Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ

Մայիս 14,2008 00:00

Ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը:

Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր կձեւավորվի Հասարակական պալատ կամ խորհուրդ (անվանումը դեռ վերջնականապես հստակեցված չէ): Այն պիտի քննարկի պետական նշանակության խնդիրները՝ օրենքներ, նախագահի հրամանագրեր եւ այլն: Սակայն քաղաքագետ Էդվարդ Անտինյանը վերջերս հեռուստաելույթներից մեկում թերահավատություն հայտնեց այդ պալատի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ:

Մեր խնդրանքով պարզաբանելով թերահավատության հիմքերը՝ պրն Անտինյանն ասաց, թե իր խոսքն ընդամենը նախազգուշական հորդոր է, թե հետագայում ինչ բարդություններ կարող են առաջանալ, որ դրանց մասին մտածենք հիմիկվանից. «Փոփոխված սահմանադրությամբ պակասել են նախագահի լիազորությունները հօգուտ ԱԺ-ի ու կառավարության: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդքան կարեւորել նախագահին կից ստեղծվելիք խորհրդակցական մարմնի դերը մեր հանրային կյանքի համար: Ու եթե ՀՀ նախագահը փորձի այդ կառույցին մեծ նշանակություն տալ, ապա բախվելու է կոալիցիոն գործընկերների շահերի հետ: Չէ՞ որ վերջիններս չեն հանդուրժի, որ ՀՀ նախագահն իրենց հաշվին ընդդիմությանն ու հասարակությանը սիրաշահելով՝ սեփական դիվիդենտների հարց լուծի: Ու հազիվ թե նրանք ԱԺ-ում այլեւս լուռումունջ կոճակ սեղմեն կամ սազն առնեն ու գովերգեն նախագահի ցանկացած նախաձեռնություն, եթե նա իրեն կից մարմնում շահագրգիռ քննարկումներ է անցկացնելու նույն այդ հարցերի շուրջ: Ուստի հավանական է, որ Հասարակական պալատի հենց առաջին նիստից հետո՝ ԱԺ-ի հերթական քառօրյայում կոալիցիայի պատգամավորներն այնպիսի հարցեր բարձրացնեն, որ ընդդիմադիրները մնան «անգործ», իսկ Հասարակական պալատի հերթական նիստն էլ անորոշ ժամանակով հետաձգվի»:

Քաղաքագետի վերլուծության համաձայն՝ Սերժ Սարգսյանի «ուղղակի կամ միջնորդավորված խաղերն» ընդդիմության հետ՝ ի հաշիվ կոալիցիայի, նրան կդնեն «շատ ծանր վիճակի մեջ, քանի որ դա կդիտվի խաղի կանոնների կոպիտ խախտում, որի համար անգամ դաշտից են հանում: Նախագահի ցանկացած փորձ իրեն կից ընդդիմության միջոցով մեղմել հասարակական լարվածությունը՝ դատապարտված է, իրական քայլեր են պետք:

Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե Հասարակական պալատն օրենքով այնպիսի լիազորություններ ունենա, որ ՀՀ նախագահը պարտադրված լինի նրա հետ հաշվի նստել՝ դա էլ մյուս ծայրահեղությունը կլինի, քանի որ ինչպե՞ս կարելի է խորհրդատվական կառույց ստեղծել ու տրվելիք խորհուրդը օրենսդրորեն պարտադրել կառույցի տիրոջը: Կամ էլ, եթե այնուամենայնիվ նրա բնականոն գործունեությունը պայմանավորված է լինելու նախագահի բարի կամքով ու բխելու է նրա հրամանագրի տառից ու ոգուց, ապա դա էլ անընդունելի կլինի պալատի կազմում ընդգրկված պատվախնդիր մարդկանց համար. եթե պետք է՝ նախագահն իրենց հավաքում է ու խորհուրդ հարցնելու իմիտացիա ստեղծում, իսկ եթե պետք չի, պարզապես անտարբեր է այդ կառույցի ու նրա գործունեության նկատմամբ»:

Էդվարդ Անտինյանը հիշեցրեց, որ Հասարակական պալատներ կան ԱՊՀ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում. «Սակայն, թե որքանով են դրանք արդյունավետ գործում՝ վիճելի հարց է: Իսկ խոսել Ռուսաստանում Հասարակական պալատի գործունեության արդյունավետության մասին՝ պարզապես լուրջ չէ, քանի որ նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են այնտեղի ժողովրդավարության մակարդակին՝ գիտեն, որ Հասարակական պալատը Պուտինին բազմակողմանիորեն գովերգելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին է սոսկ: Չնայած, եթե անգամ այդ կառույցը արդյունավետ գործեր ՌԴ-ում, դա նույնպես հիմք չէր տա մեզ կարծել, թե այդպես կլինի նաեւ Հայաստանում: Դժվար չէ նայել քարտեզին եւ էլի մի քանի չափանիշների թռուցիկ վերլուծություն կատարել, որ հասկանալի դառնա՝ հասարակության ձայնը երկրում լսելի դարձնելու ռուսաստանյան մոդելը մեզ համար ամենեւին էլ պիտանի չէ:

Ուստի, ՀՀ նախագահը պետք է հավատարիմ լինի իրեն վերապահված լիազորություններին, հետեւի Սահմանադրության պահպանմանը, ապահովի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, այդ քայլերը պետք է կատարի պետության ինստիտուցիոնալ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով, բարենպաստ միջավայր ստեղծի քաղաքական ու հասարակական գործունեության համար, արդյունքում հանրությունը մասնակից կդառնա մեր երկրի կառավարմանը, դրանով ժողովուրդն իրեն երկրի տեր կզգա ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու հարցում, այլեւ առհասարակ: Իսկ ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման մասին նույնիսկ ավելորդ է խոսել, քանզի դա է հարցերի հարցը. քո՞ քվեարկության արդյունքում է ձեւավորվում իշխանություն, թե՞ գլխիդ իշխանություն են կարգում՝ քաղաքացի՞ ես, թե՞ հպատակ: Պետք է դուրս գալ պալատից, գնալ հասարակության խրճիթ, նստել ու ծանրութեթեւ անել երկրի առաջ ծառացած այս բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման ուղիները, այլ ոչ թե հասարակության «ընտրյալներին» բակի կողմից պալատ մտցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031