Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶԱՆՈՒՄ ՓԱՍՏԵՐԸ ՉԱՐԺԵՆ ՈՉԻՆՉ

Հունիս 12,2007 00:00

\"\"ՍԴ որոշումից հետո արձանագրում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը

Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը հունիսի 8-ին լքելուց առաջ «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը հայտարարել էր, որ «դատարանը նույնիսկ համարձակություն չի դրսեւորում ընդամենը մի քանի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել եւ դրան հակառակ որդեգրում է ընտրախախտումներն անճշտությունների վերածելու՝ ոչինչ չասող, քվեարկության արդյունքների վրա ազդեցություն չունեցող եւ պատասխանողի կամքն արտահայտող ճանապարհը, ինչի արդյունքում հերթական անգամ ականատես ենք լինում դատավարական ֆարսի, երբ իրականացվում է ոչ թե սահմանադրական, այլ քաղաքական արդարադատություն»:

Այս նույն գնահատականը վկայակոչեց նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ հունիսի 10-ի որոշումը, որով մերժվեց համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններն անվավեր հայտարարելու մասին ընդդիմադիր մի շարք կուսակցությունների պահանջը. «Մենք արդեն հայտարարել ենք, որ ՍԴ-ն իրականացրել է ոչ թե սահմանադրական, այլ քաղաքական արդարադատություն: Այս դատարանն աչքի է ընկնում լղոզված, ոչինչ չասող, «հա՛մ նալին, հա՛մ մեխին հարվածելու» իր գործելակերպով: Սահմանադրական դատավարության գործընթացն այն վերածեց ֆարսի եւ, ըստ էության, դարձավ պատասխանող կողմի շահերի արտահայտիչը: ՍԴ-ն զուրկ է նույնիսկ փոքրիկ համարձակությունից: Բերենք մի քանի փաստեր: Մենք արդեն նշել էինք, որ շուրջ 1200 ընտրական տեղամասերում ընտրությունները եւ դրանց արդյունքների ամփոփման գործընթացներն իրականացվել են տարաբնույթ կեղծիքներով ու խախտումներով: Դրանցից շուրջ 400-ի մասին մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Սահմանադրական դատարանին՝ ապացուցողական նշանակություն ունեցող նյութերով ու փաստերով հանդերձ: Ավելի՛ն, դրանցից շուրջ 50 տեղամասերի վերաբերյալ դատարանին ներկայացվել են հանգամանալից ու աղյուսակավորված տեղեկություններ, որոնցից նույնիսկ մի քանի ընտրակեղծիքներով առավել աչքի ընկնող ընտրական տեղամասերում (օրինակ՝ 23/39, 23/41, 23/57, 20/47, 23/58, 20/27) քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում մեր դիմումի պահանջը կարող էր գոնե մասնակիորեն բավարարվել»: Ի հակադրություն իշխանական գործիչների, որոնք պնդում են, թե ընդդիմությունը փաստեր չներկայացրեց ՍԴ՝ ՕԵԿ փոխնախագահն ասաց. «Մեր փաստերը եւ ապացույցները բավական հիմնավոր են. դրանք վկայում են այն մասին, որ ընտրական գործընթացներում եղել են բազմաթիվ խախտումներ: Օրինակ՝ մեր կողմից բազմիցս անդրադարձ է եղել 20-ից ավելի ընտրատարածքներում, 1000-ից ավելի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղ գտած մի շարք իրավախախտումներին, որոնք անվիճելի իրավական հիմքեր էին ստեղծում բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու՝ մեր դիմումում նշված պահանջը բավարարելու եւ ընտրակեղծարարներին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Զավեշտալին այն էր, որ մի շարք ընտրական տեղամասերում փորձառու «թվանկարիչները» չբավարարվելով քվեարկության 100% մասնակցության ցուցանիշներ նկարելով, քվեարկության արդյունքներն ակնհայտ կեղծելով՝ արձանագրել էին 110-170% մասնակցություն:

Այսպես օրինակ՝ թիվ 23/39 ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրված էր 910, սակայն կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 1618: Ակնհայտ է, որ քվեաթերթիկների աննախադեպ մեծածավալ լցոնում է իրականացվել (թվով 708), այսինքն՝ մասնակցությունը կազմել է 170%-ից ավելի:

Թիվ 23/57 ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվն, ըստ ընտրողների ցուցակների, կազմել է 1171, սակայն քվեարկությանը մասնակցել են 1302 ընտրող, այսինքն՝ մասնակցությունը կազմել է 116%:

Թիվ 20/47 ընտրական տեղամասում մարված քվեաթերթիկների թիվը եղել է ընդամենը 6, սակայն հետագայում այդ թիվը կեղծվել ու դարձել է 968:

Ընտրախախտումների օրինակները բազմաթիվ եւ բազմաբնույթ են, ինչը վկայում է այն մասին, որ քվեարկության փաստացի արդյունքները տարբեր մակարդակի հանձնաժողովներում պարբերաբար կեղծվել են, ինչի մասին մենք հիմնավոր փաստեր ու ապացույցներ էինք ներկայացրել ՍԴ: Բայց ցավոք՝ մեզանում այդ փաստերը ոչինչ չարժեն, քանի որ որոշումները փաստերի հիման վրա չեն ընդունվում: Վերը բերված օրինակները դրա խոսուն վկայությունն են»:

Ազգային ժողովի առաջին նիստին «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության» չմասնակցելը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գնահատեց իբրեւ յուրօրինակ բարդույթավորվածության հետեւանք՝ նշելով, թե սա «արձագանք էր այն ճնշումներին, որ խորհրդարան չանցած այլ ընդդիմադիր ուժեր կիրառում էին այս երկու կուսակցությունների նկատմամբ», եւ հարցադրումներ արեց. «Սա իրենց աշխատատեղն է, սա այն մարմինն է, որի լիարժեք անդամներն են: Ումի՞ց են խռովում, ումի՞ց են նեղանում: Իսկապես, անհասկանալի է: Միգուցե փորձի պակասն է՝ չգիտեմ»: Արձագանքելով այս արտահայտություններին՝ Հեղինե Բիշարյանն ասաց. «Հայաստանում երեւի թե թիվ 1 բարդույթավորված քաղաքական գործիչը հենց Տիգրան Թորոսյանն է, որը միշտ էլ իշխանությունների մեջ աչքի է ընկել անտեղի մեկնաբանություններ տալու իր անզուսպ հակվածությամբ: Նրան ուղղակի խորհուրդ կտայի ձերբազատվել այս մոտեցումից, որը լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու նրա՝ որպես ԱԺ նախագահի համար քաղաքական դաշտի հետ աշխատելու ընթացքում: Մենք պաշտոնապես հայտնել ենք մեր դիրքորոշումը եւ չենք մասնակցել չորրորդ գումարման ԱԺ-ի առաջին նիստին, քանի դեռ ՍԴ-ում քննարկվում էր մեր հայցը: Միաժամանակ կցանկանայի նշել, որ «Օրինաց երկիրը» մշտապես աչքի է ընկել իր պայքարող ակտիվ բնույթով, երկրի օրինականացման եւ ժողովրդավարացման համար պայքար մղելով: Հարյուր հազարավոր ընտրողներ իրենց քվեները տվել են մեզ, քանի որ ՕԵԿ-ից սկզբունքային քայլեր ու դիրքորոշումներ են տեսել եւ նույնպիսի գործելաոճ են ակնկալում նաեւ ապագայում: Այսօր ԱԺ-ում իշխանական կուսակցությունները գերիշխում են, սակայն կցանկանայի նշել, որ նույն այդ խորհրդարանում ընդդիմությունը պետք է պայքարի: Եվ ընդդիմության ձայնը պետք է հնչի բարձր, սկզբունքային ու գրագետ»: Այսուհանդերձ, հնարավոր է, որ ՕԵԿ-ը չմասնակցի նաեւ հունիսի վերջին կայանալիք ԱԺ այն նիստին, որի ընթացքում կքննարկվի նոր կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930