Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 21,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ ութերորդ

ԱՆՄԵՂ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բասենցյանի խոսքի վրա կողքի սենյակից կրկին դղրդոց լսվեց, եւ էդ երկրորդն առաջինից անհամեմատ ուժգին էր:

– Չեմ հասկանում՝ էդ մարդն էդ խեղճ տղից ինչ է ուզում,- հոգոց հանեց Բասենցյանը:

– Էդ տղեն է՛լ առանձնապես հրեշտակ չի, ընկեր Բասենցյան,- ասաց Աշոտը:

– Որ հրեշտակ չի՝ թող հեռացնի,- ասաց Բասենցյանը.- երկուսն էլ իրարից կպրծնեն:

– Որ հեռացնի, դրա մի մատ էրեխեքին ո՞վ ա պահելու,- հարցրեց Աշոտը:

– Բայց սա է՛լ ձեւ չի, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանն ու ինձ նայելով՝ ավելացրեց.- հիմա այս երիտասարդը մեր մասին ի՞նչ կմտածի:

– Էս երիտասարդն արդեն մերոնքական ա,- ինձ նայելով՝ ժպտաց Աշոտը:

– Խմբագրի հետ արդեն խոսե՞լ եք,- Աշոտին հարցրեց Բասենցյանը:

– Ինչի՞ մասին,- հարցրեց Աշոտը:

– Արմենի մասին,- ինձ նայելով՝ ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ եք խոսել,- հարցրեց Բասենցյանը:

– Պայմանավորվել ենք, որ ինքը պիտի Արմոյի հետ զրուցի,- ասաց Աշոտը:

– Առայժմ Սեյրանի՛ հետ ա զրուցում,- փռթկացրեց գանգրահեր նիհարը:

– Անոյի հետ Արմենին չես ծանոթացնո՞ւմ,- ծիծաղեց Բասենցյանը:

– Ես ո՞վ եմ, որ ինձ ծանոթացնի,- ասաց Անոն:

– Ծանոթացե՛ք, Արմո՛ ջան,- ասաց Աշոտը.- Անոն մեր տեխնիկական հարցերով խմբագիրն ա:

– Արմեն,- ձեռքս աղջկան մեկնելով՝ ներկայացա ես:

– Անահիտ,- ձեռքս սեղմելով՝ ժպտաց գանգրահերը:

– Անոն տպարանի հարցերով ա զբաղվում,- ասաց Աշոտը:

– Որ տպարանի հարցերով եմ զբաղվում, ուրեմն՝ պիտի Անո ասե՞ս,- դժգոհեց գանգրահեր նիհարը, հետո նայեց ինձ, ժպտաց ու ասաց.- իմ իսկական անունն Անահիտ ա, Արմեն ջան:

– Անահիտը մեր տեխնիկական խմբագիրն ա,- ժպտաց Աշոտը:

– Տեխնիկական խմբագիր եմ, դրա՛ համար ա մի ժամ ուշացումով հետդ ծանոթացնում, Արմեն ջան,- ժպտաց Անահիտը.- որ իսկական խմբագիր ըլնեի, առաջինն ի՛նձ կներկայացներ:

– Բնական ա,- ժպտաց Աշոտը:

– Հեչ էլ բնական չի,- ասաց Անահիտը.- ամեն ինչ պաշտոնով չի որոշվում:

– Սխալ արի՞, որ սկզբում Բասենցյանին ներկայացրի,- զարմացավ Աշոտը:

– Բան չունեմ ասելու,- ասաց Անահիտը.- շատ ճիշտ ես արել:

– Տարիքի հարց էլ կա,- ասաց Բասենցյանը.- մենակ պաշտոնի հարցը չի:

– Հանաք եմ անում, ընկեր Բասենցյան,- ժպտաց Անահիտը:

Իմ ուշադրությունը կողքի սենյակից լսվող դղրդոցին ու դմփդմփոցին էր, եւ երբ դմփդմփոցն ու դղրդոցը դադարեցին, գոռգոռոց սկսվեց:

– Անցան մարդկային լեզվի,- ժպտաց Բասենցյանը:

– Ասա՝ որ կարում եք իրար հետ մարդավարի խոսաք, էլ խի՞ եք տուրուդմփոց սարքում,- ծիծաղեց Անահիտը:

– Քաշելիք ունես, Արմեն ջան,- ինձ ասաց Բասենցյանը:

– Տուրուդմփոցի իմաստով ե՞ք ասում,- ծիծաղեց Անահիտը:

– Աշխատանքի՛ իմաստով եմ ասում,- ասաց Բասենցյանը.- հիմա Վանիկն ու Մելսիկը որ չկան, Արմենի վրա, փաստորեն, երկու լրագրողի պարտականություն է ընկնում:

– Հա,- ասաց Անահիտը.- երկու լրագրողի պարտականություն՝ սրբագրիչի հաստիքով:

– Սրանից հետո բոլորս էլ պիտի հոդված գրենք,- ասաց Աշոտը:

– Ո՞վ ասեց,- հարցրեց Անահիտը:

– Խմբագիրը,- ասաց Աշոտը:

– Արմենն է՞լ,- հարցրեց Անահիտը:

– Արմենը երեւի էրկու հատ գրի,- ասաց Աշոտը.- ինքը, փաստորեն, մեր հիմնական լրագրողն ա:

– Եթե հիմնական լրագրողն է, ինչո՞ւ է սրբագրիչի հաստիքով հրամանագրում,- ասաց Բասենցյանը.- չէ՞ որ՝ մենք գրական աշխատողի հաստիք էլ ունենք:

– Մեկի տեղակ՝ էրկու հատ,- ասաց Անահիտը:

– Բա էդ հաստիքներն ո՞ւմ համար է պահում,- հարցրեց Բասենցյանը:

– Նեղ օրվա համար,- փռթկացրեց Անահիտը:

– Սրանից նեղ օ՞ր,- զարմացավ Բասենցյանը.- մի քանի ամիս առաջ երկու լրագրող ունեինք, իսկ հիմա ոչ մի հատ չունենք:

– Բա Արմենն ի՞նչ ա,- հարցրեց Անահիտը:

– Արմենին էլ սրբագրիչի հաստիքով է ընդունում,- ասաց Բասենցյանը:

– Արմենը մենակ հոդված պիտի գրի,- ասաց Աշոտը:

– Փաստորեն, սրբագրիչի գործն էլի իմ վրա մնաց,- նեղսրտեց Անահիտը:

– Արմենը որ իրան արդարացնի՝ երեւի Արմենին գրական աշխատող դարձնի,- ասաց Աշոտը:

– Բա սրբագրի՞չ,- հարցրեց Անահիտը:

– Հետո երեւի առանձին սրբագրիչ էլ կընդունի,- ասաց Աշոտը:

– Արդեն մի տարուց ավել ա՝ առանձին սրբագրիչ ա ընդունում,- նեղսրտեց Անահիտը:

– Սրբագրությունը ե՛ս կանեմ,- խոսակցությանը խառնվեցի ես:

– Գիժ ե՞ս,- ասաց Աշոտը.- բա հոդվա՞ծ ով ա գրելու:

– Չեմ հասկանում՝ էդ գրական աշխատողի հաստիքներն ում համար եք պահում, ա՛յ Աշոտ,- բողոքեց Բասենցյանը:

– Ե՞ս ինչ կապ ունեմ, ընկե՛ր Բասենցյան,- զարմացավ Աշոտը:

– Չեմ ասում՝ կապ ունես,- ասաց Բասենցյանը.- պարզապես ուզում եմ իմանալ՝ էդ հաստիքներն ո՞ւմ համար են պահվում:

– Չգիտե՞ք՝ ում համար են պահվում,- ժպտաց Անահիտը:

– Ո՞ւմ համար,- հարցրեց Բասենցյանը:

– Ախալքալաքցիների,- ծիծաղեց Անահիտը:

– Արդեն չափն անցնում ես,- նեղացավ Աշոտը:

– Կատակ է անում, Աշոտ ջան,- ժպտաց Բասենցյանը:

– Ինքը կատակ ա անում, բայց Արմենը կարող ա մտածի՝ լուրջ ա ասում,- ասաց Աշոտը:

– Էլ ի՞նչ կատակ, որ կեսը լուրջ չըլնի,- ծիծաղեց Անահիտը:

– Էսքանիցդ ո՞ր մեկն ա ախալքալաքցի,- հարցրեց Աշոտը:

– Դո՛ւ,- ասաց Անահիտը:

– Էս մի մատս խուփ,- ժպտաց Աշոտը:

– Ի՛նքը,- ասաց Անահիտը:

– Ինքն ո՞վ ա,- հարցրեց Աշոտը:

– Խմբագի՛րը,- ասաց Անոն.- կարող ա՞ Դարբինյանն ախալքալաքցի չի:

– Բայց խմբագիրն ի՛նքը չի իրան աշխատանքի ընդունել,- բացատրեց Աշոտը.- իրան ռեկտորն ա նշանակել:

– Որ շատ խորանանք, վայ թե ռեկտորն է՛լ ախալքալաքցի ըլնի,- ծիծաղեց Անահիտը:

– Ռեկտորն ախալքալաքցի չի,- ասաց Բասենցյանը.- էդ մեկը հաստատ գիտեմ:

– Մելսն էլ ախալքալաքցի չի՞,- հարցրեց Անահիտը:

– Մելսն արդեն աշխատանքից ազատվել ա,- ասաց Աշոտը:

– Բայց ախալքալաքցի ա, չէ՞,- ժպտաց Անահիտը:

– Կարող ա՞ Արմենին էլ ախալքալաքցի հանեք,- ծիծաղեց Աշոտը:

– Շատ հնարավոր ա,- ժպտալով ինձ նայեց Անահիտը:

– Արմենը հաստատ ախալքալաքցի չի,- ասաց Բասենցյանը:

– Ի՞նչ գիտեք,- հարցրեց Անահիտը:

– Որ ախալքալաքցի լիներ, հրամանը սրբագրիչի հաստիքով չէր տա,- ասաց Բասենցյանը.- միանգամից գրական աշխատող կձեւակերպեր:

– Բայց ինքը Արմենին հեչ չի էլ տեսել,- ասաց Աշոտը:

– Տեսնելը ոչ մի կապ չունի,- ասաց Անահիտը:

– Առանց տեսնելու՝ միանգամից համաձայնվել ա,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ ես ասել, որ միանգամից համաձայնվել ա,- հարցրեց Անահիտը:

– Ոչ մի բան էլ չեմ ասել,- ասաց Աշոտը.- Արմենի բանաստեղծություններն իրան ցույց տվի՝ միանգամից համաձայնվեց:

– Ե՞րբ ես ցույց տվել,- զարմացա ես:

– Առավոտ շուտ,- ասաց Աշոտը.- տնից «Գարունի» էդ համարը բերի, տվի իրան՝ կարդաց:

– Հասկացա՞վ,- խորամանկ ժպտաց Անահիտը:

– Կարդա՞ց,- հարցրեց Բասենցյանը:

– Մի թեթեւ աչքի անցկացրեց ու միանգամից համաձայնվեց,- ասաց Աշոտը:

– Բայց հասկացա՞վ,- նորից հարցրեց Անահիտը:

– Ի՞նչը,- հարցրեց Աշոտը:

– Արմենի բանաստեղծությունները,- ասաց Անահիտը:

– Պարզ բանաստեղծություններ են,- ասաց Աշոտը:

– Կապ չունի,- ասաց Բասենցյանը.- ամեն մարդ բանաստեղծություն չի հասկանում:

– Մոռանում եք, որ իրա դիսերտացիան գրականության գծով ա,- ասաց Աշոտը.- ինքը գրականության ինստիտուտում դիսերտանտ ա ձեւակերպված:

– Էդ է՛լ կապ չունի,- ասաց Բասենցյանը.- հիմա ով ասես, ոնց ասես՝ դիսերտանտ է դառնում:

– Ինքը ո՞նց ա դառել,- հարցրեց Աշոտը:

– Դու ինձանից լավ գիտես, Աշոտ ջան,- բազմանշանակ ժպտաց Բասենցյանը:

– Ոչ մի բան էլ չգիտեմ,- ասաց Աշոտը:

– Ակադեմիկոսներից մեկի աղջկան Բժշկական ընդունեցին, էդ ակադեմիկոսն էլ Ջրբաշյանին խնդրեց, որ իրան դիսերտանտ ձեւակերպի,- ասաց Անահիտը:

– Ի՞նչ ակադեմիկոս,- զարմացավ Աշոտը:

– Անուններ չտանք,- ասաց Բասենցյանը:

– Մանավանդ որ՝ մեզանից լավ գիտես,- ասաց Անահիտը:

– Ոչ մի բան էլ չգիտեմ,- ասաց Աշոտը:

– Եթե չգիտես, ավելի լավ է՝ էդպես անտեղյակ էլ մնաս,- ժպտաց Բասենցյանը:

– Էդ ակադեմիկոսի աղջկան խմբագիրն ա՞ Բժշկական ընդունել,- հարցրեց Աշոտը:

– Ինքը չի ընդունել, բայց ռեկտորի մոտ միջնորդել է,- բացատրեց Բասենցյանը:

– Առաջին անգամ եմ լսում,- ասաց Աշոտը:

– Զարմանալի է, որ չգիտես,- ասաց Բասենցյանը:

– Ձեռնտու չի, դրա համար էլ չգիտի,- ծիծաղեց Անահիտը:

– Արմենի բանաստեղծությունները մեզ չես տալո՞ւ կարդանք,- Աշոտին հարցրեց Բասենցյանը:

– Մենք հո խմբագիր չե՞նք, որ մեզ տա,- ասաց Անահիտը:

– Իրա մոտից էդ ժուռնալը կվերցնեմ՝ կտամ,- ասաց Աշոտը:

– Ընկեր Բասենցյանը մի հատ նայի՝ կասի,- ասաց Անահիտը:

– Ի՞նչ կասի,- հարցրեց Աշոտը:

– Կասի՝ լա՞վ ոտանավորներ են, թե՝ չէ,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- ինչքան չըլնի՝ ինքը Սեւակի ու Վահագն Դավթյանի կուրսեցին ա էղել: Թամրազյանն է՛լ ա ձեր կուրսից էղել, չէ՞, ընկե՛ր Բասենցյան:

– Արդեն շատ ես խորանում, Անահի՛տ,- ասաց Բասենցյանը:

– Ինչ որ կա՝ էն եմ ասում,- ասաց Անահիտը.- ավել բան չեմ ասում: Ուզում եմ ասեմ՝ մենակ դիսերտանտ ձեւակերպվելով չի:

– Հիմի Արմենը կմտածի՝ էս ո՞ւր ա ընկել,- ծիծաղեց Աշոտն ու ավելացրեց.- կմտածի՝ առավոտից իրիկուն ըսենց իրար բամբասում ենք:

– Ճիշտ խոսալը բամբասել չի,- ասաց Անահիտը:

– Սեպտեմբերի մեկից բամբասելու ժամանակ չենք ունենա,- ժպտաց Բասենցյանը:

– Մանավանդ Արմե՛նը չի ունենա,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- փաստորեն, ինքը էրկու հոգու տեղ ա գրելու:

– Սրբագրիչի հաստիքով,- ասաց Բասենցյանը:

– Էդ նշանակում ա, որ սրբագրության հարցերով ինձ մեկ-մեկ օգնելու ես,- ինձ ժպտաց Անահիտը:

– Որ Արմոն մի քիչ իրան զոռի, տպարանի գործերն է՛լ կանի,- ծիծաղեց Աշոտը:

– Արմեն ջան, ըսենցնա օր խորաթա կենենք, չկարծես թե՝ բամբասենք գը,- անսպասելիորեն Գյումրվա խոսվածքին անցավ Բասենցյանը:

– Էդպիսի բան չեմ կարծում,- խոսեցի ես:

– Ինչ որ կա՝ ըսենց լեզուներիս ա,- ասաց Անահիտը.- թե չէ՝ հոգիներիս խորքում բան չկա, Արմեն ջան:

– Հոգիներիս խորքում շատ բան կա, բայց իրար դեմ ոչ մի բան չունենք,- բացատրեց Բասենցյանը:

– Ուղղակի՝ մեր Աշոտի հոգու հետ ենք խաղում,- ասաց Անահիտը:

– Հասկանում եմ,- նորից խոսեցի ես:

– Դու հասկանում ես, բայց ե՛ս չեմ հասկանում,- ծիծաղեց Աշոտն ու ավելացրեց.- ուրիշ անգամ ըսենց վրա տված չկային:

– Քեզ բան ե՞նք ասել, ա՛յ Աշոտ,- զարմացավ Անահիտը:

– Ինձ չեք ասել, բայց զեմլյակներիս եք ասել,- ասաց Աշոտը:

– Պրոֆիլակտիկայի համար ենք ասում,- ժպտաց Բասենցյանը:

– Ասում ենք, որ չմտածեք, թե հայ ժողովուրդը մենակ ախալքալաքցիներից ա բաղկացած,- ծիծաղեց Անահիտը:

– Էդ էլ ե՞ս պրոֆիլակտիկայի համար ասում,- ժպտաց Աշոտը:

– Աստված տա՝ ուրիշ կոլեկտիվներ մեզի պես համերաշխ էղնին,- նորից Գյումրվա խոսվածքին անցավ Բասենցյանն ու ինձ ժպտալով՝ ավելացրեց.- Արմեն ջան, տարին մեկ ըսպեսնա բամբասենք գը, օր հոգիներուս մեջ ավելորդ նստվածք չմնա:

– Փաստորեն, տարին մի անգամ ուբոռկա ենք անում,- ծիծաղեց Անահիտը:

– Վատն էն ա, որ Արմենը հենց ուբոռկի օրը ձեզ ռաստ էկավ,- ասաց Աշոտը:

– Արմենն արդեն մերոնքական է,- ժպտաց Բասենցյանը.- հիմա արդեն մենք երեքով ենք, դուք՝ երկու:

– Սեյրանին էլ որ հաշվենք, չորս ենք ըլնում,- ասաց Անահիտը:

– Սեյրանն օր սաղսալամաթ դուս գա՝ իրեն է՛լ կհաշվենք,- ծիծաղեց Բասենցյանն ու ինձ հարցրեց.- դո՞ւ որտեղացի ես, Արմեն ջան:

– Երեւանցի եմ,- ասացի ես:

– Մամանպապա՞ն,- հարցրեց Բասենցյանը:

– Ծնողներս էլ են Երեւան ծնվել, բայց տատս ու պապս իգդիրցի են,- ասացի ես ու ավելացրի.- մորական կողմս էլ վանեցի են:

– Շա՜տ բարդ խառնուրդ ես,- ժպտաց Բասենցյանը:

– Վանեցիների մասին շատ են ասում, բայց մենք վանեցի հարեւաններ ունենք՝ շատ էլ ձեռը բաց մարդիկ են,- ասաց Անահիտը:

– Հայերս իրար անուն կպցնելու գործում մի հատ ենք,- ասաց Բասենցյանը:

– Ախալքալաքցիներին է՛լ ենք անուն կպցնում, բայց կարող ա՞ մեր Աշոտի պես տղա կա,- ժպտաց Անահիտը:

– Ախալքալաքցիների թեման փակել ենք,- ասաց Աշոտը:

– Ախալքալաքցիների թեման հավերժական թեմա է, Աշոտ ջան,- ծիծաղեց Բասենցյանն ու ինձ նայելով՝ ասաց.- Լեննական ահագին իգդիրցիներ կային. Իգդիրից էին գաղթել:

– Էդ Իգդիրը որտե՞ղ ա գտնվում,- հարցրեց Անահիտը:

– Սահմանի է՛ն թարաֆը՝ Մասիսի դոշերին,- բացատրեց Բասենցյանը:

– Պարզվում ա՝ աշխարհագրությունից է՛լ եք շատ ուժեղ, ընկե՛ր Բասենցյան,- ասաց Անահիտը:

– Մարդ պիտի բախտ ունենա, Անո՛ ջան,- հոգոց հանեց Բասենցյանը:

– Որ բախտ ունենայինք, ախալքալաքցի ծնված կըլնեինք,- ծիծաղեց Անահիտը:

– Հանաք արինք՝ պրծանք, Անահի՛տ,- լրջացավ Աշոտը:

– Նեղեցա՞ր, Աշոտ ջան,- ժպտաց Բասենցյանը:

– Ամեն ինչ չափի մեջ ա համով,- ասաց Աշոտը:

– Հանաք կենենք, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանը.- թե նեղենաս գը, էլ հանաք չենենք:

– Հաստատ նեղացել ա,- ասաց Անահիտը:

– Ինչի՞ց իմացար, որ նեղացել եմ, ա՛յ Անահիտ,- հարցրեց Աշոտը:

– Որ ինձ Անահիտ ես ասում, ուրեմն նեղացած ես,- բացատրեց Անահիտը.- մնացած վախտերը միշտ Անո ես ասում:

– Չեմ նեղացել, Անո ջան,- ժպտաց Աշոտը:

– Աստված տա՝ միշտ նեղացած ըլնես ու անունս էլ միշտ լրիվ ասես,- ծիծաղեց Անահիտը:

– Էդ տնաշենները չպրծա՞ն,- ասաց Բասենցյանը.- ձենները չի լսվում:

– Որ ձենները չի լսվում, ուրեմն՝ արդեն թվաբանությանն են անցել,- բացատրեց Անահիտը:

– Ի՞նչ թվաբանություն,- հարցրեց Բասենցյանը:

– Իրանց հախուհաշիվը,- ասաց Անահիտը.- Դարբինյանի ասելով՝ ինքը Սեյրանին ահագին մատերիալի փող ա տվել, Սեյրանի ասելով էլ՝ էդ փողն արդեն լրիվ ծախսվել՝ պրծել ա:

– Որտե՞ղ ա ծախսվել,- հարցրեց Աշոտը:

– Մեր թերթի լուսանկարների վրա,- ասաց Անահիտը.- ուրիշ որտե՞ղ պիտի ծախսվեր:

– Չէի ուզի Արմենի մոտ էս խոսակցությունը բացվեր, բայց որ բացել ենք, ես էլ ի՛մ տեսակետը կասեմ,- ասաց Աշոտը:

– Ասա՛,- ասաց Անահիտը:

– Խոսքը մեր մեջ, էդ Սեյրանն արդեն համը հանում ա,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ իմաստով,- հարցրեց Բասենցյանը:

– Դարբինյանն իրան մայիսի վերջերին էդ լուսանկարչական նյութերի համար հարուր մանեթ ա տվել,- ասաց Աշոտը.- էդ փողն ի՞նչ էղավ:

– Լուսանկարների վրա ծախսվել ա,- ասաց Անահիտը:

– Ո՞ր լուսանկարների վրա,- հարցրեց Աշոտը:

– Մեր թերթի լուսանկարների,- ասաց Բասենցյանը.- մի համարում ահագին լուսանկար է տպագրվում:

– Ցինկոգրաֆիայի վրա է՛լ ա ահագին ծախսվում,- ասաց Անահիտը.- կլիշե ենք պատվիրում, չէ՞:

– Կլիշեների համար առանձին փոխանցում ենք տպարանին,- ասաց Աշոտը.- դու ինձնից լավ գիտես:

– Էդ հարյուր ռուբլին մայիսին է, չէ՞, տվել,- հարցրեց Բասենցյանը:

– Հա,- ասաց Աշոտը.- մայիսի վերջերին:

– Բայց մայիսից արդեն երեք ամիս է անցել,- ասաց Բասենցյանը:

– Մայիսն էլ որ հաշվենք՝ կանի չորս,- ասաց Անահիտը:

– Որ էդ փողը մայիսի վերջին ա տվել, մայիսը ո՞նց ես հաշվում,- ասաց Աշոտը:

– Մայիսը չենք հաշվում,- ասաց Բասենցյանը.- թող երեք ամիս լինի:

– Բայց էդ ամբողջ ընթացքում ընդամենը էրկու համար ենք տպել,- ասաց Աշոտը.- ամառային արձակուրդներին հո թերթ չե՞նք տպել:

– Արձակուրդներն ուսանողներին են վերաբերում,- ասաց Բասենցյանը.- մենք արձակուրդներին է՛լ ենք աշխատել:

– Բայց թերթ չենք տպել,- ասաց Աշոտը:

– Էս ինստիտուտում բոլորն արձակուրդ ունեն՝ մեզանից բացի,- ասաց Անահիտը:

– Դուք արձակուրդ չեք գնացե՞լ,- զարմացավ Աշոտը:

– Ընդամենը տասնութ օր,- ասաց Անահիտը:

– Տասնութ աշխատանքայի՛ն օր,- ճշտեց Աշոտը:

– Շատ ա՞,- հարցրեց Անահիտը:

– Օրենքով էդ ա հասնում,- ասաց Աշոտը:

– Մեռնեմ օրենքին,- ասաց Բասենցյանը.- դրա համար էլ գալիս ու ութ ժամ պուպուի պես նստում ենք:

– Որ ութ ժամ պարապ նստես, չես բամբասի՞, Արմեն ջան,- ինձ հարցրեց Անահիտն ու ինքն էլ իր հարցին պատասխանեց.- չբամբասես՝ ի՞նչ անես:

– Բայց միակողմանի եք բամբասում,- ծիծաղեց Աշոտը:

– Այսինքն,- ասաց Բասենցյանը:

– Ընենց եք Սեյրանին ինձանից պաշտպանում, ոնց որ՝ ես իրա դուշմանն եմ,- դժգոհեց Աշոտը:

– Խեղճը մանր էրեխեքի տեր ա,- ասաց Անահիտը:

– Վարձով էլ ապրում է,- ասաց Բասենցյանը:

– Ես վարձով չեմ ապրո՞ւմ,- ասաց Աշոտը:

– Ո՞վ ա բան ասել,- ասաց Անահիտն ու ծիծաղելով ավելացրեց.- տեղը որ գա, քեզ է՛լ կպաշտպանենք:

– Կարող ա՞ ես չեմ Դարբինյանին ասել, որ իրան գործի ընդունի,- ասաց Աշոտը:

– Դո՛ւ ես ասել, Աշո՛տ ջան,- ասաց Բասենցյանը:

– Սաղիս համար էլ դո՛ւ ես ասել, Աշոտ ջան,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- մանավանդ՝ ընկեր Բասենցյանի:

– Ձեռ ե՞ս առնում,- ասաց Աշոտը:- Էրկու անգամ Սեյրանին որ գործից հանում էր, ո՞վ իրան պաշտպանեց:

– Էդքան պաշտպանել ես, էս անգամ էլ կպաշտպանես, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանը:

– Էս անգամվա դղրդոցը ոնց որ շատ ուժեղ էր,- ասաց Անահիտը:

– Բայց ոնց որ խաղաղվեցին,- ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը.- արդեն հախուհաշիվն են անում:

– Էս անգամ վայ թե աշխատանքից ազատի,- ասաց Բասենցյանը:

– Աշոտը մի բան կանի,- ասաց Անահիտը:

– Հա,- ասաց Բասենցյանը.- հո չե՞նք թողնի՝ էդ խեղճը փողոց ընկնի:

– Լա՜վ խեղճ ա,- ասաց Աշոտը.- գոնե մի քիչ չափը ճանաչեր:

– Երեւի տեղը շատ նեղն ա էղել,- ասաց Անահիտը:

– Էդ հարուրից հիսունը խմբագիրն իրա ջեբից ա տվել,- ասաց Աշոտը:

– Էղա՛ծ տեղից ա տվել,- ասաց Անահիտը:

– Ի՞նչ էղած տեղ,- զարմացավ Աշոտը:

– Էս զրո կուրսը լրիվ իրանը չի՞,- հարցրեց Անահիտը:

– Զրո կուրսի հայոց լեզո՛ւն,- ճշտեց Բասենցյանը:

– Քիչ ա՞,- ասաց Անահիտը:

– Չեմ հասկանում՝ ինչ ե ք խոսում,- ասաց Աշոտը:

– Ուզում ենք ասենք՝ ձեռը քարի տակ չի,- բացատրեց Անահիտը:

– Էս անգամ վայ թե էդ Սեյրան չեղածին աշխատանքից ազատի,- հառաչեց Բասենցյանը:

– Խեղճին ոչ մի տեղ գործի չեն ընդունի,- հոգոց հանեց Անահիտը:

– Մանավանդ՝ եթե աշխատանքից ազատվելու բուն պատճառն իմանան,- ասաց Բասենցյանը:

– Բայց իրա ազատվելու պատճառը ո՞նց են իմանալու,- հարցրեց Անահիտը:

– Վայ թե աշխատանքային գրքույկի մեջ նշում են,- ասաց Բասենցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել