Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՆ ՀԱՐՎԱԾԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Մայիս 28,2008 00:00

Վկաները ոչ միայն կեղծ ցուցմունքներ են տալիս, այլեւ՝ խոչընդոտում լրագրողների գործունեությունը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ 67-ամյա Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Մ. Հովակիմյանին նույնպես մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի առաջին մասը՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելը եւ չենթարկվելը»: «Ամբաստանյալը» ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Մաշտոց-Պուշկին փողոցների հատման կետում, թեեւ գործով վկաներն իրենց ցուցմունքներում փաստեցին, որ Մ. Հովակիմյանին ձերբակալել են Մաշտոց-Թումանյան փողոցների հատման կետում: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ նիստի ժամանակ վկա Գարիկ Շուշանյանը ցուցմունք էր տվել, որ Մ. Հովակիմյանը սպառնացել է իրեն՝ ասելով. «Դուք ձեր հալը կտեսնեք, դուք պատասխան եք տալու»:

Երեկ ցուցմունք տալու հերթը Արաբկիր համայնքի օպերլիազոր Էդգար Պետրոսյանինն էր: Նա դատարանում աչքի ընկավ ոչ միայն իր կեղծ ցուցմունքներով, այլեւ «Տարեգիր» պարբերականի թղթակից Գայանե Առուստամյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով: Նախ Է. Պետրոսյանը հայտնեց, որ Մ. Հովակիմյանին եւ այլոց ձերբակալելու պահին «ամբաստանյալն» ամենաակտիվն է եղել, բռնել է իր ձեռքը, քաշքշել: Այս ընթացքում Գ. Առուստամյանը ձայնագրում էր դատական գործընթացը, սակայն նկատեց, թե ինչպես է վկան անընդհատ անջատում ձայնագրիչը: Երբ զգուշացրեց, որ չանջատի, վկան նախ թքեց ձայնագրիչի վրա, որը տեսնողներ են եղել, ապա սկսեց հարվածել, ըստ էության, ծեծել լրագրողին: Ի պատասխան՝ Գ. Առուստամյանն ընդամենը մատիտով գծեց վկայի վերնաշապիկին: Սկսվեց քաշքշուկ՝ հարուցելով ներկաների դժգոհությունը, որ վկան խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը: Դատավոր Ռուբեն Ափինյանը ընդհատեց դատը: Իսկ երբ վերադարձավ, հրամայեց կարգադրիչներին՝ լրագրողին դուրս հանել դահլիճից:

Մ. Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որով դատարանից պահանջեց համապատասխան իրավական գնահատական տալ Է. Պետրոսյանի արարքին. «Ապօրինաբար միջամտել է լրագրողի աշխատանքին եւ ոտնձգել նրա առողջության նկատմամբ, որը քրեորեն պատժելի է»: Պաշտպանը միջնորդեց նաեւ Գ. Առուստամյանին հրավիրել դատական նիստերի դահլիճ: Մեղադրող Արամ Արզաքանյանը թեեւ դատապարտեց կատարվածը, սակայն ջանասիրաբար փորձեց պարտակել վկայի արարքը՝ պատճառաբանելով, որ լրագրողը, առանց նախագահողից թույլտվություն ստանալու, մոտեցել է վկային ու փորձել ձայնագրել նրան: Հիշեցնենք, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի, լրագրողն իրավունք ունի դատարանում ձայնագրություններ անել ու աշխատել:

Մ. Շուշանյանը բացարկ հայտնեց նախագահողին. «Դուք հանդես եք գալիս որպես մեղադրող կողմ, անաչառ չեք»: Դատավորը մոտ մեկ ժամից վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ «անհիմն է» պատճառաբանությամբ: Համաձայն շրջանառվող լուրերի, Մ. Հովակիմյանին ձերբակալելիս ոստիկաններն ասել են, թե «ծեր մարդ է, կբռնենք, հետո բաց կթողնենք»: Սակայն երբ իմացել են, որ ընդդիմադիր լրագրողի հայր է եւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը, գործ են սարքել գլխին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031