Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ

Հուլիս 19,2008 00:00

Գովազդներում նկարահանվելու եւ միջոցառումներին թամադայություն անելու համար նրանք ամենաքիչը $10 հազար են պահանջում:

Այսօր եթերում մատների վրա հաշված գովազդային տեսահոլովակներ կան, որոնք պատրաստվել են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, հաջողված են եւ կարելի է ասել՝ ծառայում են իրենց նպատակին: Մնացած դեպքերում այս կամ այն ապրանքը գովազդող տեսահոլովակը սպառողների շրջանում հակառակ էֆեկտն է առաջացնում: Թերեւս այդ է պատճառը, որ գովազդ պատվիրողները նախընտրում են գոնե շոու-բիզնեսի հայտնի դեմքերով կոծկել գովազդի անորակ լինելը, որպեսզի շարքային սպառողը չկենտրոնանա հոլովակի թերությունների վրա եւ միայն տարվի քիչ թե շատ սիրված կերպարներով: Այս խնդիրը որոշ չափով լուծում են հայկական շոու-բիզնեսում իրենց երգիծանքով հայտնի մի քանի դերասաններ: Եվ քանի որ վերջերս նման դերասանների մասնակցությամբ գովազդային տեսահոլովակները շատացել են, այդ իսկ պատճառով, մեր տեղեկություններով, նրանց՝ գովազդներում նկարահանվելու «սակագինը» կտրուկ բարձրացել է: Եթե պատվիրատուն ցանկանում է, որ իր ապրանքը գովազդի Հրանտ Թոխատյանը, ապա պետք է մի կլորիկ գումար պատրաստի, քանի որ դերասան Թոխատյանը նրանց վրա թանկ կնստի:

Գովազդատուները վստահեցնում են, որ պարոն Թոխատյանը գովազդային տեսահոլովակում նկարահանվելու համար $15 հազարից պակաս չի ուզում:

Իր թանկարժեք լինելը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Հ. Թոխատյանը: Իսկ թե ինչու է իր ծառայությունները այդքան թանկ մատուցում, պարոն Թոխատյանը պատասխանեց. «Որովհետեւ ես լավն եմ: Տեղեկանալով, որ համաշխարհային պրակտիկայում իմ կոլեգաները, որոնք նաեւ գովազդներում նկարահանվում են, բավականին թանկ են, ես հասկացա, որ իմ ծառայություններն էլ էժան չպետք է լինեն»:

Նշենք, որ Հ. Թոխատյանն ավելի շատ հայտնի է որպես վարձու թամադա: Մեր տեղեկություններով, նա հարսանիքին կամ նմանատիպ միջոցառմանը թամադայություն անելու համար պահանջում է $15 հազար: Մեզ հետ զրույցում նա ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը. «Ես աշխատում եմ, որ ամեն անգամ յուրովի լինի: Ես հրավիրող կողմի հետ նախքան հարսանիքը հաճախ հանդիպում եմ, որպեսզի ինձ զգամ իրենց հարազատ, իսկ այդ դեպքում ամեն ինչ ստացվում է համով, հոտով, սրտով, ջիգարով»: Մենք Հ. Թոխատյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքա՞ն հաճախ են իրեն կանչում միջոցառումների. «Այնքան էլ հաճախ չէ, քանի որ իմ գինը բավականին բարձր է»:

Մտերիմների տոնական միջոցառումներին Հրանտ Թոխատյանը ելույթ է ունենում մեծ հաճույքով եւ անվճար:

Գովազդներում հաճախ ենք տեսնում նաեւ Հովհաննես Ազոյանին (Հովո), որը 1 տեսահոլովակում նկարահանվում է 3 միլիոն դրամով: Նշենք, որ մինչ նա կասեր, թե որքան գումար է պահանջում իր ծառայությունների համար, նախ ճշտեց, թե մեր թերթը որքան գումար է ամեն ամիս վճարում պետբյուջե:

Չնայած Հ. Ազոյանը բավականին մեծ գումար է պահանջում, սակայն ամեն առաջարկի չէ, որ համաձայնում է. «Բայց եթե այդ ապրանքը, այսպես ասած, գովազդելու բան չէ, չեմ համաձայնում այն գովազդել»: Նշենք նաեւ, որ այն գովազդներում, որտեղ նա նկարահանվում է՝ սցենարը մշակում է ինքը՝ իր թիմի հետ: Մեր հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ նկարահանումների ժամանակ հանպատրաստից ավելի լավ հումորներ են ստացվում, որոնք փոքր-ինչ փոխում են սցենարը, նա պատասխանեց. «Ոչ, միշտ լինում է սցենարի համաձայն»: «Բերնարդ շոուի» հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ գովազդում նկարահանվելու կարիք «Բեռնարդ շոուի» տղաները չունեն. «Գովազդներում նկարահանվում են այն դեպքում, երբ ֆինանսական խնդիրներ են ունենում, բայց մենք դեռ չենք ցանկանում նկարահանվել, որովհետեւ հիմա մեր գործերը լավ են եւ դրա կարիքը չունենք»: Վերջին անգամ 2 տարի առաջ նկարահանված գովազդից իրենք $10 հազար են ստացել: Իսկ թամադայությանը սկզբունքորեն դեմ են. «Չենք արել, չենք էլ անելու»:

Գովազդներում նկարահանվելու ամենից շատ պահանջարկ ու փորձ ունեցողները, անկասկած, Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանն են (Հայկո-Մկո): Նրանք էլ գովազդներում նկարահանվելու կամ հարսանիքներին թամադայություն անելու համար պահանջում են $10 հազար: Հայկ Մարությանը մեր հարցերին չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ շատ զբաղված է, խնդրեց պարզապես գրել՝ «առանց մեկնաբանության»: «Շարմ» ընկերության աստղ Մարկ Սաղաթելյանի հետ էլ չհաջողվեց կապվել: Ընկերությունից ասացին, որ նա քաղաքում չէ: Մեր տեղեկություններով, նա միջոցառումներին թամադայություն անելու համար վերցնում է ընդամենը $5 հազար: Մյուսների համեմատությամբ՝ նրա մատուցած ծառայությունների գինը ցածր է, հավանաբար այն պատճառով, որ նրա աստեղային ժամն արդեն անցել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել