Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիացիան ծաղկում է

Հունիս 17,2008 00:00

Չնայած Ավիաուսումնական կենտրոնը դեռ բուհ չէ, սակայն այնտեղ կրթում են միջազգային կարգի մասնագետներ։

«Փոքրիկ տղաներին երբ հարցնում ես՝ ինչ ես դառնալու, անպայման պատասխանում են՝ օդաչու: Աղջիկներն էլ երազում են բորտ- ուղեկցորդուհի դառնալ: Կարելի է ասել, որ երեխաների, ինչպես նաեւ մեր երազանքներն իրականություն են դառնում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական քոլեջում, որը գործում է արդեն 4 տասնամյակից ավելի: Չկա մի օդաչու կամ օդային երթեւեկության կարգավար, ավիացիոն ինժեներ կամ տեխնիկ, կամ բորտ-ուղեկցորդուհի ով մեզ մոտ վերապատրաստված չլինի»,- այսպես մեզ հետ զրույցում ներկայացրեց իրենց կառույցն Ավիաուսումնական կենտրոնի տնօրեն Ֆրիդա Մուրադյանը: Նրա խոսքերով՝ նախկին ուսումնավարժական ջոկատն արդեն մի քանի տարի է, ինչ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված միջին մասնագիտական քոլեջ է, որտեղ կրթում են կոմերցիոն օդաչուներ, օդային երթեւեկության կարգավարներ, օդային փոխադրումների կազմակերպիչներ եւ ավիատեխնիկներ:

Ըստ Ֆ. Մուրադյանի՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունների պահանջները եւ կրթական արդի չափորոշիչները նոր պահանջներ են դնում կենտրոնի առջեւ՝ պարբերաբար ներդնել կրթական ժամանակակից ծրագրեր եւ որակի ապահովման չափանիշներ, որին եւ ձեռնամուխ է եղել կենտրոնը: Ավիացիան այն ոլորտն է, որտեղ մասնագետները սխալվելու իրավունք չունեն: Կենտրոնի նվիրական նպատակն է քաղավիացիայի մասնագետներին արժանի փոխարինողներ պատրաստելը. «Մեր ուսանողներին դասավանդում են միայն սերտիֆիկացված մասնագետներ։ Քաղաքացիական ավիացիայի առաջատար մասնագետներից շատերն են դասավանդում մեր կենտրոնում: Մենք, իսկապես, զգում ենք ե՛ւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ե՛ւ պետության աջակցությունը մեր ուսումնական կենտրոնի նկատմամբ եւ, կարելի է ասել, որ հենց այդ աջակցության շնորհիվ մեր կենտրոնը ոտքի կանգնեց, եւ այն օր օրի բարգավաճում է: Արդեն 2-րդ տարին է՝ ինչ կառավարությունը կենտրոնին հատկացրել է 15-ական տեղ պետպատվերի շրջանակներում: Այս տարի առաջին անգամ մեր օդաչու-կուրսանտներն ուսումնական թռիչքներ են կատարելու: Մենք շատ ենք երազել այդ օրը, օր, երբ առաջին անգամ մեր պատրաստած օդաչուները կճախրեն հայրենի կապույտ երկնքում»:

Ֆ. Մուրադյանն ասաց նաեւ, որ շատ բարձր մակարդակի վրա է դրված անգլերենի իմացությունը, ավիացիոն շատ առարկաներ դասավանդվում են անգլերեն, իսկ ուսումնառության վերջում մեր շրջանավարտները ձեռք են բերում, ըստ Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) սանդղակի, անգլերեն լեզվի իմացության աշխատանքային մակարդակ: Եվրամիության Միացյալ ավիացիոն իշխանություններին (JAA) Հայաստանի Հանրապետության անդամակցելը նոր խնդիրներ է դնում նաեւ կենտրոնի առջեւ. «Սա նշանակում է՝ կրթական նոր չափորոշիչների կիրառում, որակական շատ բարձր պահանջներ, նոր կրթական ծրագրեր, ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրում՝ այդ թվում նաեւ բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ»։

Մեր այն հարցին, թե կենտրոնում ուսանելու համար տարիքային սահմանափակում կա՞, Ֆ. Մուրադյանը պատասխանեց. «Տղաները գալիս են մեզ մոտ սովորելու՝ Ազգային բանակում պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, իսկ աղջիկները կարող են գալ միջնակարգը կամ բարձրագույնն ավարտելուց հետո»։

Ինչեւէ, բարի գալուստ մաղթենք մեր դիմորդներին եւ կանաչ ճանապարհ ու կապույտ երկինք՝ մեր շրջանավարտներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30