Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԱՏԵՂԵԿԱՑՐԵԼ ԵՆ»

Նոյեմբեր 09,2007 00:00

Ըստ Գուրգեն Մուշեղյանի, Գետառի կառուցապատումը համալիր փորձաքննություն է անցել

«Քաղաքը կենդանի օրգանիզմ է: Եթե մարդու երակները լավ չեն աշխատում, կարո՞ղ են լավ սնվել նրա բոլոր օրգանները: Քաղաքի ճանապարհները արյունատար անոթներ են: Ինչպես տրոմբները, այնպես էլ խցանումները պետք է վերացվեն, որ ճանապարհները բացվեն»,- այսպես է բացատրում Երեւանի գլխավոր հատակագիծը մշակած աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Մուշեղյանը մայրաքաղաքի արդի շինարարական վիճակը:

Նոյեմբերի 7-ին «մտահոգ պրոֆեսիոնալներ»՝ «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը եւ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ահազանգել էին, թե Գետառի հունի մի մասը ավտոճանապարհի վերածելը բնապահպանական առումով անթույլատրելին է եւ հղի վտանգներով: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ այսպես արձագանքեց դրան. «Ես զարմանում եմ այդ պրոֆեսիոնալների վրա, ովքեր տեղյակ չլինելով շատ խնդիրներից, տալիս են պրոֆեսիոնալ գնահատական»: Իսկ խնդիրները հետեւյալն են՝ Գետառը գետ է, բայց 1946 թվականի հեղեղից հետո, երբ Երեւանը մեծապես տուժեց, Գետառի հունը մաքրվել է եւ իրականացվել են մի շարք հիդրոտեխնիկական միջոցառումներ: Այդ պահից Գետառը սելավատար է ծառայում: Ավելին, 1951-52 թվականներին Առինջում կառուցվել է ջրակարգավորիչ ջրամբար, որի արդյունքում սելավների մեծ մասը քաղաք չի մտնում: Բացի սրանից, 1946 թվականին չկային Ավան, Նոր Նորք թաղամասերը, որոնք այժմ ջուր կլանող դեր են կատարում եւ այդ կերպ նվազեցնում քաղաք հոսող ջրերի ծավալը:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Գետառի հունի կառուցապատումը բնապահպանական փորձաքննություն չի անցել, ապա Գ. Մուշեղյանը տեղեկացնում է, որ դեռ 1998-99 թվականներին «Հայինժնախագիծ» ինստիտուտն է Գետառի հունի ամբողջական հետազոտություն իրականացրել: Ապա 2005 թվականին հաստատված Երեւանի գլխավոր հատակագիծն է անցել համալիր փորձաքննություն: Իսկ Գետառի հունի ներկայիս կառուցապատումը գլխավոր հատակագծի մեկ բաղկացուցիչն է: Գետառի հունը ամբողջությամբ չի փակվելու, նրա մի մասը շարունակելու է ծառայել որպես ջրատար եւ ունակ է լինելու բաց թողնել վայրկյանում 67 խմ ջուր: 1946 թվականի հեղեղի ժամանակ Գետառով անցել է վայրկյանում 150 խմ ջուր եւ ոչ 200, ինչպես հայտարարել էին բնապահպանները, պարզաբանեց Գուրգեն Մուշեղյանը, հավելելով, որ վերը բերված իրողությունները նկատի ունենալով՝ վստահաբար կարելի է պնդել, որ Գետառի վրա 18 քմ կտրվածքով ջրանցքը թույլ կտա ոչ միայն խուսափել հնարավոր հեղեղների բերած վտանգներից, այլեւ ջրանցքի բարձրությունը թույլ կտա հունը մաքրել տեխնիկայի միջոցով:

Ինչպես հայտնի է՝ Գետառի հունի մի մասի հաշվին լայնանում է Խանջյան փողոցը եւ մեծանում է մեքենաներին հոսքի թողունակությունը: Ըստ Գուրգեն Մուշեղյանի, նորմալ քաղաքներում մեկ քկմ տարածքին պետք է բաժին ընկնի 2-4 կմ ճանապարհ: Երեւանում 1.7 կմ է բաժին հասնում եւ արդյունքում կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածությունը հասնում է 120-150 տոկոսի: Այնպես որ, նոր ճանապարհներ կառուցելը, հները նորոգելը՝ անհրաժեշտություն են: Գուրգեն Մուշեղյանը համաձայն է բնապահպանների այն մտահոգությանը, որ Երեւանի բնապահպանական խնդիրները լուծել է պետք, բայց վստահ է, որ նրանց առաջարկած լուծումներն են սխալ: Եթե կարիք կա՝ պետք է մաքրել Առինջի ջրամբարը եւ Գետառի հունը՝ ասում է նա: «Երեւաննախագծի» տնօրենը նկատում է, որ փակ ջրանցքը բացառում է կեղտաջրերի մուտքը Գետառ, մի բան, որ այսօր լայնորեն տարածված է: Կամ՝ բազմամակարդակ փողոցներ ունենալը Արշակունյաց փողոցից մինչեւ Մյասնիկյան պողոտա՝ առանց լուսացույցների անընդհատ երթեւեկ է ապահովում: Եվ եթե այսօր մեքենան այդ հատվածը անցնում է 30 րոպեում, այն ժամանակ կանցնի 5-7 րոպեում՝ ծախսելով շատ ավելի քիչ բենզին, հետեւաբար՝ շատ ավելի քիչ աղտոտելով Երեւանի օդը:

«Ուրախ եմ եւ ողջունում եմ հանրապետության կառավարությանն ու Երեւանի քաղաքապետարանին, որ համարձակություն ունեցան այս կիսատ մնացած ծրագիրը վերսկսելու»,- եզրափակեց Գ. Մուշեղյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել