Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ

Մայիս 03,2008 00:00

Ոչ քաղաքական մտորումներ

Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ «Առավոտում» կարծիք էի հայտնել, որ «ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական պրիզմայով»: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 2-3 շաբաթ անց լուրջ քաղաքական գործընթացները կբացատրվեն զուտ հոգեբանական երեւույթներով, երբ հարգարժան իրավապահներն ազգիս կբացատրեն, թե ինչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը, իսկ հարգարժան հոգեբանը «կիսաճշմարտության մանիպուլյացիաներով» հոգեբանական միակողմանի քարոզչություն կիրականացնի, էլ չեմ խոսում աղանդների, հիպնոսի, հոգեխանգարմունքի վերաբերյալ ոչ մասնագետների անհեթեթ դատողությունների մասին: Եվ միայն առավել հավասարակշռվածներն էին իրենց պես չմտածողներին քնքշորեն անվանում «մոլորյալներ»: Իրոք որ, նման նեղ հոգեբանական պրիզմա մեզ պետք չէ:

Գիտե՞ք, թե իսկական գիտնականն ինչով է տարբերվում միջակից: Վերջինս օգտագործում է միայն այն տվյալները, որոնք ներդաշնակվում են իր թեզի հետ, իսկ իսկական գիտնականը փորձում է ժխտել իր թեզին հակասող դրույթները: Առաջին դեպքում հեշտ է «արդյունքներ» ստանալը, վկա՝ Հայաստանում պաշտպանվող դիսերտացիաների բացարձակ մեծամասնությունը, իսկ երկրորդ դեպքում բավականին դժվար է հաջողության հասնելը: Պարզ ասած, միջակ գիտնականը պնդում է, որ արեւածագը պայմանավորված է աքլորականչով, քանի որ իր հետազոտությունները ցույց են տվել, որ դրական կորելյացիա է հայտնաբերվել աքլորի ծուղրուղուի եւ արեւածագի միջեւ, այնինչ՝ իսկական գիտնականը կփորձի հետազոտել արեւածագը աքլորի բացակայության պայմաններում, եւ խնդիրը շատ կբարդանա: Սա՝ իմիջիայլոց, առ այն, թե ինչ արժեք ունեն կիսաճշմարտությունները՝ նման առատությամբ շրջանառվող մտահոգ դեմքերով մեր բազմաթիվ «սրտացավակառուցողական» մտավորականների կողմից;

Քաղաքականությունը՝ ինչպես կրոնը, հիմնված է զգացմունքների վրա, եւ պատահական չէ, որ Եվրոպայում անքաղաքավարություն է համարվում դրանց մասին ճաշկերույթների ժամանակ խոսելը՝ կարող են հեշտությամբ վիրավորել հյուրին, առավել եւս, որ դրանց արդյունքում կարծիքները, սովորաբար, չեն փոխվում: Մեզ մոտ վերջերս հակառակ պատկերն է. մի բան ուտելուց ու արագ շնորհավորելուց անմիջապես հետո սկսվում են սեղանակիցների բուռն քաղաքական բանավեճերը՝ փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով: Բոլորս էլ գիտենք, որ դրանց արդյունքում ոչ մեկի կարծիքը իր նախընտրած թեկնածուի վերաբերյալ դեռ երբեք չի փոխվում, դեռ ավելի են համոզվում իրենց ճշմարտացիության մեջ, փոխարենը՝ փոխվում է կարծիքը իրենց ընդդիմախոսի մասին. նա լավագույն դեպքում տեղեկացված չէ, վատագույն դեպքում՝ բթամիտ կամ ստոր: Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ բարեկամական զգացումներով են լցվում իրենց կարծիքին համահունչ տեսակետ ունեցողի հանդեպ, նույնիսկ, եթե նախկինում չէին հավանում նրան:

Ինչ խոսք, հետաքրքիր է, թե ինչպես են ձեւավորվում քաղաքական հայացքներն ու նախընտրությունները: Ինչո՞ւ են որոշ գաղափարներ մարդկանց կողմից ընդունվում համարյա երջանկության զգացումով, մյուսները՝ բախվում ատելության, երբեմն էլ՝ խուլ անտարբերության պատին։ Ի՞նչն է դրդում մարդկանց մի մասին աներկբա ենթարկվել ուրիշի կամքին, մյուսներին էլ՝ անխոնջ դիմադրել դրան, երբեմն, նույնիսկ, էականորեն վնասելով սեփական շահերին:

Շատերը համոզված են, որ ընտրողներն իրենց առաջնորդներին ընտրելիս հաշվի են առնում բոլոր կողմ եւ դեմ փաստերը, կարեւորելով անձնական շահավետությունը: Այսօր փորձարկումների եւ կոմպյուտերային մոդելավորման արդյունքները ձեռնոց են նետում այս տեսակետին: Պարզվում է, որ ընտրողներն ավելի հակված են ընդունել հուզական որոշումներ, որոնք միայն հետագայում են ռացիոնալ գիտակցվում: Նման եզրակացության են հանգել ամերիկացի քաղաքագետ Չարլզ Տաբերն ու նրա կոլեգաները, որոնք վերջին տասը տարում զբաղվել են այն խնդրով, թե ինչպես են մարդիկ որոշում ում օգտին քվեարկել:

Ասել կուզի, որ «Մենք կստեղծենք հզոր Հայաստան» միանշանակ դրական իմաստ ունեցող բառերը ղարաբաղցի բիզնեսմենի համար շատ ավելի հաճելի հույզեր են առաջացնում, երբ դա ասում է Սերժ Սարգսյանը, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ այդ բառերը Ս. Սարգսյանի կատարմամբ հիմնականում ավելի քիչ դրական հույզեր են առաջացնում գեղեցիկ հայերենով խոսող երեւանցի գիտնականի մեջ, քան՝ երբ նույնը լսում է Լ. Տեր-Պետրոսյանի շուրթերից: Եթե փորձեք երեւանցուն բացատրել, որ իր աշխատասիրության եւ պետական կառավարման մեծ փորձի շնորհիվ Ս. Սարգսյանն ավելի հաջող կարող է լուծել գիտության ֆինանսավորման հարցերը, իսկ ղարաբաղցուն՝ որ դեմոկրատ ղեկավարի հեղինակությամբ Լ. Տեր-Պետրոսյանը միջազգային ասպարեզում ավելի մեծ հաջողությամբ կարող է լուծել Ղարաբաղի հարցը, հաճախ կարժանանաք քմծիծաղի, որոնք անպայման կավարտվեն մի դեպքում խաղամոլության, մյուս դեպքում՝ Ղարաբաղը ծախելու մասին անպարկեշտ խոսակցություններով: Օրինակը շատ պայմանական է, բայց նման մղումներն են պատճառը, որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը չի ուզում լսել իր համոզմունքներին հակասող փաստարկներ: Կեղծ բարեպաշտությունն ու սեպ խրելու մասին հերթապահ բառերը ոչ մի խնդիր չեն լուծում ու հարկ է գիտակցել, որ այս պայքարը ոչ այնքան Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի, որքան՝ մարդկային տեսակների միջեւ է, որոնք բոլորն էլ իրենց Հայրենիքը սիրող, բայց այն տարբեր կերպ պատկերացնող իսկական հայեր են:

Իհարկե, սա չի նշանակում, թե բանականությունն ու տրամաբանությունը բոլորովին դեր չեն խաղում, սակայն, միանշանակ է, որ դրանց վրա զգալի ազդեցություն են թողնում կողմնակի խթանները: Համաձայն փորձարկումների արդյունքների՝ մարդկանց քաղաքական հայացքները կամ ծագումը շատ ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան թեկնածուի մասին լավ տեղեկացվածությունը:

Ասվածի ենթատեքստում հետաքրքիր են մտավորականության կողմից հնչեցվող ազգի համերաշխության եւ միասնության վերաբերյալ անկեղծ կամ ձեւական կոչերը, որոնք միայն լավ կենացներ են՝ պարզապես բաժակի փոխարեն բարձրախոս է: Ողջ ազգը չի կարող նույն կերպ մտածել, առավելագույնը նրա մեծ մասը կարող է համախմբվել որեւէ լուրջ վտանգի դեպքում: Եվ եթե մարդկանց մեծամասնությունը կարողանար իր արարքներում ղեկավարվել միայն բանականությամբ, աշխարհը, իհարկե, այլ կլիներ: Ավաղ կամ բարեբախտաբար, չի կարող նման բան լինել, այնպես, ինչպես մեծ մասը կին կամ մասնագիտություն չի ընտրում միայն բանականությամբ:

Արդյո՞ք դատապարտված ենք: Իհարկե՝ ոչ: Ազգի Համերաշխությունը (մեծատառով) մեծապես կախված է առաջին քաղաքական դեմքերի համաձայնությունից, համաձայնություն՝ առանց պայմանականությունների, ինչպես, օրինակ, լավ ֆուտբոլային թիմում: Սակայն, ավաղ, այս մարդկանց հոգեկերտվածքում բազում տարրեր կան, որոնք նրանց խուլ են դարձնում նույնիսկ սեփական բանականության հորդորներին: Եվ դա պատահական չէ: Այլ տիպի մարդիկ հազվադեպ են հայտնվում քաղաքականության մեջ: Քաղաքականությունը դա պայքար է, որը պահանջում է կամք, կոշտություն, հարվածներ հասցնելու եւ ընդունելու ունակություն, որակներ, որոնց աղբյուրը ագրեսիվությունն է: Կառուցողական երկխոսությունը նման մտածողության դեպքում անհնար է: Չկա քաղաքականություն՝ առանց քաղաքական գործչի անձի:

Երկխոսության համար ամենամեծ խոչընդոտներից մեկը տագնապայնությունն է, ինչը, անկասկած, աչքի է զարնում: Չկան ավելի վատ գործընկերներ, քան այն մարդիկ, ովքեր գտնվում են տագնապային լարվածության մեջ: Նրանց մոտ նվազում է աշխարհն իրական ընկալելու ունակությունը, ահագնանում է կասկածամտությունը: Ամեն բան հիվանդագին չափազանցվում է՝ անհամաձայնությունը դիտում են որպես ատելություն, սառնությունը՝ որպես թշնամանք: Այդ իսկ պատճառով՝ տագնապի ամենաունիվերսալ ռեակցիան ագրեսիան է:

Հոգեբանորեն քաղաքականությանն ավելի մոտ է սպորտը, որտեղ ամեն բան ավելի պարզ է: Այստեղ ագրեսիվությունը քաջալերվում է բարձր արդյունքների հասնելու նպատակով, այնքան որ՝ դատավորին չհարվածի…

Ընդհանրապես, հայերիս մեծամասնությունը չունի պարտվելու ունակություն: Նույնիսկ ատելությունը երջանիկ մրցակցի հանդեպ, վրեժի զգացումը շատ բնական են համարվում: Բայց չէ՞ որ դա սխալ է, պարտության դառնությունը հաղթահարելու մանկական անկարողություն: Հիշեք, թե ինչպես է դաստիարակվում հայ տղաների մեծամասնությունը: Մեզնից շատերի մտայնությամբ՝ տղամարդը նա է, ով չի զիջում: Պարտությունը կարելի է տանել առանց ագրեսիայի բռնկումների ու հոգեկան ընկճվածության, բայց դրա համար պետք է այլ հոգեբանություն ունենալ:

Փոխզիջումների գաղափարը՝ այդքան հրապուրիչ բանականության մակարդակում, անհաղթահարելի խոչընդոտների է բախվում ավելի խորը հոգեկան ոլորտներում: Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդկանց համար ակնհայտ է, որ թատերաբեմում բացարձակապես այն պիեսը չի խաղացվում, որը հայտարարվել է: Անձնական պրոբլեմները շեղում են, երբեմն՝ նույնիսկ արտամղում են Գործը: Այս տենդենցը ներկայումս աճում է եւ դա բնական է: Սթրեսային իրավիճակներում տեղի է ունենում հոգեկանի հետաճ, իջնում է դեռահասային կամ նույնիսկ մանկական շրջան: Երբեմն ուշադիր ունկնդրելով քաղաքական գործիչներին, կարծես թե լսվում է մեր շատ հեռավոր նախնու ձայնը, որը հակառակորդի հետ վարվելու միայն մի ձեւ գիտեր՝ սպանել եւ ուտել, այդպիսով յուրացնելով զոհի ուժը:

Իսկ ինչո՞ւ ենք մենք նախընտրում հենց այս մարդկանց: Շատ պարզ. դարեր ի վեր մեր ողջ կեցությունը դա յուրօրինակ հարմարում է Ուժին, մենք հաճույքով մեզ հզոր ենք երեւակայում՝ սխալմամբ մեզ նույնականացնելով Ուժի եւ ոչ թե նրա հետ, ինչը մենք իրապես սիրում ենք եւ ինչը կարող էր մեզ իրապես երջանիկ դարձնել, եւ սա սերնդեսերունդ ձգվող մեծագույն սխալ է, կեղծ իրականություն՝ իր բնույթով կործանարար եւ ախտաբանական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել