Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏՅԱՆԸ ԳԻՐՔ ԳՐԵՑ

Հոկտեմբեր 16,2007 00:00

Մնում է, որ մենք դրանից առավելագույն օգուտներ քաղենք

Ասում են, որ ցանկացած հիվանդությունից բուժվելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ հավատալ բժշկին: Աշոտ Աշոտյանը հենց այն բժիշկներից է, որոնց հավատում ես առաջին իսկ հայացքից, դեռեւս չգիտակցելով, թե ինչն է այս վստահության պատճառը: Այնուհետեւ, վերլուծելով քո մեջ այդ հավատը, հասկանում ես, որ ակունքը նրա անսահման բարյացակամությունն է մարդկանց հանդեպ: Մի խոսքով, սերը՝ եւ ոչ միայն մարդկանց, այլեւ հայրենի բնաշխարհի նկատմամբ, որովհետեւ իր բուժումը պարոն Աշոտյանն իրականացնում է բացառապես Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում աճող բույսերի միջոցով:

Բժշկի երկարամյա փորձն ամփոփվել է վերջերս լույս տեսած («խպփպովՌՍ») ռուսալեզու մենագրության մեջ: Թե ինչու ռուսալեզու՝ բժշկական գիտությունների թեկնածու Աշոտյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Մենք պիտի նաեւ օտարներին ցույց տանք, որ մեզ մոտ աճում են բացառիկ բույսեր, որ մեզ մոտ զարգացած է այս գիտությունը, ընդ որում՝ այն ունի հազարամյակների պատմություն: Պարզապես, պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել Մատենադարանի ձեռագրերը»: Ուսումնասիրությունը նախատեսված է ինչպես բարձրագույն բժշկական հաստատությունների ուսանողների, այնպես էլ տարբեր պրոֆիլի բժիշկների համար եւ առողջապահության նախարարության կողմից երաշխավորված է որպես դասագիրք՝ բուհերի ուսանողների համար: Ինչպես նախաբանում գրում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, այս գիրքը «լուրջ հետաքրքրություն» է ներկայացնում բոլոր շահագրգիռ մարդկանց եւ մասնագետների համար: «Աշոտյանի այս աշխատության մեջ մեծ տեղ է հատկացված հեղինակի դիտարկումներին եւ սեփական հետազոտությունների արդյունքներին: Այս հանգամանքը զգալիորեն բարձրացնում է գրքի արժեքը: Աշոտյանը ներկայացնում է բազմաթիվ էֆեկտիվ դեղատոմսեր, որոնց գործածումը կբժշկի տարաբնույթ հիվանդություններ՝ սրտի եւ երիկամների, շնչառական օրգանների եւ նյութափոխանակության խանգարումներ, ալերգիա, գրիպ, մրսածություն եւ այլն: Գրքում թվարկած բնական միջոցները ոչ միայն բուժում են, այլեւ կանխարգելում շատ հիվանդություններ,- գրում է պրոֆեսոր Հակոբյանն ու եզրափակում, – Ա. Աշոտյանի մենագրությունը արժեքավոր ներդրում է բուսաբուժության զարգացման մեջ»:

Ավելի քան 600 էջ ծավալով այս գիրքը, որը անվարան կարելի է կոչել դեղաբույսերի եւ բուսաբուժության հանրագիտարան, բաղկացած է երկու մասից՝ «ՀՀ-ում եւ ԼՂ-ում աճող դեղաբույսեր եւ բուժիչ մթերքներ» եւ «Տարբեր հիվանդությունների բուժումը դեղաբույսերով եւ բնական մթերքներով»: Առաջին մասում մանրամասն նկարագրված են Հայաստանի եւ Արցախի բնաշխարհի դեղաբույսերը, դրանց, ինչպես նաեւ՝ մեղրի, ակնամոմի, խնձորի քացախի, եգիպտացորենի եւ գերչակի յուղերի օգտակար հատկությունները, քիմիական բաղադրությունն ու բուժական, սննդարար արժեքավորությունը: Կան դեղաբույսերի լուսանկարները, եւ յուրաքանչյուր դեղաբույսի օգտակարությունը այս կամ այն հիվանդության բուժման համար:

Երկրորդ բաժնում բերված են այն հիվանդությունները, որոնք կարելի է բուժել բույսերի միջոցով եւ բուժման մեթոդները: Օրինակ, 9-րդ գլուխը կոչվում է՝ «Մարսողական օրգանների հիվանդություններ»: Այս գլխում կան ենթաբաժիններ, որոնք վերնագրված են կոնկրետ հիվանդությունների անունով՝ քրոնիկ գաստրիտ, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոց, քրոնիկ հեպատիտ եւ այլն: Յուրաքանչյուր հիվանդության անվանումից հետո գալիս է դրա սահմանումը, տարածումը, պատճառները, պաթոգենեզը, դասակարգումը, կլինիկական պատկերը, բուժումն ու կանխարգելումը (բնականաբար՝ դեղաբույսերի, ինչպես նաեւ՝ սննդակարգի (դիետա) միջոցով եւ այլ բնական մեթոդներով), վերականգնողական շրջանը: Յուրաքանչյուր գլխի վերջում տրվում է այն դեղաբույսերի ցանկը, որոնք օգտակար են կոնկրետ տիպի հիվանդությունների բուժման պարագայում: Իսկ գրքի վերջում զետեղված է դեղաբույսերի ռուս-հայ- լատիներեն բառարանը: Մի խոսքով, կատարված է ծայրաստիճան մանրակրկիտ եւ անչափ օգտակար աշխատանք: Այս աշխատանքի հսկայական ծավալը հասկանալու համար բավական է միայն նայել օգտագործված գրականության ցանկը, որը բաղկացած է 377 անվանումից:

Այսօր, երբ ամբողջ աշխարհում վերջնականապես հասկացել են քիմիական դեղամիջոցների վտանգավորությունն ու հեռուն գնացող բացասական հետեւանքները, առավել արդիական են դառնում բուսաբուժությունը եւ դրան նվիրված ուսումնասիրությունները: Եվ մենք իրավունք ունենք ակնկալելու պետությունից ու անհատ բարերարներից, որ նրանք կստեղծեն դրա համար համապատասխան ժամանակակից լաբորատորիաներ: Այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ այդ որորտի առաջատարներից մեկը: Աշոտյանի նման բժիշկները եւ մեր շքեղ բնությունը տալիս են դրա լիակատար հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել