Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌԵԿՏ, ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՐ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐ

Նոյեմբեր 06,2007 00:00

\"\"Ըստ պատգամավորների, այդպիսի հատկություններով է օժտված Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը:

Երեկ, օրվա ավարտին, խորհրդարանը որոշում կայացրեց երկարաձգել աշխատանքային օրը, եւ ժամը 17:30-ից սկսվեց Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը: Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով Վերահսկիչ պալատն այլեւս աշխատելու է նոր կարգավիճակով՝ օժտված բավականին լիազորություններով, լինելու է այսպես կոչված՝ «անկախ կառույց», որը իրավասու է իրականացնել բյուջետային միջոցների եւ պետական միջոցների վերահսկողությունը: Ըստ Հիմնական օրենքի, ՎՊ-ի ղեկավարը պետք է լինի անկուսակցական:

Նախկին կառույցի՝ ԱԺ վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Գագիկ Ոսկանյանը (այն ժամանակ ՀԺԿ անդամ) ընտրվել էր դեռ «Միասնություն» դաշինքի կողմից, հետո, երբ տեղի ունեցավ «իշխանափոխություն», ՎՊ նախագահը անդամակցեց ՕԵԿ-ին եւ մնաց իր պաշտոնում: ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո՝ արդեն ՀՀԿ-ի հովանու ներքո, դարձյալ շարունակեց պաշտոնավարել:

Իսկ այժմ՝ նոր լիազորություններով ՎՊ-ն, ըստ էության, երկրի նախագահը վերցրեց իր ամենաանմիջական հսկողության ներքո, քանի որ Իշխան Զաքարյանի թեկնածությունը առաջարկել է հենց երկրի նախագահը: Պարոն Զաքարյանը հայտարարեց, որ աշխատանքի իր սկզբունքն է լինելու ապահովել ՎՊ-ի գործունեության «անկախությունը», «անաչառությունը» եւ «հրապարակայնությունը»: Ասաց նաեւ, որ ինքը պատրաստ է աշխատել խորհրդարանի հետ, հաշվի առնել բոլոր առաջարկությունները՝ «առողջ բանականության սահմաններում»:

Իշխան Զաքարյանին հարցեր ունեին միայն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրում էր՝ Իշխան Զաքարյանը կարո՞ղ է երաշխավորել, որ կունենա քաղաքական կամք՝ երկրի նախագահի, դատախազության, ԱԱ ղեկավարության, իր իսկ մերձավոր շրջապատի կամ այլ պաշտոնյաների ոչ իրավական առաջարկություններին դիմակայելու: Անահիտ Բախշյանն էլ ցանկություն հայտնեց, որ այն «պրոֆեսիոնալները», որոնց հետ պատրաստվում է աշխատել Իշխան Զաքարյանը, լինեն նաեւ ընդդիմության դաշտից: Իսկ Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ, Իշխան Զաքարյանը, «այս ամիսների ընթացքում իրեն դրսեւորել է շատ կոռեկտ, ամենակարեւորը՝ լավ ընտանիքի հայր է, ունի երեխաներ», սակայն քանի որ չի մասնակցել «Ժառանգության» նախաձեռնած ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի, կարող է հենց դա դառնալ վերջինիս համար հետապնդման առիթ»: Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց, որ «եթե փորձենք ՎՊ-ն դարձնել մտրակ, շատ վայրիվերումների մեջ կընկնենք»:

Հնչած բոլոր ելույթներում Իշխան Զաքարյանի մասին միայն լավ բաներ ասացին: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը իր հոգու պարտքը համարեց հատուկ շեշտել, որ ինքը պարոն Զաքարյանին տեսել է աշխատանքի մեջ. ասաց, որ նա, չլինելով պրոֆեսիոնալ, ղեկավարել եւ կայացրել է սպորտի բնագավառը. «Մասնավորապես նա իրականացրել է զանազան մարզական կառույցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ, Ծաղկաձորի օլիմպիական բազայի վերակառուցումը, իր նմանը չունեցող հազվագյուտ կառույցի՝ ճոպանուղու շինարարությունը: Ես անձամբ եմ տեսել եւ նաեւ մասնակցել, թե ցեխերի մեջ, բանվորների հետ միասին Իշխան Զաքարյանը ինչպես է աշխատում»: Իր խոսքում ամենակարեւորը Վիկտոր Դալլաքյանը համարեց հետեւյալը. «2003-2007 թվականներին ես հանդես եմ եկել կարծր ընդդիմության դիրքում, այս ամբիոնից խստորեն քննադատել եմ այն անձնավորությանը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է- Մ. Ե.), որը այսօր ներկայացրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, բայց մեր հարաբերություններում դա որեւէ դեր չի կատարում, եւ Զաքարյանի արժանիքներից ամենակարեւորը ես համարում եմ այն, որ իմ քաղաքական հայացքների համար նա իրեն թույլ չի տվել որեւէ բառ ասելու, ինչպես ես ինձ թույլ չեմ տվել»:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անձամբ էր եկել իր խոսքով «գովաբանելու» Իշխան Զաքարյանին. «Դպրոցը ավարտել է ոսկե մեդալով, կարմիր դիպլոմով ավարտել է համալսարանը, մեծ փորձ ունի աշխատանքի, տարբեր համակարգերում աշխատել է, ու այսօր, եթե երկրի նախագահը վստահել է այդ պաշտոնը, ինքը մեծ պատասխանատվություն ունի երկրի նախագահի առաջ, ժողովրդի առաջ եւ այսօր, առավել եւս, մեր պատգամավորների առաջ»: Գագիկ Ծառուկյանը ասաց, որ «բոլոր պատգամավորները բոլոր հարցերով կարող են դիմել, Իշխան Զաքարյանը պետք է կարողանա այս մեր բոլոր պատգամավորների հույսն ու հավատը իրականացնել»: Այս մտքին համամիտ չէր ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ով իր արտահերթ ելույթում հակառակն առաջարկեց, որ բոլոր պատգամավորները, նախարարները եւ մյուսները մոռանան Իշխան Զաքարյանի հեռախոսահամարները: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ամփոփեց, ասելով, որ այլեւս փակվում է ԱԺ վերահսկիչ պալատի պատմությունը, որը «պատվով է աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել