Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 02,2008 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ 11-ՐԴՆ Է

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում Հայաստանը 2614 վարկանիշային միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, որին առաջին եռյակում, ըստ հերթականության, ընկերակցում են Ուկրաինան եւ Չինաստանը:

Շախմատիստների առաջին հարյուրյակում Լեւոն Արոնյանը 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 45-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 61-րդը: Կանանց ցուցակում հարյուր լավագույնների մեջ են Էլինա Դանիելյանը՝ 16-րդ տեղ եւ Լիլիթ Մկրտչյանը՝ 40-րդ:

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի շեֆ-միսիա Դերենիկ Գաբրիելյանը ԱԻԲԱ-ի նախագահի երաշխավորությամբ նշանակվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնությունների հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովը պատասխանատու է ԱԻԲԱ-ի կարեւոր իրադարձությունների նախապատրաստական աշխատանքների հայտավորման համակարգման եւ վերահսկման համար:

Այդ առիթով ԱԻԲԱ-ից ստացված պաշտոնական գրության մեջ նշված է, որ հայ մասնագետի նվիրվածությունը մարզաձեւին եւ փորձառությունը շատ արդյունավետ կլինեն բռնցքամարտի շարժման համար:

ԲՈԼՂԱՐԻԱՆ ՊԵԿԻՆ ԿՄԵԿՆԻ ԵՐԿՐՈ՞ՐԴ ԿԱԶՄՈՎ

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան, միանգամից 11 մարզիկների մոտ արգելված խթանիչներ հայտնաբերվելու պատճառով, տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներին զրկել է օգոստոսին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Սակայն երկուշաբթի օրը հրավիրված Բուլղարիայի ԱՕԿ-ի գործկոմի արտակարգ նիստում որոշվել է, որ անկախ սկանդալից, այդ երկրի ծանրորդները պետք է մասնակցեն Խաղերին: ԲՕԿ-ի նախագահ Ստեֆկա Կոստադինովան նիստում հայտարարել է, թե չի պաշտպանում օլիմպիական խաղերին մասնակցելուց հրաժարվելու գաղափարը: «Ընդհակառակը, մենք ֆեդերացիային առաջարկում ենք նախապատրաստել եւ Պեկին ուղարկել թիմ, թեկուզ՝ փոխարինող կազմերով»,- ասել է նա:

Արտասահմանյան լրատվամիջոցները հրապարակել են այն մարզիկների անունները, ում դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել: Նրանք են. տղամարդիկ՝ Իվայլո Ֆիլեւ (62կգ քաշային կարգ), Միհմետ Ֆիրկետով եւ Դեմիա Դեմիրեւ (69կգ), Իվան Ստոիցով (77կգ), Գեորգի Մարկով եւ Իվան Մարկով (85կգ), Ալան Ցագնեւ (105կգ), Վելիչկո Չոլակով (+105կգ): Կանայք. Դոնկա Մինչեւա (48կգ), Միլկա Մանեւա եւ Գերգանա Կիրիլովա (63կգ):

Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան եւ մարզչական խորհուրդը կտրականապես հերքում են դոպինգը գիտակցաբար օգտագործելու տարբերակը, առավել եւս, որ հայտնաբերված խթանիչը «նախապատմական» է եւ այսօր գործնականում չի օգտագործվում: Նրանք հայտարարել են, որ խոսք կարող է գնալ «բուլղարացի մարզիկների դեմ դիտավորյալ դիվերսիա կազմակերպելու մասին»:

Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել