Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական «կնճիռներ»

Մայիս 16,2008 00:00

\"\"Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով

2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ամրագրվել է ներառական կրթություն հասկացությունը: Այժմ պաշտոնապես ճանաչված է ներառական կրթություն իրականացնող 14 դպրոց: Եվս 18-ը վերապատրաստման փուլում է: Այսինքն՝ մտավոր, հենաշարժական, լսողության, տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաները կարող են իրենց նախընտրած դպրոցում սովորել մյուս աշակերտների հետ: Պարբերաբար վերապատրաստվում են նշված 14 դպրոցների ուսուցիչները, մշակվում են կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող անձանց համար ուսումնական պլաններ: Առաջին հայացքից ամեն ինչ պատրաստ է ներառական կրթության իրականացման համար, սակայն ոլորտում կան բազում խնդիրներ: «Հույսի կամուրջ» հ/կ-ի կազմակերպած երեկվա սեմինար-քննարկումը վերաբերում էր նշված թեմաներին: Որոշ ծնողների այն դժգոհությունները, թե ինչո՞ւ իրենց երեխայի հետ նույն դասարանում պիտի սովորի հաշմանդամ երեխա, «Առավոտը» փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանին: «Ցանկացած դպրոց, որը ճանաչվում է որպես ներառական կրթություն իրականացնող, նախնական բազում փուլեր է անցնում: Ճշտում ենք ծնողների, ուսուցիչների վերաբերմունքը, կրթական միջավայրի համապատասխանությունը… Խնդիրն այն ծնողը չէ, որի երեխան ներառական կրթություն չի ստանում, այլ կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխան է, որը կարող է իրեն հարմար չզգալ մյուսների կողմից ստեղծված միջավայրում»,- պատասխանեց տիկին Մուրադյանը: Նա նաեւ հավելեց. «Հասարակությունն այնքան մարդասեր չէ: Հաճախ այն շարժվում է տնտեսական օգուտներից ելնելով: Իրականում՝ հասարակության համար ավելի ձեռնտու է հաշմանդամ կրթելը, աշխատեցնելը, աշխատավարձ տալը, քան սոցիալական նպաստներով պահելը»: «Հույսի կամուրջ» հ/կ-ի «Արեւածաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանն էլ ներկայացրեց ներառական կրթության բժշկական եւ սոցիալական մոդելները. «Բժշկական մոդելը խնդիրը տեսնում է մարդու մեջ, օրինակ՝ որ նա չի քայլում, չի տեսնում: Իսկ սոցիալական մոտեցման համաձայն՝ հաշմանդամ մարդու գործունեությունը սահմանափակվում է, քանի որ չկան համապատասխան պայմաններ: Այսինքն՝ խնդիրը ոչ թե մարդու, այլ միջավայրի անմատչելիության մեջ է»: Ներկայումս պաշտոնապես ներառական կրթություն իրականացնող դպրոցներից յուրաքանչյուրում սովորում է 15-20 երեխա՝ հիմնականում տարրական դասարաններում: Այս երեխաների համար աշակերտների թվով ֆինանսավորվող դպրոցները ստանում են 2.5 ագամ ավելի ֆինանսավորում, քան մյուս աշակերտների համար: Ցավոք, այս հանգամանքից ելնելով՝ դպրոցի տնօրենները հաճախ այդ երեխաներին ընդունում են ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ՝ լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հեռահար նպատակով: Այս առումով Ա. Մուրադյանը փաստեց. «Ներառական կրթությունը ոչ խղճահարություն է, ոչ էլ լրացուցիչ գումար, որը տրվում է դպրոցին՝ իր կարիքները հոգալու համար: Ներառական կրթությունը ստեղծում է հավասար հնարավորություններ եւ իրավունքներ՝ ցանկացած երեխայի համար: Ընդամենը պիտի հավասար մեկնարկային պայմաններ ստեղծել բոլորի համար»: Ներառական կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ են նաեւ դպրոցների շենքային հատուկ պայմաններ, օրինակ՝ թեքահարթակներ, որոնք նշված 14 դպրոցներից ոչ բոլորն ունեն: «Առավոտը» Ա. Մուրադյանից հետաքրքրվեց, թե ԿԳՆ-ն ի՞նչ է մտածում այս մասին: Նա պատասխանեց. «Լրջորեն մտածում ենք: Բայց, ցավոք, քաղաքաշինական եւ ձեր նշած որոշ խնդիրներով քաղաքաշինության նախարարությունն է զբաղվում: Սոցիալական ներդրումների հիմնադրամը եւս զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ, թող թեքահարթակներ էլ դնեն, դռները լայն սարքեն…Եթե այդքան կապիտալ ծախսեր են անում, նշանակում է դա էլ կարող են անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել