Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Մայիս 20,2008 00:00

Ավանի բնակիչներն այսպես որակեցին իրենց համայնքում կիրակի օրը տեղի ունեցած թաղապետի ընտրությունները, որի ընթացքում որեւէ ընտրակեղծիք տեղի չունեցավ:

Մայիսի 18-ին Ավան համայնքում թաղապետի ընտրություններ էին: Առաջադրված միակ թեկնածուն գործող թաղապետ Տարոն Մարգարյանն էր, որն էլ վերընտրվեց 18 հազար 578 ձայնով: Նրան դեմ էր ընդամենը 105 հոգի, անվավեր քվեաթերթիկները 174-ն էին: Ավանի մոտ 24 հազար բնակչությունից թաղապետի ընտրություններին մասնակցել է 18 857 քաղաքացի:

Թիվ 1/09 տեղամասում գրանցված 1951 հոգուց կեսօրին քվեարկել էր արդեն մոտ 500 հոգի: Ըստ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի, չնայած ակտիվ մասնակցությանը՝ կուտակումներ չեն եղել. «Երբ առավոտյան 8-ին պետք է բացեինք տեղամասը, դռան առջեւ արդեն մի խումբ էր գոյացել: Նրանք րոպե առաջ էին ուզում իրենց քաղաքացիական պարտքը կատարել»: Առաջին անգամ ընտրելու իրավունք ունեցող 18-ամյա Սիրանուշ Ասրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ առանց երկմտելու եկել է, որ նախկին թաղապետին ընտրի. «Տարոն Մարգարյանը երիտասարդներին շատ լավ է նայում: Տարին 2 անգամ՝ ամռանն ու ձմռանը, տանում է Ծաղկաձոր»: 24-ամյա Ամալյա Սարգսյանն էլ գործող թաղապետին ձայն տալու համար լուրջ դրդապատճառներ ուներ: Նրա խոսքերով. «Քանի-քանի անգամ են ուշ ժամերին ինձ վրա հարձակվել, փորձել թալանել, իսկ հիմա մեր փողոցներն ու բակերը լուսավորված են ու ոչ մեկը ռիսկ չի անում այդպիսի բաներ անել: Ես ինձ որպես բնակիչ մեր համայնքում շատ ապահով եմ զգում»: Անահիտ Դարբինյանն էլ ասաց, որ բոլորն իրենց թաղամասից պետք է օրինակ վերցնեն, թե ինչպես պետք է օրինակելի ընտրություններ կազմակերպել. «Եվրոպական չափանիշները հենց այս ընտրություններն էին»:

Ավանի թիվ 1/01 ընտրատեղամասում ժամը 11.30-ի դրությամբ 1870 ընտրողից շուրջ 330-ն արդեն ընտրել էր: Տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Անուշ Ասլանյանի ներկայացմամբ՝ այլ ընտրությունների ժամանակ քաղաքացիների մասնակցությունն այսքան ակտիվ չի լինում. «Ուղղակի այս անգամ մարդիկ գիտեն ինչի համար են գալիս ու ում են ընտրում»:

«Նա աշխատում է եւ պարտադիր չի, որ կոնկրետ ինձ համար մի բան արած լինի»,- մեզ հետ զրույցում գործող թաղապետի օգտին քվեարկելն այսպես բացատրեց 70-ամյա Պարգեւ Հովհաննիսյանը: Այս ընտրատեղամաս այցելած բոլոր ընտրողները քվեարկելուց ե՛ւ առաջ, ե՛ւ հետո գովաբանում էին իրենց թաղապետին, օրհնում եւ հաստատում, որ եկել են նրա օգտին քվեարկելու: Ռուզաննա Հայրապետյանի խոսքերով՝ ինքը բնակվում է Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքում. «Մեր շենքի տանիքն ու մուտքը վերանորոգվել է, բակն ամբողջությամբ կանաչապատվել է: Առաջ որ հարցնում էին, որտեղ եմ ապրում, մի քիչ նեղված ասում էի՝ Ավանում, իսկ հիմա հպարտ եմ, որ այս համայնքի բնակիչ եմ»: Մեր հարցին, թե 3 տարի առաջ Ավանի թաղապետի ընտրությունների ժամանակ է՞լ է Տ. Մարգարյանին ընտրել, նա պատասխանեց. «Այո, չնայած մենք այն ժամանակ դեռ չէինք տեսել, թե նա ինչպես է աշխատում, սակայն մեծ հույսեր ունեինք եւ դրանք նա արդարացրեց»: Մանկավարժ Լիանետա Փարսյանն էլ ավելացրեց, որ իրենց համայնքի բնակիչների երեխաները մանկապարտեզ այցելում են անվճար. «Մենք ունենք 2 գործող ծերապարտեզներ, շուտով կբացվի նաեւ 3-րդը: Ծերապարտեզներում համայնքի ծերերի համար սեղանի խաղեր են կազմակերպվում, նրանց օրը 3 անգամ անվճար սնունդ է տրվում: Իսկ այն ծերերը, որոնք չեն կարողանում գալ ծերապարտեզ, հիվանդ են կամ ինչ-որ այլ պատճառ ունեն, նրանց սնունդը ուղարկում են տուն: Սա ձեւական բնույթ չի կրում, տեղը տեղին սնունդ են տալիս ե՛ւ մանկապարտեզներում, ե՛ւ ծերապարտեզներում: Այդտեղ աշխատում են համայնքի բնակիչները եւ իրենք հետեւում են, որ ամեն ինչ լավ լինի: Այսքանից հետո ո՞վ չի ընտրի պարոն Մարգարյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել