Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՂԱՆ ԶՈՀԵՐ

Հունիս 11,2008 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք ընթացիկ քաղաքական իրավիճակը:

– Հասարակական լարվածությունը միգուցե թվացյալ թուլացել է, բայց խորքային առումով մենք դեռ չենք հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրները, որոնք էլ պատճառ են դառնում հանրային դժգոհությունների: Այդ դժգոհություններն իրենց գագաթնակետին են հասնում համապետական ընտրությունների ժամանակ եւ այդ առումով նախագահական վերջին ընտրությունները բացառություն չկազմեցին:

– Ձեր կարծիքով՝ որտե՞ղ են թաքնված մարդկանց ընդվզման իրական պատճառները, նկատի ունեմ մարտի 1-ի դեպքերը նույնպես:

– Մարտի 1-ի եւ ընդհանրապես երկրում տիրող մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են: Մարդկանց բողոքը լսելի եւ ընկալելի չի եղել: Անհեթեթ է ընդդիմադիր տրամադրված ընտրողներին որակել որպես հոգեբանական ազդեցության տակ ընկած մարդկանց: Ի՞նչ է, մենք հարյուր հազարավոր հոգեխանգարվածնե՞ր ունենք: Դա այդպես չէ: Ժողովուրդը պահանջ է ներկայացնում բարեփոխումների եւ իր այդ պահանջը տեղ հասցնելու համար դիմում է ցանկացած միջոցի, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն տալու տարբերակին: Եթե իշխանությունը ներկայիս իրավիճակը գնահատի որպես թիմերի կամ անձերի պայքար, ապա չարաչար կսխալվի: Խնդիրը անձերը չեն եւ ոչ էլ համաշխարհային դավադրությունը: Մեր Տան մեջ պետք է փնտրենք մեր պրոբլեմների պատճառները:

Իշխանություններն առաջարկում են «հասարակության ձայնը լսելի դարձնելու համար» ստեղծել հանրային պալատ: Ձեր կարծիքով՝ այդ քայլը կբերի՞ լարվածության թուլացմանը: Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ասում է, որ այդ կառույցում ներգրավված կլինեն բարձր հեղինակություն ունեցող անձինք, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցչություններ, ինչպես նաեւ ընդդիմությունը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի:

Նախ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են որոշվելու, թե ովքեր են «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող մարդիկ» եւ, ամենակարեւորը, ովքեր են որոշողները: Բայց ամեն դեպքում գաղափարը վատը չէ, եթե այնտեղ ընդգրկվեն մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բայց ոչ՝ քաղաքական ուժեր: Եթե իշխանությունները հրավիրում են որեւէ արտախորհրդարանական քաղաքական ուժի՝ այն հիմնավորմամբ, թե այդ ուժը ներկայացնող գործիչներն ունեն հանրային լայն ընդունելություն, ապա ստացվում է, որ իշխանություններն անուղղակիորեն ընդունում են ներկայիս խորհրդարանի ոչ լեգիտիմությունը եւ, հետեւաբար, պետք է անցկացնեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Իսկ եթե այդ պալատում հավաքվելու են չկայացած կամ արժեզրկված քաղաքական գործիչներ եւ պատրանք է ստեղծվելու, թե իբր հանրության ձայնը լսելի է դառնում, ապա այդ կառույցի գործունեության արդյունավետությունը զրոյական կլինի:

– Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն իշխանությունները:

– Նախ, հարկավոր է կադրային նորմալ քաղաքականություն վարել, որպեսզի այդ մարդիկ գոնե որոշակի վստահություն ներշնչեն հասարակությանը: Իսկ ամենակարեւորը՝ տնտեսական հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը պետք է փոխվի: Ես տեսնում եմ, որ հարկային դաշտում կառավարության քայլերը դժգոհություն են առաջացնում գործարարների եւ նույնիսկ յուրայինների շրջանակում: Այդ գործարարները պետք է համարձակություն ունենան իրենց մտահոգություններն արտահայտելու իշխանություններին, այլ ոչ թե պատերի տակ բամբասելու: Հարկերն ու մաքսերը հավաքելը դա քաղաքականություն չէ: Պետք է տնտեսությունը զարգացնելու մասին մտածել, այլ ոչ թե բիզնեսը ճնշելու: Այո, հարկերը պետք է վճարել, կաշառակերությունը պետք է վերացնել: Բայց դա պետք է անել օրենսդրական բարեփոխումների միջոցով, այլ ոչ թե գործող օրենսդրության շրջանակներում: Եթե այս տնտեսական օրենսդրության պայմաններում հարկային վարչարարությունն ուժեղացվի, ապա արդյունքում կունենանք կապիտալի արտահոսք, գների աճ, փակված բիզնեսներ, գործազուրկների աճ եւ այլն:

– Օրենքի դաշտում «գիծ քաշելը» վա՞տ է:

– Վատ չէ, եթե տնտեսությունը մրցունակ է, եթե տարբեր ոլորտներում անկում չկա եւ եթե ինֆլյացիա կոչվածը չի չոքել բոլորիս դռանը: Իմ ասածն այն է, որ գործարարությունը պետք է խթանել: Փոքր ու միջին բիզնեսներին ընդհանրապես պետք է թույլ տալ, որպեսզի այդ մարդիկ ոտքի կանգնեն, իսկ խոշորը պետք է հնարավորություն ունենա արտահանմանն ուղղված քաղաքականություն վարել կամ էլ ներմուծմանը փոխարինել: Իսկ եթե պետությունն ուզում է հարկեր հավաքել, որպեսզի պետության ծախսերը փակի, ապա լավ կանեն գոտիները ձգեն՝ ծախսերը սեղմելով:

Քաղաքական իրավիճակից ելնելով, նորանոր պետական հիմնարկներ ու պաշտոններ են ստեղծվում: Ո՞ւմ հաշվին պետք է փակվեն այդ ծախսերը: Բնականաբար՝ հարկատուների: Իսկ ես կարծում եմ, որ հարկային բեռը միջին շերտի համար պետք է թեթեւացվի, իսկ խոշորները, եթե դժգոհություններ ունեն, ապա թող արտահայտվեն: Թող բարձրաձայն ասեն իշխանություններին, որ իրենք պատրաստ են հարկերը վճարել, բայց դա չի նշանակում, որ իրենցից պետք է յոթ կաշի քերթեն: Բերանները ջուր են հավաքում ու նստում: Ինչո՞ւ չեն ասում իշխանություններին, որ այս հարկային ու մաքսային քաղաքականությամբ տնտեսությունը կարող է կոտրած տաշտակի առաջ հայտնվել: Ինչո՞ւ չեն առաջարկում փոխել խաղի կանոնները եւ այդ նոր կանոններով պարտաճանաչ հարկ վճարել: Ես համոզված եմ, որ բոլոր գործարարները պատրաստ են ամբողջությամբ հարկեր վճարել, բայց եթե հարկերի չափը խելամիտ սահմաններում է: Իսկ հիմա փաստացի հարկային բեռի ավելացում է տեղի ունեցել, բայց մարդիկ չեն արտահայտվում այդ մասին:

– Պրն Բաբայան, ի՞նչ վիճակում է կուսակցությունների միավորման գործընթացը, որի մասնակիցն եք նաեւ Դուք:

– Ամեն ինչ իր հունով է ընթանում: Արհեստականորեն չենք ուզում գործընթացներն արագացնել: Չի բացառվում, որ շրջանակը ընդլայնվի: Այդ պատճառով վերջնական միավորիչ համագումարը հետաձգվում է: Մենք գտնում ենք, որ պետք է ստեղծել մի ուժ, որն այլընտրանք կդառնա հասարակության համար: Թե որքանով կհաջողվի՝ մեզանից է կախված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել