Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հունիս 04,2007 00:00

\"\"Լիլի Էլբակյանը յուրովի բեմադրեց Լեւոնիդ Անդրեեւի «Մարդու կյանքը» պատմվածքը

Վերջերս կայացավ երիտասարդ ռեժիսոր Լիլի էլբակյանի «Մարդու կյանքը» ներկայացման պրեմիերան՝ Լեւոնիդ Անդրեեւի համանուն պատմվածքի մոտիվներով (նկարիչ՝ Նելլի Բադալյան, երգերի հեղինակ՝ Էլադա Սարգսյան): «Մարդու կյանքը» Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լ. Էլբակյանի առաջին բեմադրությունը չէ: Նա բեմադրել է Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց», Հ. Չիչակյանի «Ճամփորդության սիրահարները» պիեսները, տարբեր մանկական հեքիաթներ եւ այլն, որոնցից շատերը մտել են «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկ: Լիլին խաղացել է նաեւ մի շարք ներկայացումներում՝ «Ամպերի վրայով» մնջախաղային ներկայացման մեջ, «Դոն Կիխոտում»՝ Դուլսինեա, կրտսեր Էդգար Էլբակյանի «Ու պահը լռեց» պիեսում՝ Ժամացույց եւ այլն: «Վաղուց էի կարդացել Լեոնիդ Անդրեեւի «Մարդու կյանքը», բայց ավելի ուշ հասկացա, որ այդ պատմվածքի բեմականացումը հնարավորություն կտա մտնել մի աշխարհ, որը լիակատար քեզ է պատկանում: Ես շատ սիրեցի այս գործը, որովհետեւ իմ կյանքում եղել են դեպքեր, որոնք հիշեցնում են պիեսի իրադարձությունները:

Շատերը նույնիսկ այն կարծիքին էին, որ ես չեմ կարող, ինչպես հարկն է, «մարսել» նյութը, քանի որ երիտասարդ եմ»,- ասաց Լ. Էլբակյանը: Նա նաեւ պատմեց, որ պատմվածքը փոփոխությունների է ենթարկել, որովհետեւ Լ. Անդրեեւի գործը տալիս է այդ հնարավորությունը. «Չնայած, կարծում եմ՝ հեղինակը չէր հավանի իմ բեմադրությունը, որովհետեւ մի առիթով ասել է, որ ոչ ոք իրեն չի ուզում հասկանալ: Մյուս կողմից, եթե սխալված էլ լինեմ, դա այնքան էլ սարսափելի չէ՝ երիտասարդները իրավունք ունեն սխալվելու»:

Լ. Էլբակյանի բեմադրության մեջ սիմվոլներ կան: Բեմում երեւում են բազմաթիվ դիմակավոր մարդիկ, որոնք ներկայացնում են կյանքի այս կամ այն կողմը: Թեեւ դերասանները սկսնակներ են, այնուամենայնիվ, ներկայացումը ստացվել է: Լիլին նկատեց, որ հեղինակը հատկապես մի բան է շեշտել, որ մարդու կյանքը ունայնություն է. «Ես սկսեցի աշխատել պիեսի վրա ու Աստվածաշնչից հատվածներ մտցրի, որը փոխեց գործողությունների ընթացքը: Ամբողջ ներկայացման ընթացքում այդ հատվածների միջոցով ես պատասխան եմ տալիս Լեոնիդ Անդրեեւի բարձրացրած մի շարք հարցերին, որոնք կազմում են ներկայացման գաղափարական իմաստը: Եթե մարդու կյանքը ունայնություն է Լեոնիդ Անդրեեւի համար, ես կամեցել եմ ասել՝ բայց մի՞թե Աստված է մեղավոր: Եթե հեղինակը բազմաթիվ անհաջողությունների համար Աստծուն է մեղադրում, ես էլ մեղադրում եմ մարդուն»: Ներկայացման մեջ առանձնահատուկ տեղ ունի կնոջ դերը: «Հատուկ առանձնացրել եմ կնոջը, որն ամբողջ կյանքում հավատով է ապրում: «Մարդու կյանքում» կինը չունի այն հոռետեսությունը, որը բնորոշ է տղամարդուն: Վերջինս նույնիսկ երիտասարդ շրջանում չունի հույս, հավատ եւ սեր: Հերոսներից Մոխրագույն զգեստով մեկն էլ (Գոռ Մարգարյան) կյանքն է «բեմադրում» ներկայացման մեջ կամ, ավելի ճիշտ՝ Աստծո կարծիքը մարդու մասին. Աստված բարեհաճ է կնոջ նկատմամբ, որովհետեւ կինը ճանաչում է ճշմարտությունը»,- ասաց ռեժիսորը:

Փոքրիկ բեմում կա սեր, ատելություն, իսկ վերջում՝ մահ, ինչպես կյանքի «օրենքն» է պահանջում: Ներկայացման մեջ դիմակավորներն իրենց վրա կրում էին երգչախմբի ֆունկցիան, ինչպես հունական օրխեստրայում: Նրանք բոլոր շարժումները կատարում էին միասին, որոնք մի դեպքում միասնության գաղափարն էին արտահայտում, մի դեպքում էլ՝ միադեմության: Լիլիի մեկնաբանությամբ, դա կարող էր խորհրդանշել նաեւ հասարակական կարծիքը, որը հաճախ կործանարար է: Ներկայացման ավարտին բեմում սայլ է հայտնվում: «Սայլը բեմ եմ հանել այն միտքն ընդգծելու համար, որ կյանքը փոքր հույսի նման դանդաղ շարժվում է, ինչպես սայլը»,- մեկնաբանեց Լիլին: Ներկայացման մեջ երիտասարդ ծնողները (Նարինե Թարզի-Մկոյան՝ Կին, Նարեկ Ներսիսյան՝ Մարդ) զրկվում են իրենց միակ որդուց ու չքանում են կյանքի մասին նրանց երազանքները: Լույսը դառնում է խավար, սպիտակը՝ սեւ: Բայց ինչպես Լիլին նկատեց՝ «Նույնիսկ մահը չպետք է մարդուն հեռացնի Աստծուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել