Լրահոս
Օրվա լրահոսը

Դ. Մաթեւոսյանը չի հարվածել ոստիկանին

Հունիս 13,2008 00:00

\"\"Աղվան Հովսեփյանը ու նրա ներկայացուցիչը փորձում են հակառակն ապացուցել

«Ես հավի ճուտ չեմ այստեղ, որ ամեն ինչ մերժեք, գնաք, վճիռ կայացնեք ու հեռանաք: Մեղք չեմ գործել, ոստիկան-վկաներ Քարտաշյանն ու Կարախանյանն իշխանության ներկայացուցիչներ են, որոնց ցուցմունքները ձեռք են բերվել մեղադրող կողմի թույլ տված սխալների արդյունքում»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դիմելով դատավոր Երեմ Եսոյանին, ասաց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն անելու մեջ:

Հիշեցնենք, որ Դ. Մաթեւոսյանը եղել է Սյունիքի մարզի նախկին փոխմարզպետը եւ Մեղրի քաղաքի ոստիկանապետը: Մեղադրող Աշոտ Նադոյանը նախորդ նիստերից մեկում միջնորդել է նրան դատապարտել 3,5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալը վիճաբանությունների փուլում մեղադրողի միջնորդությունը համարեց ֆարս եւ նախքան իր պաշտպանական ճառն ասելը՝ հրաժարվեց պաշտպան Արտավազդ Փարսադանյանից, որն անգամ դատական նիստին չէր էլ եկել: Նա հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով նախաքննության ու դատաքննության ընթացքում չհիմնավորված «շինծու, թերի, միակողմանի մեղադրանքում դրված» ապացույցները կրկին հետազոտել ու հիմնավորել: Համաձայն Դ. Մաթեւոսյանի, իր բոլոր միջնորդությունները մերժվել են, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանին, որպես վկա, դատակոչելը: Նախագահողը մերժեց միջնորդությունը՝ հավաստելով, որ դատավճռի ժամանակ կտրվի միջնորդության պատասխանը: Դ. Մաթեւոսյանը պնդեց, որ առանց դրանց հիմնավորման՝ չի կարող ընթերցել պաշտպանական ճառը: Դատական նիստին գտնվողները տեւական վանկարկեցին՝ «հիմա»:

Ամբաստանյալը հրապարակեց որոշ մանրամասներ, թե ինչպես է անցել նախաքննությունը: Ըստ նրա, մեղադրող Ա. Նադոյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հորդորել զուսպ լինել ու լռել, հակառակ դեպքում՝ կպատժեն խստորեն. «Երբ երկրորդ անգամ Նադոյանը եկավ, անկեղծորեն զրուցեցինք: Ասաց՝ հավատում է, որ չեմ հարվածել ոստիկանին: Իսկ հիմա մեղադրական ճառը կարդաց օրենքից դուրս, կարծես թե այդ երեք ու կես տարվա իմ կյանքի հատվածն ինքն է պարգեւել»: Դ. Մաթեւոսյանը հայտարարեց նաեւ, որ գլխավոր դատախազն ու Ա. Նադոյանը հետապնդում են իրեն քաղաքական հայացքների համար: Նա բացարկ հայտնեց Ա. Նադոյանին՝ պահանջելով, որ որպես մեղադրողը ներկայանա Ա. Հովսեփյանը:

Ե. Եսոյանը մերժեց այս միջնորդությունը եւս՝ պատճառաբանելով, որ նման միջնորդությամբ Դ. Մաթեւոսյանը կարող էր հանդես գալ դատաքննության ընթացքում: Դ. Մաթեւոսյանը բացարկ հայտնեց նաեւ դատավորին. «Դուք պաշտպանում եք մեղադրողին եւ ջանադիր եք շինծու մեղադրանքն ավարտին հասցնել: Սահմանափակում եք օրենքով սահմանված իմ իրավունքները»: Այս միջնորդությունը եւս չբավարարվեց:

Դ. Մաթեւոսյանը հրաժարվեց պաշտպանական ճառից՝ պահանջելով դրան պատրաստվելու համար 7-10 օր ժամանակ տալ եւ տրամադրել գործում առկա բոլոր նյութերը: Նա հայտնեց, որ վերաքննիչ դատարանում բողոքարկելու է ապացույցները եւ դատավորի որոշումը: Ե. Եսոյանը միայն մեկ միջնորդություն ընդունեց. պաշտպանական ճառը պատրաստելու համար 4 օր ժամանակ տրվեց Դ. Մաթեւոսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել