Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐԸ՝ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Հուլիս 02,2008 00:00

\"\"Երգչուհի Նատալյա Աֆեյանը կաշխատի հայաստանյան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի վրա

2007 թ. աշնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ժամանակակից բեմադրությունը, որն իրականացրել էր Սուքիաս Թորոսյանը, մասնագետների կողմից արժանացավ դրվատանքի: Մշակութային երկու կառույցների եւ բեմադրիչ Ս. Թորոսյանի համագործակցությունը շարունակվում է: Օպերային թատրոնում հուլիսի 4-ին, 6-ին, 13-ին կկայանա Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան, դարձյալ ռեժիսորական նորովի մեկնաբանմամբ:

«Մադամ Բաթերֆլայի» առիթով, խորհրդատուի կարգավիճակով, Ավստրալիայից Երեւան է հրավիրվել բուլղարահայ ճանաչված երգչուհի Նատալյա Աֆեյանը, որն այս օրերին վոկալի, բեմական վարպետության դասեր է անցկացնում մեներգիչների հետ: «Առավոտը» հանդիպեց Ն. Աֆեյանի հետ: Ի պատասխան մեր հետաքրքրությանը՝ որեւէ կապ ունի՞ ժամանակին «Լա Սկալա», «Քովեն-Գարդեն», «Մետրոպոլիտեն» եւ այլ հայտնի օպերային թատրոններում փայլատակած մեցցո սոպրանո Նադյա Աֆեյանի եւ բեմադրիչ-ռեժիսոր Պողոս Աֆեյանի հետ, երգչուհին հայտնեց, որ ինքը նրանց դուստրն է, հավելելով, որ գուցե իր կարիերան այլ ընթացք ունենար, եթե յուրաքանչյուր քայլի իրեն չհամեմատեին մոր հետ: Քանի որ Ն. Աֆեյանն առաջին անգամ է հայրենիքում, խնդրեցինք սեղմ ներկայացնել իր բեմական գործունեությունը: Մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ հայրը 1964-65թթ. աշխատել է Երեւանի ազգային օպերային թատրոնում՝ առաջին անգամ բեմադրելով ամերիկացի Ջանկարլո Մենոտիի «Կոնսուլ» եւ Վագների «Տանհոյզեր» օպերաները, իսկ մինչ այդ եղել է մեծանուն ռեժիսոր Ֆելզենշտայնի ասիստենտը Բեռլինի «Komische oper» թատրոնում, ապա տարիներ շարունակ հանդիսացել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի օպերային թատրոնի գլխավոր ռեժիսորը: Շարունակելով խոսքը, մեր զրուցակիցը պատմեց, որ 13 տարեկանում զրկվել է հորից: Ավարտելով Սոֆիայի կոնսերվատորիան, մեկնել է Վիեննա՝ վերապատրաստման, ուսանելով տիկին Զիցների դասարանում. «Դասախոսս անասելի կոպիտ էր վարվում ինձ հետ: Ես ընդամենը 22 տարեկան էի եւ, ճիշտն ասած, չէի մտածում կարիերայիս մասին, սակայն հանդիպումն ամերիկահայ երգչուհի Քեթի Բերբերյանի հետ՝ շրջադարձային եղավ իմ կյանքում: Լինելով ճանաչված երգչուհու դուստր, ես տիկին Քեթիին եմ համարում ինձ որպես դասախոս: Ինչ խոսք, հայրս ու մայրս էլ ժամանակ առ ժամանակ զբաղվել են ինձնով: Ինչո՞ւ ժամանակ առ ժամանակ, որովհետեւ մայրս տարին տասներկու ամիս շրջագայում էր»: Ն. Աֆեյանը իրեն ուսուցիչ է համարում նաեւ մեծանուն դիրիժորներ Կարլո Ֆիլիչե Չիլարիոյին, Ասեն Նադենովին, Իվան Մարինովին եւ ռեժիսոր Բորիս Պոպրովսկուն, որի բեմադրած Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն», Մուսորգսկու «Խովանշչինա» օպերային ներկայացումների գլխավոր դերերգերում զբաղված է եղել նաեւ ինքը: Թե ինչու է հայտնվել Ավստրալիայում, տիկին Աֆեյանն բացատրեց այսպես.«20 տարի առաջ հրավեր եմ ստացել աշխատելու Վիկտորիա նահանգի օպերային թատրոնում եւ հանդես եկել մեցցո-սոպրանոյի համար գրված դերերգերով՝ Կարմեն, Ազուչենա, Ամներիս եւ այլն: 1996-ին հրավեր ստացա Սոֆիայի երաժշտական ակադեմիայում դասավանդելու վոկալ եւ դերասանի վարպետություն: Հիմա էլ պատրաստվում եմ մշտական վերադառնալ ծննդավայրս»: Երգչուհու հետ զրույցին մասնակից էր նաեւ Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Օգտագործելով առիթը, խնդրեցինք նրան ներկայացնել հայ-բուլղարական մշակութային կապերի վերաբերյալ նորությունները: Պարոն Մանասարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են Երեւանի պետկոնսերվատորիայի եւ Սոֆիայի Նոր բուլղարական համալսարանի միջեւ կապեր հաստատել, ակնկալելով պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների փոխայցելություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել