Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

Հուլիս 02,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես որակեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ մարզային դատախազներին տրված հանձնարարականները:

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել, իր ձեւակերպմամբ՝ գործող իշխանությունների էության մասին պատկերացում կազմելու իմաստով «հրաշալի», բայց «հրեշավոր» մի փաստաթուղթ հրապարակելու համար: ՀՀ առաջին նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ այդ փաստաթուղթը՝ նամակ-շրջաբերականը, որակեց որպես ՀՀ իշխանությունների համար գոյություն ունեցող միակ Սահմանադրությունը, որով նրանք առաջնորդվում են: Շրջաբերականը ՀՔԾ պետը հասցեագրել էր մարզային բոլոր դատախազներին: Դրանցից մեկը, մարտի 5-ի թվագրությամբ, ուղարկվել էր նաեւ Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Պալյանին: Վերջինիս հանձնարարվել էր ՀՀ ՀՔԾ-ում մարտի 3-ին ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրգործի շրջանակներում «պարզել հանրահավաքներին ու զանգվածային անկարգություններին մասնակցած նոր անձանց եւ սեղմ ժամկետում նրանց, ինչպես նաեւ տարբեր օրերի հանրահավաքներին մասնակցած գործով վկաներին եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերին որպես վկա լրացուցիչ հարցաքննել՝ հետեւյալ հարցադրումներով՝ հանրահավաքների ժամանակ ի՞նչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես՝ որ երկրների, արդյոք հանրահավաքների մասնակիցները չէի՞ն գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարեւան պետություններին, այլ գերատեսչություններին, արդյոք հանրահավաքների մասնակիցները չէի՞ն խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին:

Հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի հարեւաններին՝ հետեւյալ հարցադրումներով՝ 20.02.08- 02.03.2008 ժամանակահատվածում հանրահավաքներին մասնակցած անձանց եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի գտնվելու վայրի, հանրահավաքներին մասնակցած անձանց կողմից հարեւանների շրջանում միտինգներին ներգրավելու նպատակով քարոզչություն կատարելու մասին, ինչպես նաեւ՝ ինչպես են բնութագրվում հարեւանների կողմից, ում հետ են առնչվել նշված ժամանակաշրջանում, ինչ գործողություններ են կատարել: Բնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի՝ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր: Ստուգել հանրահավաքներին մասնակցած անձանց եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի դատվածությունը։

Անհրաժեշտ է պարզել Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար միջնորդությամբ դիմել դատարան։ Պարզել՝ հանրահավաքներին մասնակցած անձինք եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերն ինչ գույք ունեն։ Հանրահավաքներին մասնակցած անձանց եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի վերաբերյալ ոստիկանության անձնագրային բաժանմունքից հանել քաղաքացու անձնագրի ձեւ 1-ի պատճենը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել 20.02.08-03.02.08 ժամանակահատվածում Վայոց Ձոր-Երեւան տանող երթուղային եւ տաքսի մեքենաների այն վարորդներին, ովքեր հանրահավաքներին մասնակցած անձանց տեղափոխել են Երեւան, նրանք ում հետ են եղել, ովքեր են վճարել տեղափոխման վարձը, ինչ են խոսել հանրահավաքների վերաբերյալ»։

«Սա մի հրեշավոր փաստաթուղթ է, որով ապացուցվում է, որ ապրում ենք մի բռնապետական պետության մեջ, որտեղ իշխանությունները ղեկավարվում են ոչ թե Սահմանադրությամբ, օրենքներով, այլ այսպիսի ներքին հրահանգներով: Սա ավելի շատ «ցարական ախրանկայի» հրահանգների պես մի բան է, որով առաջնորդվում է իշխանությունը»,- փաստաթուղթը մեկնաբանեց Լ. Տեր-Պետրոսյանը: Նա սույն փաստաթուղթը որակեց որպես «ակնհայտ ու հստակ քաղաքական հրահանգ կամ հանձնարարական» եւ տարակուսեց, թե՝ օրինակ, «ի՞նչ գործ ունի ՀՔԾ պետը, թե՝ ով ի՞նչ կարծիքի է ՀՀ-ում ՌԴ ներկայության կամ բացակայության մասին»: ՀՀ առաջին նախագահը շեշտեց, որ քաղաքական հետապնդման թիրախ են ընտրվել իր նախընտրական շտաբների պետերն ու ակտիվիստները, ընդ որում՝ ոչ թե կոնկրետ անձինք, այլ՝ «կոլեկտիվ»: Երկրորդ թիրախը, Լ. Տեր-Պետրոսյանի ասելով, հանրահավաքներին մասնակցած քաղաքացիներն են, նրանց Երեւան տեղափոխած վարորդները, նպատակը՝ մարդկանց վախեցնելը. «Հանրահավաքներին մասնակցությունն արդեն դիտվում է որպես քրեական հանցանք»: Նրա համոզմամբ, իրականացվել են հանձնարարականի բոլոր կետերը՝ մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, պահվել են, դատապարտվել են եւ այլն:

«Կատարվել է մարտի 1-ը, իշխանությունները կատարել են ոճրագործություն՝ թափել են ժողովրդի արյունը, նրանք պետք է պատասխանատուներ գտնեն»,- ասաց 1-ին նախագահը՝ հավելելով, թե նամակը վկայում է, որ մարտի 5-ի դրությամբ ՀՔԾ-ն ոչ մի կասկածյալ, ոչ մի կոնկրետ վկայություն, ապացույց չի ունեցել, եւ մարտի 5-ից է սկսել փնտրել ինչ-որ բաներ` մեղադրելու ընդդիմության հետ առնչված մարդկանց: Անդրադառնալով նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու վերաբերող կետին` նա նկատեց, որ «դա, թերեւս, պետության կողմից կատարված ամենամեծ հանցագործությունն է ժողովրդի նկատմամբ», որովհետեւ չի ասվում՝ «կոնկրետ ո՞ր անձին եւ ի՞նչ օպերատիվ տվյալների հիման վրա պետք է գաղտնալսել: Այո, գաղտնալսումները կատարվում են դատարանի վճռով, եթե կան օպերատիվ տվյալներ կոնկրետ մարդու հանցավորության վրա կասկածելու համար: Տվյալներն ուսումնասիրում է դատարանը, որից հետո տալիս է վճիռ: Այստեղ չկա դա: Հանձնարարվում է լսել հեռախոսները, որպեսզի կարողանան օպերատիվ տվյալներ հայթայթել: Ի՞նչ ասես այս պետության մասին»:

Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ փաստաթուղթը փոխանցելու է միջազգային բոլոր կառույցներին, որոնք զեկույցներ եւ բանաձեւեր են ընդունում ՀՀ-ի մասին, վճռում մեր երկրի ճակատագիրը. «Տեսնենք` ի՞նչ են ասելու սրանից հետո»:

Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ փաստաթղթի հրապարակումը սոսկ փաստն արձանագրե՞լն էր, թե՞ մտադրություն կա իրավական լուծում տալ դրան, Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Առաջին քայլը պիտի անի Սերժ Սարգսյանը: Նա պիտի պարզի, թե ով է այս անձը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Եթե այս անձը ասի, որ դա ինքը չի արել, իր վերադասն է արել՝ Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, ապա եզրակացությունները պետք է ավելի խորանան: Պատկերացրեք այսպիսի փաստաթուղթ հրապարակվեր որեւէ նորմալ երկրում»: Լ. Տեր-Պետրոսյանի համոզմամբ, այդ դեպքում փաստաթուղթը ստորագրած մարդը կդատապարտվեր ցմահ ազատազրկման, իսկ եթե պարզվեր, որ կատարել է նախագահի ցուցումը, ապա նախագահն անմիջապես կենթարկվեր իմպիչմենտի:

Երեկ երեկոյան սույն փաստաթղթի հրապարակմանն ու Լ. Տեր-Պետրոսյանի գնահատականներին անդրադարձավ նաեւ ՀՀ ՀՔԾ-ն: Հաստատելով փաստաթղթի գոյությունը՝ հայտարարեց, որ քննչական հանձնարարությունները տրվել են օրենքով սահմանված կարգով, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի որակումներն ու մեկնաբանությունները համարեց «մերկապարանոց եւ անհեթեթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել