Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ԵՄ ԴԱՌՆՈՒՄ»

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"Տոնինո Գուերան սեր խոստովանեց մեր երկրին

Ֆելինիի, Անտոնինիի, Փարաջանովի, Մաստրոյանիի մտերիմն ու ժամանակակիցը՝ աշխարհահռչակ բանաստեղծ, կինոսցենարիստ, դրամատուրգ եւ նկարիչ Տոնինո Գուերան կրկին Հայաստանում է:

Կիրակի օրը Հայաստանի ազգային պատկերասրահում «Գոյակ» մշակութային միությունը հանդիպում էր կազմակերպել Տոնինո եւ Լորա Գուերաների հետ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, ու մեծամասնությունը ոտքի վրա էր: Վարպետը որոշեց, որ ինքն էլ պիտի կանգնած խոսի. «Ինձ համար մեծ պատիվ է, այսքան մարդ է հավաքվել, չեմ նստելու եւ վե՛րջ»: Երկարատեւ հորդորներից հետո նա տեղի տվեց: Հետո, միայն իրեն բնորոշ անկեղծությամբ, սկսեց զրույցը իր ներկայությունը վայելել ցանկացողներիս հետ: Բնականաբար, խոսեց Հայաստանից: «Հայաստան այցելելուց հետո դու ուրիշ մարդ ես դառնում: Անցած տարի, երբ ձեր երկրից Իտալիա վերադարձա, մի ամբողջ տարի խոսում էի Հայաստանի մասին: Ինձ համար ճամփորդությունը Հայաստան՝ սովորական տուրիզմ չէ, այն ուղղահայաց ճամփորդություն է… Հիմա չեմ կարող պատմել, թե ինչպես է իմ մեջ ապրում Հայաստանը, դա կզգաք այստեղ ցուցադրվող իմ նկարներից ու կոլաժներից: Վերջիններս, անշուշտ, կրում են Փարաջանովի ազդեցությունը»,- զրույցի սկզբում ասաց վարպետը:

Նաեւ պատմեց, թե ինչպես են ծնվել Տոլստոյի «Lanterno»-ները, որոնք նույնպես ներկայացված էին պատկերասրահում. «2006թ. ամռանը կնոջս հետ այցելեցինք Տոլստոյի գերեզմանին՝ «Յասնայա Պոլյանայում»: Հետաքրքրասիրությունը մեզ հասցրեց երկաթգծի կայարան, որտեղից գրողը բռնել է իր վերջին ճանապարհը: Այնտեղ մտանք փոքրիկ թանգարան, որը հիացրեց ինձ… Եվ ահա սկսեցի զննել փոքրիկ լապտերը, որից սովորաբար օգտվում է կայարանային հսկիչը: Մտածեցի, որ այդ հասարակ ու համեստ առարկայից դուրս եկող լույսի ցոլքերը կարող էին լուսավորել հեռացող Տոլստոյի ճանապարհը… »: Հետո Գուերան պատմեց, թե ինչպես է երկար ժամանակ դարբին փնտրել ու վերջապես գտել: Իր խոսքով, այդ տարօրինակ ու լռակյաց մարդը նայելով իր նկարած լապտերներին, խոստացել է դրանք ձուլել: Գուերայի լապտերները, որոնք նա քանդակներ է անվանում, անուններ ունեն: «Հույս ունեմ, որ Տոլստոյի «Lanterno»-ները ձեզ էլ դուր կգան ու կհիշեցնեն այն ցոլքերը, որոնք կանգ էին առել Տոլստոյի ստվերի վրա»,- ասաց վարպետը: Նա հիշեց Փարաջանովի հետ իր առաջին հանդիպումը Թիֆլիսում, խոսեց նրա հոգու ու մտքի խորության մասին: Հետո էլ պատմեց իր մյուս բարեկամ երեւելի արվեստագետների մասին. «Ես գիտեմ, որ այստեղ եք եկել ոչ միայն իմ աշխատանքների մասին լսելու: Գիտեմ, որ կուզենայիք՝ խոսեի Ֆելինիից, Մաստրոյանիից կամ մյուսներից, մեջբերեի նրանց ինքնատիպ մտքերը: Օրինակ, Ֆեդերիկո Ֆելինին մահից 2 օր առաջ ասել է. «Ախ, գոնե մեկ անգամ էլ սիրահարվեի»: Այս արտահայտությամբ, նա ուզում էր մեզ ավանդել այն գաղափարը, որ սիրահարվածության զգացումը կյանքում ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է: Ինչ վերաբերում է Մաստրոյանիին, նա մի անգամ այցելելով մեր տուն՝ ասաց. «Կյանքն իմ հանդեպ շատ շռայլ է եղել, բայց ես էլ կյանքին եմ շատ բան տվել»:

Տոնինո Գուերան պատկերասրահյան հանդիպման օրը նաեւ Հայաստանի մասին գրած իր բանաստեղծության երեւանյան «պրեմիերան» արեց: Նրա տիկինը՝ Լորան, իտալերենից ռուսերեն թարգմանելով, կարդաց այն՝ ափսոսանքով նշելով, որ թարգմանության ժամանակ կորչում է ասելիքի համնուհոտը: Վարպետը Հայաստանի մասին իր բանաստեղծությունում փաստում էր, որ «քարերի երկրում նաեւ անսպառ աղոթք կա» ու «հինավուրց Հայաստանը ճամփորդում է հավերժության մեջ…»:

Միջոցառման ավարտին Գուերայից ինքնագիր խնդրողների թիվը գնալով աճում էր, սակայն «Վերածննդի այժմյան ասպետ», «Դարի լավագույն սցենարիստ» ու «Դարի վերջին հումանիստ» տիտղոսներին արժանացած 87-ամյա վարպետը, առանց տրտնջալու, ստորագրում էր բոլորի բուկլետների վրա: Երեկ էլ նա վարպետության դասեր անցկացրեց Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել