Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ՝ ԼԱՎ ԷՐ

Հունիս 05,2008 00:00

\"\"Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը վստահ է, որ բարեփոխումների կարիք կա ամենուրեք եւ ոչ միայն իր գլխավորած կառույցում:

– Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում, երբ առաջարկ եղավ փոխել Հանրային հեռուստաընկերության կազմը, հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունն իր այս կազմով էլ լավ կաշխատի: Ձեր ղեկավարած կառույցի կազմում կարծես փոփոխություններ չեն եղել, ձեր աշխատաոճը, Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից հետո, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում փոխվե՞լ է, եթե այո՝ ի՞նչը:

– Ինչպես գիտեք, մեր խորհուրդն անկախ մարմին է, բայց, քանի որ երկրի առջեւ կան բարեփոխումների խնդիրներ, բնականաբար, մեր աշխատաոճի փոփոխություններ լինելու են, խոսքը վերաբերում է ե՛ւ բազմակարծությանը, ե՛ւ ազատությունների հետ կապված, նաեւ՝ եթերային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային ալիքին: Սրանք խնդիրներ են, որոնք կային հասարակության մեջ, եւ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը: Բայց ես դա չէի կապի նախկին նախագահի եւ գործող նախագահի միջեւ ինչ-որ տարբերությունների հետ: Բնական գործընթաց է, որ երկրի առջեւ կանգնած է, եւ այդ խնդիրները լուծվում են: Ամեն տարի երկիրն իր խնդիրներն է ունենում, այդ թվում՝ ժողովրդավարության հետ կապված, այդ թվում՝ հենց Հանրային ռադիոհեռուստաընկերության հետ կապված եւ բազմաթիվ այլ ոլորտների: Բնականաբար, այդ խնդիրները պետք է լուծել:

– Դուք՝ որպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ա՞յս պահին եք ավելի շատ ճնշումներ զգում նախագահականից, թե՞ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք:

– Ո՛չ այս պահին, ո՛չ այն պահին ճնշումներ ես չեմ զգում եւ չեմ զգացել այդ շենքից: Խնդիրը միայն այն է, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ մեր աշխատանքում:

– «Հայլուրի» ռեպորտաժներում միտումը ակնհայտ փոխված է. եթե առաջ ընդդիմադիր գործիչների ասուլիսները չէիք լուսաբանում կամ լուսաբանում էիք ծաղրական, հեգնական կամ՝ ցուցադրում էիք այն հատվածները, որտեղ տվյալ գործիչը ներկայանում էր ավելի ծաղրանկարային կերպարանքով, հիմա կարծես իրավիճակը մի քիչ փոխվել է, օրինակ, երեկ լուսաբանեցիք ՀՀՇ անդամ Լեւոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը, այլ ընդդիմադիր գործիչների ասուլիսներ եք լուսաբանում: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է 1609 բանաձեւի պահանջների կատարման հետ եւ մտածում եք՝ այս պահին կատարենք-պրծնենք, հետո տեսնենք ինչ ենք անելու, թե՞ այդ աշխատաոճը դառնալու է սկզբունք ձեզ համար:

– Նախ, այդ բանաձեւում կետ չկա, որ պետք է Լեւոն Զուրաբյանի ասուլիսը լուսաբանեմ, եւ երկրորդ, խնդիրն այն է, որ բոլորս ունենում ենք թերություններ եւ, մանավանդ, լարված իրավիճակներում, նախընտրական եւ հետընտրական իրավիճակներում. ես Հայաստանում շատ քիչ լրատվամիջոցներ կարող եմ գտնել, ի դեպ, մեկը «Առավոտ» օրաթերթն է, որ կարողացել է հնարավորինս զերծ մնալ դրանից, բայց նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանն այդ շրջանում նման մեղադրանքների արժանացավ: Այդ նույն թերությունները, ինչ ասում են «Հայլուրի» հասցեին, ոչ մեր կողմից, այլ տարբեր անձերի եւ կազմակերպությունների կողմից, հնչեցին նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հասցեին: Ի դեպ, նման բան Հայաստանում առաջին անգամ էր: Այնպես որ, երբ ասում են՝ երկրի առջեւ բարեփոխումների անհրաժեշտություններ են կանգնած, դա վերաբերում է բոլորիս, այդ թվում՝ եւ Հանրային հեռուստառադիոընկերությանը:

– Եթե դուք այսօր ընդդիմության գործիչների գործունեությունը, ասուլիսները փոքրիշատե լուսաբանում եք, ապա դա մինչեւ հունիսի 20-ն է լինելո՞ւ, թե՞ հունիսի 20-ից հետո էլ եք նույն ռիթմով աշխատելու:

– Դա լինելու է միշտ, եւ այնպես չի, որ առաջ չէինք լուսաբանում եւ այլն: Ես ասացի, որ կան բազմաթիվ թերություններ, ուղղակի հիմա մենք ձգտում ենք այդ թերությունները աստիճանաբար վերացնել, եւ դրանում մեզ կօգնեն նաեւ մասնագիտացված կառույցները: Մենք քննարկում ենք տարբերակ, որ եվրոպական մի երկրից բավական բարձր որակի մի նյուս-մենեջեր կգա եւ վեց ամսով կաշխատի մեզ մոտ: Քննարկվում են նաեւ այլ տարբերակներ:

– Վերջին շրջանում գրեթե բոլոր քաղաքական գործիչները, պաշտոնյաները եւ այլոք շարունակ խոսում են բարեփոխումների անհրաժեշտության մասին, հիմա դուք եւս այդ մասին եք խոսում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ բոլորդ էլ ընդունում եք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ամեն ինչ վատ էր, եւ այդ պատճառով էլ այսօր լծվել եք բարեփոխումների իրականացման:

– Ոչ, այդպես չէ: Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ոչ թե վատ էր, այլ ընդհակառակը՝ լավ էր, եւ իր օրոք երկիրը շատ մեծ զարգացում է ապրել ու մեծ խնդիրներ են լուծվել: Բոլոր երկրներում էլ միշտ բարեփոխումների կարիք կա, եւ դա չի վերաբերում միայն Հայաստանին: Երբ Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են լինում, նրանք նույնպես խոսում են բարեփոխումների մասին: Սարկոզին եւ Շիրակը նույն կուսակցությունից են, եւ նույն Շիրակը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել էր Սարկոզիի թեկնածությունը, բայց Սարկոզիի ամբողջ նախընտրական, հետընտրական եւ այժմյան գործունեությունն ուղղված է բարեփոխումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել