Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՄՈՐԹՈՒՄ»

Հուլիս 02,2008 00:00

\"\"Ասում է Մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Արզումանյանը:

«Առավոտի» հունիսի 25-ի՝ «Մի օր բանասիրականում» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչ խղճուկ պատասխաններ էին տալիս Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողները՝ հայոց լեզվի պետական քննության ժամանակ: Նշել էինք նաեւ, որ, մեր տեղեկություններով, այս ֆակուլտետում 3 քննությունը միասին դրական ստանալն արժե $500: Ըստ մեր աղբյուրների, բողոքների արդյունքում պետական քննությունների հանձնաժողովների կազմը փոխվել է, կոնկրետ բանասիրականում՝ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանը «հանվել» է հանձնաժողովի կազմից, չնայած մեզ հետ զրույցում պարոն Խաչատրյանն ասաց, որ դրա մեջ այլ ենթատեքստ չկա:

Մեկ այլ ահազանգի հետքերով եղանք նաեւ նույն բուհի հոգեբանության եւ սոցիալական մանկավարժության ֆակուլտետում ու դեկան, քննական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գեւորգյանի առաջարկով մասնակցեցինք հոգեբանություն առարկայի պետական քննությանը՝ դարձյալ հեռակա բաժնում: Ի դեպ, այս ֆակուլտետի մասին էլ ասում են, թե 3 պետական քննությունը միասին «զեղչով» արժե $700: Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, քննական հանձնաժողովի անդամ Սերգեյ Արզումանյանը հերքեց լուրերը, թե իրենց մոտ գումար է հավաքվում: Նաեւ նշեց, որ իր պրակտիկայում չի հիշում մի դեպք, երբ ուսանողը այլ հարցաթերթիկ «քաշի», բայց ուրիշին պատասխանի: «Առավոտի» հարցին՝ ուրեմն արդար ու ազնի՞վ են անցնում իրենց բուհի բոլոր քննությունները, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Արդար, ազնիվ քննություններ երբեւիցե կարո՞ղ են լինել: Մեկը մի քիչ վատ է պատասխանում, մեկի համար կարող է խնդրել են, երրորդը հիվանդ է, որին ընդառաջում ենք… Ամեն դեպքում, մարդկային վերաբերմունքը գերակայում է: Ուսանողին հո չե՞ս դնի ու մորթես, պիտի անհատական մոտեցում ցուցաբերես, ինչ-որ մի բան հուշես, գլխի գցես… Այս տարի ո՛չ ստացիոնարում, ո՛չ էլ հեռակայում մարդ չենք «կտրել»: Հոգեբան ենք, եթե մե՛նք չհասկանանք ուսանողին, բա էլ ո՞վ պիտի հասկանա: Եթե մարդը եկել է քննության, երեք գրկի երեխա ունի կամ, ասենք, հղի է, նրանից պահանջեմ՝ բոլոր հարցերի պատասխանը տա՞»:

Դեկան Սրբուհի Գեւորգյանը նույնպես հերքեց դրամահավաքության մասին լուրերը: Երեկվա պետական քննության հանձնաժողովը նախագահում էր ԵՊՀ հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դոցենտ Վարդուհի Պապոյանը, բացի Ս. Գեւորգյանից եւ Ս. Արզումանյանից, հանձնաժողովի անդամներ էին բուհի ռեկտորատի ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը, հեռակա բաժնի դեկանի տեղակալ Մարինե Սահակյանը, հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Սուսաննա Փիլոսյանը, ԵՊՀ զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանը:

Հարցատոմսերով ծրարը բացվեց ուսանողների ներկայությամբ, տոմսերը համարակալվեցին, ըստ մատյանի համարի ու անվանական ցանկով քննություն հանձնողները մոտեցան հարցաթերթիկներ վերցնելու, բնականաբար՝ հանձնաժողովի մոտ թողնելուվ ստուգման գրքույկները: Փաստենք, որ հեռակա բանասիրականում ստուգման գրքույկներ այդպես էլ չնկատեցինք: Հոգեբանականի ուսանողները հիմնականում լավ էին նախապատրաստվել եւ, ի տարբերություն նույն բուհի բանասիրականի, ձեւավորված, գրագետ հայերեն խոսք ունեին: Հանձնաժողովն էլ բարյացակամ էր տրամադրված նրանց հանդեպ, երբեմն ուսանողի պատասխանը ընդմիջվում էր հումորով: Երբ ուսանողուհիներից մեկը դժվարացավ բարդ կամային գործունեությունը տարբերակել պարզից, Ս. Արզումանյանն ասաց. «Պարզն այն է, երբ, օրինակ, դու ալարում ես գնաս ջուր խմես, մորդ ես խնդրում»: Մի շփոթվող աղջնակ էլ, բնութագրելով սեփական խառնվածքն, իրեն ֆլեգմատիկ անվանեց, մյուսը որոշեց, որ սանգվինիկի ու խոլերիկի համադրություն է: Գեորգի անունով մի տղա, որ կարճատեւ հույզն ու կայուն զգացմունքը չէր կարողանում տարբերակել, ու դասախոսներին համոզում էր, թե դրանք նույնն են՝ ասում էր. «Կարող ա նենց ես հուզվում, որ սաղ կյանքդ հուզված էլ մնում ես»: Մեր ներկայության 1-1,5 ժամվա ընթացքում 4-5 ուսանող բացակայում էր: Դեկանը հավաստիացրեց, որ նրանք եկել են քննության, ուղղակի տարածքում չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել