Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիդ. «ՀՀ-ն պետք է հայտարարի, որ Թուրքիայից հող չի ուզում»

Հունիս 20,2008 00:00

«Միացյալ Նահանգների եւ նախագահ Ջորջ Բուշի կողմից «ցեղասպանություն» բառեզրի կիրառումը օգտակար չի լինի հայ-թուրքական հարաբերությունների համար»: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ նախագահը չի օգտագործում «ցեղասպանություն» արտահայտությունը: «ԱՄՆ-ն եւ նախագահ Բուշն այդ իրադարձությունները երբեք չեն մերժել: Սակայն դրանց մասին խոսելիս «ցեղասպանություն» բառի կիրառումը նպաստավոր չէր լինի ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ոչ էլ Թուրքիայի՝ իր սեփական պատմության հետ հաշվի նստելու տեսանկյունից»,- շարունակել է Ֆրիդը: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները երկխոսություն սկսելու՝ Թուրքիայի ջանքերին պետք է պատասխանեն կառուցողականորեն. Հայաստանը պետք է հայտարարի, որ որեւէ պահանջ չունի ժամանակակից Թուրքիայի հողերի նկատմամբ: Իսկ Թուրքիան, իր հերթին, պետք է հաշվի նստի իր պատմության «մութ էջերի հետ», ինչը, սակայն, «հեշտ չի լինի»:

Խոսելով հարավկովկասյան երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասին՝ Ֆրիդը նշել է, թե «ԱՄՆ-ը հարգում է Հայաստանի ընտրությունը, որը պայմանավորված է պատմությամբ եւ, մասնավորապես, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած բարդ հարաբերություններով»: «Վրաստանն ընտրություն է կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները ողջունում են այդ ընտրությունը, եւ այն պետք է հարգվի նաեւ Վրաստանի հարեւանների կողմից: Ադրբեջանը որոշել է ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները զարգացնել ավելի դանդաղ տեմպով, եւ մենք հարգում ենք նաեւ նրա ընտրությունը: Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է, սակայն մենք հարգում ենք նաեւ նրա որոշումը»,- մանրամասնել է Դենիել Ֆրիդը: Խոսելով Կովկասում մեծ տերությունների շահերի մասին՝ նա ասել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: «Դա ոչ միայն խելամիտ չէ, այլեւ, պարզապես՝ անհնարին»,- նկատել է օրվա բանախոսը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ պետքարտուղարի օգնականը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները «կարեւոր քայլ են կատարել՝ համաձայնելով կարգավորման բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ կողմից մշակված հիմնական սկզբունքների շրջանակում»: «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միաժամանակ համարելով, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի բանակցային ճանապարհով ու փոխզիջման ոգով, ինչը հարգանքի կարժանացնի իրավական եւ քաղաքական եղած սկզբունքները»,- ասել է Ֆրիդը: Վերջինս նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կխուսափի այն «գայթակղիչ մտածելակերպից, թե ռազմական գործողությունները վերսկսելը կենսունակ տարբերակ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել