Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ

Փետրվար 26,2008 00:00

\"\"Սակայն ՀՅԴ-ն պատրաստակամ է հրաժարվել կուսակցության ստանձնած պետական պաշտոններից

ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունը փետրվարի 24-ին ստորագրեց՝ ներկայացնելով հատուկ կարծիք, որում մասնավորապես նշված է, թե Հայաստանի «ընտրական համակարգում դեռեւս 1995 թվականից արմատավորված եւ մինչ օրս շարունակվող ընտրակաշառքը, տարբեր տեսակի բռնությունները եւ թերությունները» իրեն բերել են «այն համոզման, որ ՀՀ-ում գոյություն ունեցող ընտրական համակարգը լրջագույն եւ արմատական բարեփոխումների կարիք ունի»:

Երեկ խորհրդարանի նիստի սկզբում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց Վահան Հովհաննիսյանի դիմումը՝ փետրվարի 25-ից ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Ըստ ԱԺ Կանոնակարգի, եթե հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չվերցնի դիմումը՝ հրաժարականը կհամարվի ընդունված:

Քիչ անց Տիգրան Թորոսյանն առաջարկեց շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ համոզմունք հայտնեց, որ հետագայում եւս լիակատար համագործակցության պայմաններում իրենք կաշխատեն լուծել երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Հետեւեցին ծափեր, որոնք հնչեցին գերազանցապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի շարքերից: Նրանց միացան նաեւ ՀՅԴ խմբակցության մի քանի պատգամավորներ, մասնավորապես՝ «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը եւ Հրանտ Վարդանյանի որդին՝ Կարենը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում տեսակետ էր հայտնել, թե ՀՅԴ-ն կշարունակի համագործակցել կոալիցիայի հետ: Սակայն երեկոյան տարածվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է, թե ընտրությունները ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով. «Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկնածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, խախտումներով ընթացավ նաեւ քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում՝ ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է հետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել: Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով ԿԸՀ-ի հրապարակած տվյալները եւ միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Միաժամանակ, հավատարիմ մնալով 2007թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով»:

Միջանկյալ նկատենք, որ կոալիցիայի հետ ՀՅԴ համաձայնագիրն առանց այդ էլ գործում էր մինչեւ նախագահական ընտրությունները: Բացի այդ՝ գործող կառավարությունն առանց այդ էլ պիտի հրաժարական տա, երբ նոր նախագահը կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Ընտրախախտումներն արձանագրելով՝ ընտրությունների արդյունքները չվիճարկելու այս «սկզբունքային» հայտարարության մեջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նաեւ առաջարկել ու պահանջել է.

«ա. անաչառ ու ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը եւ պատժել մեղավորներին,

բ. դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը,

գ. շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու ուղղությամբ,

դ. ձեւավորել ընտրական բոլոր գործընթացներում ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրեական տարրերի մասնակցությունը, իշխանական ռեսուրսի կիրառումը բացառող ընտրական համակարգ,

ե. երկրում ապահովել իրական բազմակարծություն եւ խոսքի ազատություն,

զ. քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության համար ապահովել լիարժեք հնարավորություններ,

է. քաղաքական երկխոսության եւ ազգային համաձայնության արդյունքում այնպիսի կառավարություն ձեւավորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել