Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԴԻԻ «ՌԻԳՈԼԵՏՏՈՆ»՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ

Հոկտեմբեր 02,2007 00:00

\"\"Ֆիլհարմոնիկի եւ օպերայի համատեղ ձեռնարկը

Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 30-ին առաջին անգամ հայ հանդիսատեսը ականատես եղավ օպերային ներկայացման՝ Վերդիի «Ռիգոլետտոյի» ժամանակակից բեմադրությանը: Երեւանի օպերային թատրոնում հիշյալ ներկայացման վերջին բեմադրությունը իրականացրել էր ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վահագն Բագրատունին՝ 1980-ականների կեսերին, որը խաղացանկում էր մինչեւ 1990-ականների կեսերը: Բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի «Ռիգոլետտոյի» ժամանակակից «ընթերցման» շնորհիվ առաջին անգամ օգտագործվեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ օպերային թատրոնին նվիրած էկրանը, ինչի շնորհիվ դեկորախեղդ չէր արված բեմը, իսկ զգեստների դիզայնը ժամանակակից չափանիշներով էր: «Ռիգոլետտոն» նորովի ներկայացնելու մտահղացումը պատկանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանին: Իրականացմանն անմասն չէ նաեւ օպերային թատրոնը:

Պրեմիերայի օրը թատրոնի նվագախմբին փոխարինում էր ֆիլհարմոնիկը, մասնակցում էին թատրոնի տղամարդկանց երգչախումբը, բալետի արտիստները եւ մենակատարներ Արծվիկ Դեմուրչյանը, Նարինե Անանիկյանը, Տիգրան Կոնինյանը, Խաչիկ Մաթեւոսյանը, Գագիկ Պետրոսյանը, Սուրեն Մանուկյանը: Հրավիրված էր գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանը եւ ֆրանսաբնակ բաս Սուրեն Շահիջանյանը: Ներկայացման անիմատորն է Անդրանիկ Թորոսյանը: Նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ էր Էդ. Թոփչյանը: Ի տարբերություն վերջերս Ազգային օպերային թատրոնում կայացած Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի պրեմիերայի, որի մասին երաժշտագետները հրաժարվեցին իրենց տպավորությունները կիսել «Առավոտի» հետ, «Ռիգոլետտոյի» պարագայում նրանք սիրով համաձայնեցին:

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանն ասաց. «Այս «Ռիգոլետտոյի» հաջողության վկայությունն են ներկայացման ավարտին շուրջ 15 րոպե ձգվող ծափերն ու բրավոները: Օպերային արվեստի գլուխգործոցը նման բեմադրությամբ կարծես դուրս եկավ իր ժամանակի «ճիրաններից»՝ ձեռք բերելով համամարդկային չափանիշներ: Թատրոնը միշտ էլ պայմանական է, իսկ օպերան՝ առավել եւս: Ինչ խոսք, բեմադրության «մարմնավորումը» կարող է լինել ցանկացած ձեւով, միայն թե ճիշտ բացահայտվեր այն գաղափարը, ինչը ընկած է ստեղծագործության հիմքում: Առաջին անգամ օպերային թատրոնի բեմում ակնդիրը եղանք կոմպյուտերային անիմացիայի, որը նորություն չէ աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Առանձնահատուկ պետք է նշեմ հայկական վոկալ դպրոցի երիտասարդ, հիանալի կատարողներին՝ այսօր գերմանաբնակ Մկրտիչ Բաբաջանյանին (Ռիգոլետտո), Արծվիկ Դեմուրչյանին (Ջիլդա), Նարինե Անանիկյանին (Մադալենա) եւ մյուսներին: Իսկ Է. Թոփչյանը, որը սիրահար է օպերային գրականության, որից 6-ը, այդ թվում՝ «Աիդա», «Սեւիլյան սափրիչ», «Մադամ Բաթերֆլայ», «Օթելլո», արդեն ներկայացրել է համերգային կատարումներով, «Ռիգոլետտոյում» եւս բարձրության վրա էր: Բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի աշխատանքից հիացած եմ»:

Ըստ Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանի. «Ներկայացումների ժամանակակից բեմադրությունները նույնիսկ Եվրոպայում տեղիք են տալիս տարբեր կարծիքների, ինչը նորմալ եմ համարում: Ես՝ որպես մասնագետ, ընդունեցի մեր «Ռիգոլետտոն»: Ռեժիսորական հիանալի լուծումներ կային: Հանդիսասրահի մթնոլորտը ձուլվեց նվագախմբի ու արտիստների «լարվածքին»: Թոփչյանը համոզեց, որ ինքը երաժշտական բազմաճյուղ ու բարձր օժտվածության երաժիշտ է»:

Երաժշտագետ, դոցենտ Քնարիկ Փիլոսյանն էլ հայտնեց, որ արդեն միայն ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքով չենք դիտի Վերդիի «Տրավիատան», «Դոն Կառլոսը» կամ Չայկովսկու «Եվգենի Օնեգինը». «Մենք էլ հնարավորություն ունենք այս ներկայացման շնորհիվ դիտել դասական երկի մեր ժամանակակից բեմադրությունը: Լավ է, որ հիմքը դրվեց: Որքանով ինձ հայտնի է, Գեղամ Գրիգորյանն էլ է պատրաստվում «նորարարության»՝ Տիգրանյանի «Դավիթ Բեկը» ներկայացնելու ժամանակակից ռեժիսուրայով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել