Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Հունիս 14,2008 00:00

Թուրքիայի կամավորականության հիմնադրամի եւ Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահների մեկնաբանությունները:

«Առավոտի» 22.05. 2008թ. համարում տեղեկացրել ենք Թուրքիայի կամավորականության հիմնադրամի (TOG) տնօրեն Էվրեն Էրգեշի եւ Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի նախաձեռնությամբ մայիսի 16-19-ը Թուրքիայում հայ եւ թուրք երիտասարդների միջեւ ծավալված յուրօրինակ երկխոսության մասին: Հիշեցնենք, որ այդ առիթով Հայաստանից Թուրքիա էր մեկնել 20 ուսանող:

«Առավոտի» հետ զրույցում Է. Էրգեշը հայտնեց, որ 2002թ. ստեղծված իրենց կազմակերպությունը միջոցառումներ է իրականացնում հիմնականում երիտասարդների շրջանում: TOG-ը ազգային երիտասարդական, հասարակական, ոչ կառավարական կամավորական ծրագրերի կազմակերպություն է: Վերջինիս տնօրենը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր է հասնել երկխոսության՝ նույնիսկ անհատների միջոցով. «Եթե հիմա նույնիսկ մեկ հայ ու մեկ թուրք հասկանում են իրար, ուրեմն մեր ժողովուրդներն էլ են ի վիճակի հասկանալ միմյանց»: Դառնալով Թուրքիայում կազմակերպված միջոցառմանը, որտեղ հայ եւ թուրք երիտասարդները, չորս օր շփվելով, նույնիսկ բարեկամացել էին, Է. Էրգեշն ասաց. «Միջոցառումն իսկապես կայացավ: Մեր սպասելիքներն արդարացան, եւ ես համոզված եմ, որ այդ երիտասարդները հետագայում եւս կհամագործակցեն»: «Առավոտի» հարցին՝ արդյոք ինչ-ինչ խոչընդոտի չի՞ հանդիպել նա՝ հայ երիտասարդներին Թուրքիա հրավիրելիս, կազմակերպության ղեկավարը պատասխանեց. «Նախքան միջոցառումը, իհարկե, մի փոքր վախ ունեի, որովհետեւ, ինչպես ամենուր, այնպես էլ Թուրքիայում կան ազգայնամոլներ, սակայն երբ հայ երիտասարդներին հյուրընկալեցինք, իմ բոլոր տեսակի վախերը հօդս ցնդեցին»: Է. Էրգեշի կարծիքով, հայերն ու թուրքերը շատ հարցերում նման են իրար. «Մեր միջեւ եղած տարբերությունն այն է, որ խոսում ենք այլ լեզուներով: Կարծում եմ՝ դա էլ մեծ արգելք չի հանդիսանում երկխոսելու եւ բարեկամական կապեր հաստատելու համար: Կոնկրետ ես հետաքրքրվում եմ տարբեր ազգերի մշակույթներով: Հայ երիտասարդների հետ շփվելու արդյունքում Հայաստանի մասին պատկերացումներս փոխվեցին, տեղեկացվածությունս մեծացավ, հասկացա, որ հայերդ շատ մարդամոտ եք»:

Է. Էրգեշն, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, նշեց. «Շատ եմ ուզում, որ մեր երկրների միջեւ եղած այդ փակ սահմանը բացվի, որովհետեւ դա երկու կողմերին էլ ձեռնտու է: Չգիտեմ, թե ինչ են մտածում մեր եւ ձեր երկրների իշխանությունները, կամ ինչ են պատրաստվում անել, բայց ես համոզված եմ, որ վաղ թե ուշ՝ հայ-թուրքական սահմանն անպայման կբացվի»:

Լ. Ասատրյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ TOG-ի հետ համագործակցությունը շարունակական է, ու այդ շրջանակներում աշնանը Հայաստան է ժամանելու թուրք երիտասարդներից բաղկացած խումբ: Մեր զրուցակիցն ասաց, որ TOG-ի եւ Երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ ծրագրերի նպատակն է խրախուսել երկխոսությունը երկու երկրների միջեւ, եւ միջմշակութային ուսուցման միջոցով միմյանց ծանոթացնել մեր 2 երկրների մշակույթներին, պատմությանը, խթանել կամավորականությանը, ինչն, ըստ նրա, շատ անհրաժեշտ է հատկապես Հայաստանի համար: «Երիտասարդն, իր վրա կրելով երկրի ապագան, հանդիսանալով նրա տերը, ըստ էության, պետք է պատրաստ լինի նաեւ երկրին ծառայելուն, իսկ դա առաջին հերթին արվում է կամավորականության միջոցով, տարբեր ոլորտներում ունենալով սեփական ներդրումը: Օրինակ, այս ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք երիտասարդները մասնակցեցին Արփաչայի դպրոցներից մեկի վերանորոգման աշխատանքներին»,- հավելեց Լ. Ասատրյանը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը՝ նա ասաց. «Երիտասարդությունը հասարակության վճռորոշ ուժն է, ուստի անհրաժեշտ է երիտասարդների շրջանում կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնց շնորհիվ երկխոսությունը, որքան հնարավոր է, շուտ կդրվի ամուր հիմքերի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30