Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՇՈՒԿԱՆԵՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ

Հունիս 06,2008 00:00

\"\"Եթե այսօր որեւէ մեկն իր մեքենան վաճառելու ցանկություն ունի, կարող է մեքենայի վրա գրել՝ «վաճառվում է» եւ ավտոշուկա տանելու փոխարեն կանգնեցնել, ասենք, մայթերին, խաչմերուկներում կամ այնտեղ, որտեղ սիրտն ուզում է:

Հայաստանում մեքենաների առեւտրով զբաղվող շատ գործարարներ գերադասում են ներկրված ավտոմեքենաների վաճառքը կազմակերպելու համար տարածք ունենալ քաղաքի մարդաշատ ու կենտրոնական մասերում(Նուբարաշենի ավտոշուկա տանելու փոխարեն):

Այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում կարելի է հանդիպել «մինի» ավտոշուկաների կամ հատկապես մարդաշատ փողոցների մայթերին կայանած «վաճառվում է» մակագրությամբ ավտոմեքենաների: Անգամ երթեւեկությամբ խիստ ծանրաբեռնված շատ փողոցների 2 կողմում էլ ցուցադրված են մեքենաներ, որոնք, բացի այն, որ ամբողջ քաղաքը շուկայի են վերածում, նաեւ փողոցային խցանումների պատճառ են դառնում: Նման փոքր ավտոշուկաներ են տեղակայված մարզահամերգային համալիրի 2 կողմերում, «Հրազդան» տոնավաճառի հարեւանությամբ, «Ռայկոմ» թաղամասում՝ «ԱրմենՏելի» գլխավոր սպասարկման կենտրոնի բակում, Հ. Քոչարի փողոցի գրեթե ողջ երկայնքով եւ բազմաթիվ այլ վայրերում:

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, համայնքի տարածքում տոնավաճառներ եւ բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը: Մի քանի թաղապետարաններից պարզեցինք, որ նրանցից որոշները ոչ միայն տեղեկություն չունեին, որ իրենց համայնքում գործող առեւտրի կետերի գործունեության վերահսկման ու կանոնակարգման համար իրենք են պատասխանատու, այլեւ նույնիսկ «տեղյակ» չէին, որ իրենց «քթի տակ» նման շուկաներ են գործում:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետի տեղակալ Հենրիկ Հովհաննիսյանն առաջին անգամ մեզնից էր լսում, որ հենց «ԱրմենՏելի» բակում «Ջիփեր» են վաճառվում: Նա ասաց, որ նման շուկաների գործունեության համար թաղապետարանի գրավոր կամ բանավոր թույլտվությունը պարզապես բացառվում է: Նրա խոսքերով. «Մենք կպարզենք, թե ովքեր են այդ մեքենաների տերերը եւ ով է նրանց այդտեղ վաճառքի թույլտվություն տվել: Հենց այսօր էլ կզբաղվենք այդ հարցով եւ կարգելենք նրանց գործունեությունը: Ավտոների վաճառքի համար գոյություն ունի ավտոշուկա»:

Արաբկիր համայնքի լրատվական ծառայությունից էլ մեզ պարզաբանեցին, որ Կիեւյան կամրջին կից, «Ատլանտա» խանութի դիմացի ավտոշուկան գործում է օրինական, քանի որ դեռեւս 2005-ին պայմանագիր է կնքել թաղապետարանի հետ:

Ինչ վերաբերում է համայնքի մյուս փողոցներում վաճառվող մեքենաներին, ապա տեղեկացանք, որ թաղապետարանի ներկայացուցիչները պարբերաբար շրջում են եւ արգելում այդ մեքենաների վաճառքը, չնայած մի քանի ժամ հետո դրանք դարձյալ հայտնվում են, քանի որ այդ վայրերում չկան պետավտոտեսչության կողմից փողոցներում տեղադրված հատուկ նշաններ, որոնք արգելում են այդ վայրերում, հատկապես խաչմերուկներում մեքենաներ կայանելը: Թաղապետարանների ներկայացուցիչներից շատերն էլ միայն մեզնից տեղեկացան, որ իրենց համայքներում գործող «մինի» ավտոշուկաների գործունեության համար պատասխանատու են իրենք: Իսկ ոմանք անգամ չգիտեին, թե կոնկրետ այս կամ այն տարածքը իրենց համայնքին պատկանո՞ւմ է, թե՞ ոչ: Կենտրոնի թաղապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ այս հարցով պետք է զբաղվի քաղաքապետարանը, ոչ թե իրենք: Երբ մենք ստիպված նրանց ծանոթացրինք օրենքի որոշ կետերին եւ խնդրեցինք պարզաբանել, թե որքանո՞վ են օրինական «Հրազդան» տոնավաճառին կամ Մարզահամերգային համալիրին կից գործող ավտոշուկաները, նրանք պարզապես պատասխանեցին, որ «այդ տարածքները ոչ թե իրենց, այլ Աջափնյակի թաղապետարանի ենթակայության տակ են գտնվում»: Մինչդեռ մենք քաղաքապետարանից ճշտեցինք, որ նշված տարածքներում Աջափնյակի թաղապետարանը ոչ մի իրավասություն չունի, քանի որ դրանք պատկանում են Կենտրոն թաղապետարանին: Մարզահամերգային համալիրի տնօրինությունից էլ տեղեկացանք, որ իրենց հարակից ավտոշուկայի տարածքը համալիրին չի պատկանում: Ստացվում է, որ մայրաքաղաքի բանուկ վայրում տեղակայված բավականին մեծ ավտոշուկան ոչ տեր ու տիրական ունի, ոչ էլ վերահսկող ու, բնականաբար, հողի վարձակալության համար մուծվող տուրքերի ու հարկերի մասին խոսելն արդեն ավելորդ է:

Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը եւս «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ նման շուկաների գործունեության համար թույլտվությունը տալիս է տվյալ համայնքի թաղապետը եւ ավագանին: Կ. Գեւորգյանի հավաստմամբ, թաղապետարանի թույլտվության կարիք չունեն միայն մասնավոր օրինական կանգառները, որոնք իրավունք ունեն իրենց տարածքում տեղ հատկացնել վաճառվող ավտոմեքենաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել