Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՂԻՆ ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ՄԻ՛ ԴՐԵՔ

Օգոստոս 09,2007 00:00

Հեռակա երկխոսություն «Ժառանգություն» եւ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների միջեւ

ԱԼՄ-ի լրատվական ծրագրերում եւ Տիգրան Կարապետյանի հեղինակային հաղորդումներում «Ժառանգություն» կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներից դատելով՝ Ժողովրդական կուսակցության ղեկավարը ոչ այնքան իշխանություններից է նեղացած, որ իրեն տեղ չտվեցին ԱԺ-ում, այլ հենց «Ժառանգությունից»՝ թերեւս համարելով, որ այն զբաղեցնում է իր տեղը խորհրդարանում: Մեր այս դիտարկմանը Տիգրան Կարապետյանը չհամաձայնեց. «Ո՛չ: Ես ուղղակի առաջ եմ քաշում այն անճշտությունները, որ իրենք իրենց թույլ են տվել»: Եվ հավելեց՝ «Մենք մեղադրանքներ չենք ներկայացնում: Մութ տեղեր են: Ակնհայտ մութ տեղեր: Ինչպե՞ս, ինչի՞ համար, ինչի՞ց ելնելով: Հետաքրքիր է, չէ՞: Հարցեր ենք ուղղում, բայց պատասխան չկա»: Մենք խոստացանք փորձել լուսավորել այդ «մութ տեղերը», ստանալ այդ հարցերի պատասխանները: Եվ դիմեցինք «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին՝ հարցերից մեկն անմիջականորեն նրան էր վերաբերում: Ստացվեց այսպիսի հեռակա զրույց:

Տիգրան Կարապետյան. «Ես ունեմ տեսանյութ, որը կարող եմ տրամադրել ձեզ: Այնտեղ Ստեփան Սաֆարյանն ասել է, որ ես հրավիրված մասնագետ եմ՝ կուսակցության հետ ոչ մի կապ չունեմ: Իմ հարցին՝ Դուք կուսակցակա՞ն եք, պատասխանում է՝ ոչ: Այսօր ինքը կուսակցական է, պատգամավոր եւ խմբակցության անդամ»:

Ստեփան Սաֆարյան. «Իսկ այդ ո՞նց պատահեց, որ ՍԱՍ սուպերմարկետի Արտակն իր ցուցակով պիտի դառնար պատգամավոր: Պարոն Կարապետյանին ուզում եմ հիշեցնել, որ «Ընտրական օրենսգիրքը» չի արգելում կուսակցության համամասնական ցուցակով անկուսակցական թեկնածուների առաջադրումը, եւ «Ժառանգություն» խմբակցությունն ունեցել է նման 3 պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան եւ Ստեփան Սաֆարյան: Բայց պիտի նաեւ տեղեկացնեմ, որ Ստեփան Սաֆարյանը հուլիսից նաեւ կուսակցության անդամ է: Այո՛, ինքը ճիշտ է ասում՝ 3 տարի առաջ, իբրեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար՝ ես նշել եմ, որ կուսակցության անդամ չեմ: Բայց դա չի նշանակում, թե դրանից հետո չէի կարող դառնալ կուսակցական»:

Տիգրան Կարապետյան. «Ժառանգությունն» ԱԺ ընտրությունների ընթացքում գրվեց ԺԿ. այդ թուղթը մենք ունենք, կարող ենք տրամադրել: Իսկ մեզ գրեցին Ժողկուս: Ու իրար կողք էինք դրված: Իսկ ժողովուրդը մե՛զ գիտեր որպես ԺԿ: Թե չէ՝ նրանց որտեղի՞ց այդքան ձայն. մի ավտոբուսով ընկել էին մեյդան»:

Ստեփան Սաֆարյան. «Ենթադրում եմ, որ պարոն Կարապետյանն անգամ չի տեսել քվեաթերթիկը: Քանի որ քվեաթերթիկներում երբե՛ք գրված չի եղել ԺԿ եւ Ժողկուս: Քվեաթերթիկներում գրված են եղել կուսակցությունների ամբողջական անվանումները: Ընդամենը կարող եմ ենթադրել, որ պրն Կարապետյանն ինքը չի քվեարկել: Եթե քվեարկած լիներ, բնականաբար, տեղյակ կլիներ, որ քվեաթերթիկներում նաեւ եղել են կուսակցության համամասնական ցուցակի առաջին 3 անձանց ազգանունները: Եվ կարծում եմ, որ մեր ընտրողներին հիմարի տեղ դնելու խնդիր չկա, քանի որ նրանք հրաշալի կարդում, ծանոթանում էին, թե որ կուսակցության առաջին 3 համարներն ովքեր են:

Ինչ վերաբերում է նրան, որ մի ավտոբուս էինք վերցրել ու «ընկել մեյդան»՝ այո, «Ժառանգությունը», ի տարբերություն այլ կուսակցությունների, շատ զուսպ է եղել իր ծախսերի եւ քարոզարշավի մեջ: Եվ միգուցե դա է հաջողության գրավականներից մեկը, որ մարդիկ այդ ցոփությունը, շռայլությունն անտեսեցին ու նախընտրեցին ընտրել «Ժառանգությանը»:

Տիգրան Կարապետյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին հարց եմ տալիս, եւ չեն պատասխանում՝ ասում եմ, Դուք դաշնա՞կ եք: Չէ, ասում է՝ պապս է, ու հերս է դաշնակ: Իսկ ինքը Հայ դատի գրասենյակում աշխատե՞լ է որպես իրավաբան, համագործակցե՞լ է Դաշնակցության հետ, կուսակցության մեջ եղե՞լ է մինչեւ Հայաստան գալը, թե՞ Հայաստան է եկել զբաղվելու կուսակցական գործերով: Թող ասի՝ այո կամ ոչ»:

Ստեփան Սաֆարյան. «Ինչ վերաբերում է պրն Հովհաննիսյանի անցյալին. առնվազն ծիծաղ ու տարակուսանք կարող է առաջացնել այն հանգամանքը, որ եթե պապն ինչ-որ մի կուսակցության անդամ է եղել, բնականաբար, թոռներն էլ պիտի լինեն այդ կուսակցությունից: Չեմ հասկանում, թե որտե՞ղ է տրամաբանությունը: Եվ որեւէ փաստ չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստաբան աշխատած տարիներին… ինչո՞ւ պիտի կուսակցական լիներ»:

Տիգրան Կարապետյան. «ՀՅԴ թաքնված կառույցներն աշխատել են Րաֆֆի Հովհաննիսյանի համար. ես այդ կապը տեսնում եմ՝ Դաշնակցության եւ «Ժառանգության»: Այդ կապն ակնհայտ երեւում է (ի դեպ, ԺԿ ղեկավարը նույնն ասաց նաեւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի մասին. «Նա ժամանակին եղել է Դաշնակցության ղեկավար մարմնի անդամ: Շարքային չի եղել՝ եղել է հզոր անձերից մեկը»- Ա. Ի.): Դե, տարբեր վարկածներ են քաղաքական՝ շոշափում ենք: Բայց ինքը պետք է հերքի կամ չհերքի»:

Ստեփան Սաֆարյան. (լսելով մեղադրանքը, թե ՀՅԴ չբացահայտված կառույցները գործել են հօգուտ «Ժառանգության»՝ նա ծիծաղեց- Ա. Ի.): Ծիծաղաշարժ փաստարկներ են, անկեղծ ասած: Ուզում եմ հիշեցնել Տիգրան Կարապետյանին, որ տակավին 1 ամիս առաջ ինքը ներկայացնում էր, թե «Ժառանգությունը» ՀՀԿ մեծահոգությամբ է հայտնվել ԱԺ-ում: Հիմա, ըստ էության, փոխվում են վարկածները: Ես կարծում եմ, առաջիկայում դեռեւս էլի զավեշտալի վարկածներ կլսենք, թե ինչպես է «Ժառանգությունը» հայտնվել խորհրդարանում»:

Հեռակա երկխոսությունը կազմակերպեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել