Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիս 07,2008 00:00

Վաղը Երեւանում մեկնարկում է «Շախմատային հսկաներ» անունը կրող 19-րդ կարգի միջազգային անդրանիկ խոշոր մրցաշարը, որը կազմակերպել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Այդ առիթով «Առավոտը» հարցազրույց վարեց ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ:

– Աշխարհում խոշոր մրցաշարերի պակաս, կարծես, չկա: Ո՞րն էր Հայաստանում էլ այդպիսին կազմակերպելու նպատակը:

– Հայաստանը շախմատային համբավ ունեցող երկիր է եւ մտնում է աշխարհի լավագույն տասնյակ: Մեր շախմատիստները լայն ճանաչում ունեն աշխարհում, ճանաչված են: Եվ լավ կլինի, եթե Հայաստանը նույնպես աշխարհին հայտնի դառնա որպես շախմատային երկիր: Այս ուղղությամբ վաղուց էինք մտածում եւ մոտ վեց ամիս առաջ որոշեցինք Երեւանում կազմակերպել մի խոշոր մրցաշար, որը լինի ավանդական եւ որի միջոցով քաղաքամայրը դառնա շախմատային այնպիսի մայրաքաղաք, ինչպիսին են, ասենք, Լինարեսը, Վեյկ-ան-Զեեն:

– Դատելով մասնակիցներից եւ կարգից՝ մրցաշարը բավականին բարձր կարգ ունի եւ հեղինակավոր է: Դժվար չէ՞ր միանգամից այդքան բարձր մակարդակ ապահովելը:

– Ընդամենը մի քանի միավոր չբավականացրեց 20-րդ կարգին: Բայց եթե մրցաշարը դառնա ավանդական, հաջորդ տարիներին այն արդեն ամենաբարձրակարգերից մեկը կլինի եղածների մեջ: Նախապես երեւանյան մրցաշարին մասնակցելու ցանկություն հայտնել էին Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Վասիլի Իվանչուկը, Գատա Կամսկին, Մագնուս Կարլսենը: Սակայն մրցաշրջանի հագեցվածության պատճառով, իսկ այդ մակարդակի գրոսմայստերների գրաֆիկը լրացված է լինում առվազն մեկ տարի առաջ, նրանք այս անգամ չկարողացան ժամանել: Հույս ունենք, որ հաջորդ տարի հայ շախմատասերը հնարավորություն կունենա Երեւանում հետեւել աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստների խաղին: Բայց ասեմ, որ Արոնյանի, Մորոզեւիչի, որը վարկանիշով այսօր աշխարհում երկրորդ գրոսմայստերն է, Լեկոյի, Հակոբյանի, Սարգսյանի, Ադամսի մասնակցությունը պակաս հեղինակություն չի բերի մրցաշարին:

– Ինչո՞ւ նախապատվությունը տրվեց հատկապես արագ շախմատին:

– Նախ եւ առաջ դիտարժանության համար: Արագ շախմատում իրադարձությունները կայծակնային են զարգանում, պայքարի լարվածությունն անչափ մեծ է: Շախմատասերները մեծագույն բավականությամբ են հետեւում հատկապես պարտիաների վերջին վայրկյաններին կատարվող քայլերին: Կարծում եմ, ընտրությունը ճիշտ է կատարվել:

– Ո՞ւմ եք համարում երեւանյան մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ:

– Առաջին հերթին Լեւոն Արոնյանին: Նա ներկայումս արագ շախմատում, թերեւս, ուժեղագույնն է աշխարհում: Մյուսներն էլ կարող են հաղթել: Նրանք բոլորն էլ մոտավորապես հավասարազոր գրոսմայստերներ են: Բայց Լեւոնը մի փոքր առավելություն ունի: Թեեւ ամեն բան կախված է նրանից, թե Արոնյանն ի՞նչ մարզավիճակում կլինի, մրցումների ընթացքում իրեն ինչպե՞ս կզգա:

– Ինչո՞վ եք բացատրում Արոնյանի խիստ անհաջող մրցելույթը վերջերս Սոֆիայում կայացած մրցաշարում:

– Նա ինքնատիպ շախմատիստ է, ստեղծագործող: Լեւոնի համար վերջնական հաշիվն այնքան էլ կարեւոր չէ: Նրան ավելի շատ հետաքրքրում են խաղատախտակի վրա իր կառուցած ստրատեգիան եւ նպատակին հասնելու ուղիները: Սոֆիայում, կարծում եմ, պակասում էր ներքին էներգիան: Եթե այդ էներգիան պակաս է, ուղեղդ լիարժեք եւ անհրաժեշտ ծավալով ու արագությամբ չի գործում: Բայց ես Արոնյանի անհաջողությանն այնքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս, քանի որ նրա հաղթանակները փայլուն են, ծանրակշիռ եւ վկայում են շախմատիստի անչափ բարձր կարգը:

– Արոնյանն արդեն Հայաստանո՞ւմ է:

– Այո: Նա այժմ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի մեջ է:

– Երեւանում ամեն մի շախմատիստ օրական քանի՞ պարտիա է խաղալու:

– Տուրերը կայանալու են երեկոյան: Զույգերը միմյանց հետ կխաղան երկու պարտիա՝ սպիտակներով եւ սեւերով:

– Ո՞վ է մրցաշարի գլխավոր մրցավարը:

– Հայաստանից միջազգային կարգի մրցավար, նման մրցաշարերի սպասարկման հարուստ փորձ ունեցող Աշոտ Վարդապետյանը:

– Մեր ֆեդերացիան բավականին պատկառելի մրցանակային ֆոնդ է սահմանել: Որքա՞ն:

– $262 հազար, որը կբաշխվի սահմանված համամասնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել