված:

– Ես այն կարծիքն ունեմ, որ լուրջ խոսակցությունը դեռ նոր սկսվում է: Մի զարմանալի աղմուկի շրջան անցանք, որտեղ խոսեցին բոլորը, բայց ոչ ոք լսելու ժամանակ չունեցավ: Հավանաբար մեզանում երկխոսությունը չի ստացվում: Տեսեք, դուք ասում եք, թե դժգոհություններ շատ եղան: Բայց մի անգամ հարցրե՞լ ենք՝ ումի՞ց, ինչի՞ց:

Այդ մշակութային ճգնաժամը հո երկնքից չիջա՞վ: Ինչ ճգնաժամի մասին է խոսքը, երբ մեր գրականության մեջ Ռազմիկ Դավոյան ու Ալիսիա Կիրակոսյան, երաժշտության մեջ Տիգրան Մանսուրյան ունենք: Ես այլ անուններ չեմ թվարկի, բայց հավատացնում եմ՝ մենք տաղանդավոր արվեստագետների պակաս չունենք:

Բայց մշակութային կյանքն այդպես էլ մեզանում չի կայանում՝ ինչո՞ւ:

Իմ պատասխանը հստակ է՝ մենք արտակարգ տաղանդ ունենք՝ արվեստի այս կամ այն ոլորտը վստահել ամենից ցածր կարողություն ունեցողին: Եթե Գրողների միություն՝ ապա նախագահը պիտի լինի ամենավատ գրողը, եթե մշակույթի նախարար՝ ապա… Ավելի լավ է՝ չշարունակեմ: Ասում են՝ ճիշտ է, վատ գրող է, բայց լավ կազմակերպիչ է: Այդպես ասողներին ես հարց ունեմ: Ի՞նչ է կազմակերպում այդ վատ գրողն ու լավ կազմակերպիչը: Պատասխանը պարզ է՝ լավ կազմակերպում է վատ գրականության պրոպագանդան: Այսինքն՝ վատ ղեկավարի դեպքում ծաղկում է միջակությունը, գրական խոտանը դառնում է մրցանակակիր, իսկ իսկական գրական արժեքները վարպետորեն անտեսվում կամ շրջանցվում են: Ասես չկան, ասես չեն էլ եղել: Իսկ զարմացած ընթերցողն էլ հարցնում է մեզ՝ մենք գրականություն ունե՞նք, որ…

– Դուք նկատի ունեք Լեւոն Անանյանի՞ն:

– Այո, հենց նրան էլ նկատի ունեմ: Ասում եմ առանց այդ մարդու հանդեպ չարության՝ ինքը չի էլ հասկանում, թե որքան վատ դեր է կատարում այսօր:

– Եթե ստեղծագործական միությունները անզոր են մշակութային խոտանը վերացնել, այդ դեպքում հարց է առաջանում. ո՞րն է նրանց դերը:

– Գիտեք, ստեղծագործական միությունների, այդ թվում Գրողների միության մասին վերջերս շատ է խոսվում: Շատերն այն կարծիքին են, թե դրանք հնացել են, ժամանակն է, որ վերանան: Ես այդ կարծիքին չեմ, մեր Գրողների միությունը լավ ավանդույթներ շատ ունի, բայց այսօրվա ճահճային վիճակը ուղղակի ամոթալի է: Գրողների միությունը հեղինակություն պիտի ունենա, որ այսօր չունի:

Իսկ ինչպե՞ս է ստեղծագործական միությունը հեղինակություն նվաճում: Ինձ համար շատ հարազատ Գրողների տունը այդ հեղինակությունը նվաճել է, ահա թե ինչու արցախյան շարժման տարիներին ժողովուրդը գալիս էր Գրողների տուն, ապավինում էր ասես միայն գրողներին: Այսօր այդ ամենը վաղուց չքացել է: Գրողների միության նախագահիկից միայն լսում ենք, որ պոլիկլինիկան այսպես, որ շենքը կարելի է ծախել այնպես, որ գիրք կարդացող չկա: Ես չեմ հասկանում, ինչու է այդ մարդը միշտ ուրիշին մեղադրում: Ինքը պատասխանատու չէ՞ այս վիճակի համար:

Մեր ստեղծագործական միության առաջնահերթ խնդիրը խոտանի ճամփան փակելն է, բայց արի ու տես՝ ՀԳՄ-ն իր վատ գրող նախագահիկով գրական մակուլատուրայի տարածմանը առավել չափով նպաստողն է:

– Գրողների միության գործունեության կարեւոր ոլորտն է հրատարակչական գործը: Բայց այսօր ընթերցողները կարծես թե իսկապես գիրք չեն կարդում:

– Ձեւակերպման հետ համաձայն չեմ: Ոչ թե գիրք չեն կարդում, այլ վախենում են Անանյանի տպած գրքերից, Անանյանի տպած «Գրական թերթից»: Օրինա՞կ եք ուզում՝ խնդրեմ. մի պատմվածքում հերոսը անամոթ ու ցինիկ նկարագրում է սեփական մոր սեռական օրգանները («ԳԹ», 31 մարտի 2006), մի այլ գրվածքում հերոսուհին կոչ է անում բոլոր հայ կանանց լրբություն անել («ԳԹ», 2 նոյեմբերի 2001), հիվանդ ու այլասերված մի մարդ հպարտանում է, որ մարդ է սպանել, իսկ մի ուրիշ կիսախելագար էլ պատահական կնոջ հետ սեռական հարաբերության մեջ է մտնում սեփական որդու շիրմաքարի վրա («ԳԹ», 26 սեպտեմբերի 2003):

– Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը ՀԳՄ գործունեությունն ու անելիքները լավ չի՞ պատկերացնում:

– Այո, չի պատկերացնում: Ասեմ նաեւ, որ արվեստը շատ նուրբ օրգանիզմ է եւ չի կարելի այն վստահել վայրենի ձեռքերին: Այս գաղջ մթնոլորտը վերջ չի ունենալու: Նա պիտի շարունակվի այնքան, քանի դեռ հրամանատարական կետում կանգնած է իր գործից գլուխ չհանող այս անձը: Բնավ պատահական չէր, որ հենց այս մթնոլորտում ստեղծվեց եւ տպագրվեց Ս. Սարինյանի տխրահռչակ «Ի հեճուկս» գիրքը, որ ծայրից ծայր հայհոյանք է հայ գրականության դեմ: Այդ գրքին ով ձեռք տա, հետո պիտի ձեռքերը լվանա անպատճառ: Որովհետեւ զազրելի է կարդալ, որ Պարույր Սեւակը ԿԳԲ-ի լրտես է եղել եւ այլն: Մեծ վրդովմունք կա գրական աշխարհում, բայց Գրողների միությունը… լռեց: Հավանաբար՝ սա ծրագիր է: Եվ որպեսզի նոր «Ի հեճուկս»-ներ չգրվեն ու չտպվեն, պետք է գրական միջակությունը հեռանա ասպարեզից:

Հիշեցնենք, որ պարոն Ափինյանը ժամանակին հավակնում էր դառնալ Գրողների միության նախագահ: Պատրաստակամ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել