Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիների «անհավանական» արկածները՝ Հայաստանում

Մարտ 28,2008 00:00

\"\"Արտերկրի որսորդները մտադիր են Արարատյան դաշտավայրի թռչունների վերջը տալ:

Իտալական «Արարատ Սաֆարի» ընկերությունը www.araratsafaris.com/

caccia_alle_anatre.html կայքի միջոցով ողջ աշխարհի որսորդներին հրավիրում է Հայաստան՝ Արարատյան դաշտավայրում, մասնավորապես՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում թռչունների որս կատարելու: Այս առաջարկ-գովազդի առնչությամբ մի շարք բնապահպանական եւ թռչնասեր հ/կ-ներ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Ըստ բնապահպանների, հատկապես Արմաշ լճի մերձակայքում 140 տեսակի թռչուններ կան, դրանց մի մասը գրանցված է Կարմիր գրքում, հետեւաբար՝ այդ թռչունների որսը խստիվ արգելվում է: Բնապահպանության նախարարությունը պնդում է, որ ինքը «Արարատ Սաֆարի» ընկերություն չի ճանաչում, այդ իտալական կազմակերպությանը թույլ չի տվել մեր երկրում որս կազմակերպել եւ չի էլ կարողանում ոստիկանության հետ պարզել, թե ովքե՞ր են այդ որսորդները: «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ն մի քանի լրագրողների հետ երեկ այց էր կազմակերպել Արմաշ գյուղ՝ տեղում ծանոթանալու «Արարատ Սաֆարիի» գործունեությանը:

Արմաշում ոչ ոք, նույնիսկ Արարատի բնապահպանության տեսչության պետ Քաջիկ Սարգսյանը իտալացիների նախաձեռնության մասին տեղյակ չէր: Նա վստահեցրեց, որ մարզում իտալացիները նման որս կատարելու լիցենզիա չեն ստացել: Պարոն Սարգսյանը լրագրողներին ուղարկեց Արսեն Զադոյանի մոտ, որը «Արարատ Սաֆարիի» բաժնետերերից է: Վերջինս չհերքեց, որ իրենց ընկերությունն իսկապես զբաղվում է տուրիստական որսորդությամբ: Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս եք առանց նախարարության արտոնագրի նման գործունեություն ծավալում՝ Ա. Զադոյանը պատասխանեց. «Մենք մինչ օրս դեռ որս չենք կազմակերպել, առայժմ միայն գովազդային աշխատանքներ ենք տանում, իսկ լիցենզիա ձեռք ենք բերում միայն որսի սեզոնին՝ համապատասխան որսատեսակի համար»: Հայաստանում բոլոր որսորդները պարտավոր են գործել միայն որսի համար սահմանված ժամկետում, մինչդեռ «Արարատ Սաֆարիի» ներկայացուցիչները կայքում հրավեր են անում անգամ որսի համար նախատեսված ժամկետից դուրս: Օրինակ, այս տարի որսի ժամկետը փակվել է փետրվարին, սակայն իտալացիներն առաջարկում են տուրիստներին որսի համար Հայաստան գալ մինչեւ ապրիլի 15-ը, երբ որսն ընդհանրապես արգելված է:

Իտալացիների կայքում զետեղված են նաեւ լուսանկարներ, որտեղ որսորդները ցուցադրում են մեծ քանակությամբ որսած թռչուններ: Այս առնչությամբ Արսեն Զադոյանն արդարացավ, թե «դրանք ուրիշի խփած բադերն են, հավաքել ենք տարբեր մարդկանցից, որ գովազդի համար գրավիչ լինի»:

Ինչպես պարզեցինք, «Արարատ Սաֆարի» ընկերությունը գործում է 2005-ից: Արսեն Զադոյանը վստահեցնում էր, որ այս 2 տարվա ընթացքում իրենք ոչ մի տուրիստի չեն կարողացել բերել մեր երկիր. «Առայժմ միայն զանգեր են եղել, ընդ որում հետաքրքրվողները հիմնականում իտալացիներ են: Մենք ակնկալում էինք, որ որսի սեզոնին 10-15 տուրիստ կունենայինք»: Թե «Արարատ Սաֆարին» յուրաքանչյուր տուրիստից որքա՞ն գումար էր ակնկալում ստանալ՝ Ա. Զադոյանը չասաց:

Նշենք, որ, ըստ բնապահպանների, ինչպես Իտալիայում, այնպես էլ ողջ Եվրոպայում թռչունների որսի մասին օրենքները շատ խիստ են, ուստի արտերկրի որսորդները Հայաստանի պես երկիր են փնտրում՝ էժան որս անելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել