Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երթը կայացավ

Հուլիս 02,2008 00:00

Թեեւ ոստիկանները փորձեցին ճնշել դրա մասնակիցներին

«Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստներն ու երիտասարդական այլ կազմակերպությունների անդամներ, անհատ քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի երթ կազմակերպել Հյուսիսային պողոտայից դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելով ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Երթը սկսվելու պահին, «Հին Էրիվան» ռեստորանի մոտ, էլեկտրաշոկերով եւ ռետինե մահակներով զինված ոստիկաններն ու կարմիր բերետավորներն անմիջապես շղթա կազմեցին՝ աքցանի մեջ առնելով Հյուսիսային պողոտայում հավաքվածներին: Ոստիկանների աշխատանքը համակարգում էին ոստիկանության Կենտրոնի բաժնի նորանշանակ պետի՝ ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն ու ՊՊԾ հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Օսիպյանը: Իրավապահները երթը կանխելու ընթացքում անգամ բռնություններ գործադրեցին ցուցարարների նկատմամբ: Երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր չկայացավ, քանի որ ոստիկանության շուրջ երկու հարյուր աշխատակիցները փակել էին ճանապարհը: Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարության անդամների հետ գտնվում էր Օպերայի դահլիճում, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Շուշան Պետրոսյանի եւ Նունե Եսայանի համատեղ համերգը:

Ոստիկանները, մեր տեղեկություններով, զգուշացել էին, որ ցուցարարները կարող են հանկարծ Օպերա ներխուժել եւ համերգը խանգարելու փորձ անել: Այդուհանդերձ, երթը տեղի ունեցավ, բայց այլ երթուղիով՝ Թումանյան-Սարյան-Ամիրյան-Հանրապետության հրապարակ եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Ճանապարհին 5-7 րոպեանոց մինի հանրահավաք էլ տեղի ունեցավ ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության շենքի դիմաց: Այստեղ երթի մասնակիցները մի քանի րոպե շարունակ վանկարկում էին՝ «Ա-մո՛թ»:

Երեկ երեկոյան այս ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կամ առավել եւս ձերբակալության մասին տեղեկություններ չկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել