Լրահոս
Օրվա լրահոսը

4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ

Մայիս 16,2008 00:00

Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ:

\"\"Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած հարցնում է. «Թաղապետարանից էկել են մեզ հանե՞ն»:

\"\"Կառավարության պատերի տակ ձմեռն անցկացնելուց հետո 11 ամսական Վոլոդյան բրոնխների հիվանդություն է ձեռք բերել: Իսկ քույրը՝ Սվետլանան, կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնում:

\"\"Անահիտի թոռնիկները 10 օրից նույնիսկ այս 4 «պանելից» կզրկվեն:

 

 

Նրանց թվում կան անչափահասներ, միայնակ մայրեր, թոշակառուներ եւ հաշմանդամներ: Այս ընտանիքները տուն չունենալու պատճառով տարիներ առաջ ինքնակամ զբաղեցրել են դեռեւս խորհրդային տարիներին կառուցված ու անավարտ մնացած Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի մի քանի սենյակներ: Վերջերս հայտնվել են այդ շենքի օրինական տերերը եւ անօթեւաններից պահանջել բնակարաններն ազատել: Սեփականատերերն արդեն դիմել են դատարան, որն էլ վճռել է անտուն քաղաքացիներին տարածքից վտարել: Հակառակ դեպքում՝ ԴԱՀԿ-ն նրանց դուրս կշպրտի: Երեկ, երբ նշյալ հասցեում էինք, բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ առ մեկ երեսով էին տալիս նախընտրական շրջանում տված խոստումները. «Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ ասում էր՝ Հայաստանում ոչ մի անտուն չի մնա, ամեն հայ պետք է ավտոմեքենայով եւ բնակարանով ապահովված լինի, մեզ հետ հանդիպման ժամանակ էլ խոստացավ, որ մեզ կօգնի, բա ո՞ւր կորան խոստումները»:

Բնակիչների ներկայացմամբ, այդ տարիների ընթացքում իրենք ապրել են անմարդկային պայմաններում: Շենքը չունի կոյուղի, պատուհաններ, դռներ, մարդիկ տարիներով անգամ էլեկտրաէներգիա չեն ունեցել: Զուգարանի եւ լոգարանի մասին խոսք անգամ չէր կարող լինել: Դրանց բացակայության պատճառով բնակիչներն իրենց բնական կարիքները հոգում են դույլերի մեջ: Լոգանքն էլ ընդունում են հարեւան շենքերից կրած, վառարանի վրա տաքացրած ջրով ու բետոնե հատակին կանգնած: Այդ կիսակառույց շենքն ունի ընդամենը պատեր ու բետոնե հատակ: Բնակիչները այստեղից-այնտեղից անպիտան դուռ, լուսամուտ ու մաշված կահույք են հայթայթել, որպեսզի ձմռանը չցրտահարվեն: Նրանց պատմելով, այդուհանդերձ, շենքում այնքան խոնավ եւ ցուրտ է, ու շուրջ տարին էլ միջանցիկ քամիներ են փչում, որ գրեթե բոլոր բնակիչները առողջական խնդիրներ ունեն:

«Մեր ընտանիքն արդեն 2 անգամ վտարվել է: Ֆուչիկի 10-ում էինք ապրում, բայց դա էլ որպես վթարային՝ քանդեցին ու մեզ ձմեռվա կեսին դուրս գցեցին, մոտ 50 օր նորածին թոռանս հետ դրսում էինք ապրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց շենքի բնակիչ Անահիտ Իսպիրյանը, որի ընտանիքն ապրում է իր հաշմանդամության թոշակով:

Գոհարիկ Կոստանյանն էլ այստեղ ապրում է դստեր եւ 2 անչափահաս թոռների հետ: Անահիտ Սիմոնյանի տղան ու հարսը հաշմանդամ են եւ անաշխատունակ, դուստրն էլ իր անչափահաս երեխայի հետ ապրում է իրենց հետ: «Երեխայիս կաթը խանութից պարտքով եմ վերցնում, որ հետո հաշմանդամության թոշակիցս պարտքը փակեմ: Ամբողջ ձմեռ փոքրիկիս բարուր արած կառավարության շենքի մոտ էինք գնում, որ խնդրեինք Սերժ Սարգսյանին՝ մեզ այստեղից չվտարեն: Էդ ցրտին էրեխուս հետ ժամերով էնքան կանգնեցինք, որ բրոնխները հիվանդացան: Հիմա խրոնիկ հիվանդ է: Մենք արդեն հասկանում ենք այն մարդկանց, ովքեր ասում են՝ կվառեմ էրեխուս: Միանգամից ամեն ինչից կպրծնեն: Քիչ է մնում, ԴԱՀԿ-ի գալու ժամանակ, էրեխեքին առնենք ու պատուհաններից քցվենք»,- պատմեց Անահիտի հարսը:

Վարդուհի Մուգդուսյանի խոսքերով էլ՝ «4 անչափահաս թոռ ունեմ, հարսս էլ էսօր-էգուց կազատվի, որ լսում է ԴԱՀԿ-ի անունը՝ սթրեսի մեջ է ընկնում: Փաստորեն, թոռս փողոցու՞մ պիտի ծնվի: Ո՞ւր գնանք նորածնի ու անչափահասների հետ: Այնքան գումար էլ չենք ստանում, որ կարողանանք վարձով ապրել»: Բնակիչների խոսքերով, քաղաքապետարանում իրենց խորհուրդ են տվել դիմում գրել, որպեսզի ընդգրկվեն անօթեւանների ցուցակում, սակայն որոշ ժամանակ անց ասել են, թե նման ծրագիր քաղաքապետարանը չունի:

Աջափնյակի փոխթաղապետ Արմեն Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ այդ բնակիչներն այդտեղ ապօրինի են բնակվում, իսկ շենքի բոլոր բնակարանները օրդերով սեփականատերեր ունեն. «Մեր համայնքը ազատ բնակֆոնդ եւ բյուջե չունի, որպեսզի այդ մարդկանց կացարանով ապահովի»:

ՀՀ-ում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է անօթեւաններին ժամանակավոր կացարաններով ապահովում: Նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ իրենք առաջին հերթին ժամանակավոր կացարաններ հատկացնում են դրսում հայտնված մարդկանց, մասնավորապես՝ «բոմժերին». «Ձեր նշած անօթեւանները Հայաստանում մոտ 20.000 կլինեն: Բայց մեր կացարանը ընդամենը 50 մարդու համար է: Իսկ ընտանիքներով ապրելու համար հարմար չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել