Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2008 00:00

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է

Լրագրողների միջեւ խտրականություն է դրվում

Լրատվամիջոց ասելով՝ մարզպետարանցիները զարմանալիորեն հասկանում են Գյումրիի մեկ-երկու հեռուստաընկերությունները եւ կարեւորագույն իրադարձությունների ժամանակ հրաժարվում են հրավիրել նաեւ մյուսներին՝ հատկապես անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Սկզբում տեղի լրագրողներից շատերն դա համարում էին մարզպետարանի փնթի գործելաոճի հետեւանք, սակայն վերջերս մարզպետարանի մեր աղբյուրները «լուսավորեցին», որ դա ամենեւին էլ թափթփվածության արդյունք չէ, ղեկավարության համար գոյություն ունեն ցանկալի ու ոչ ցանկալի լրատվամիջոցներ:

Բնականաբար, անցանկալիների շարքում է նաեւ մարզպետարանի թերությունները քննադատող «Առավոտ» օրաթերթը, որի այն հարցումներին, թե ինչու՞ խտրական վերաբերմունք ունեն օրաթերթի նկատմամբ՝ մարզպետարանի ղեկավարությունը բազմիս փորձել է հավատացնել, որ դա ամենեւին էլ սուբյեկտիվ վերաբերմունքի արդյունք չէ, պարզապես չի ստացվել, աշխատակիցը արձակուրդում է եղել եւ նմանատիպ այլ հեքիաթներ: Իսկ ահա «Ազատություն» ռադիոկայանին մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանել էին. «Մտածելով, որ տվյալ իրադարձությունը ձեր ռադիոկայանին չի հետաքրքրում, չենք ցանկացել ձեզ ձանձրացնել»: «Պատկերացնու՞մ եք, իմ փոխարեն իրենք են որոշում՝ արժի՞ տվյալ նյութը մեր ռադիոկայանով հեռարձակել, թե՝ ոչ: Իսկ եթե զգուշացնում ես, թե սա ի՞նչ վերաբերմունք է, դրանից հետո թեեւ հրավիրում են իրադարձություններին, բայց ժամը ճշգրիտ չեն ասում, էնքան շուտ են կանչում, որ ժամերով քաղաքի մուտքի մոտ կանգնում ու այս կամ այն պաշտոնյային ես սպասում: Օրինակ, վերջերս վարչապետի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքապետից ու մարզպետից շուտ ես էի Տիգրան Սարգսյանին սպասում»,- ասում է «Ազատություն» ռադիոկայանի Շիրակի մարզային թղթակից Սաթենիկ Կաղզվանցյանը: Նմանատիպ վերաբերմունք ձեւավորվել է նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ:

Հեռուստաընկերության աշխատակիցների տեղեկացմամբ. «Արխիվի մեկ օրը» հաղորդաշարը, որը վերաբերում էր մարզպետ Լիդա Նանյանի մեկ տարվա գործունեությանը եւ որտեղ մարզպետը այնքան էլ դրական գույներով ներկայացված չէր (ավելին՝ հեռուստաընկերությունն ի ցույց էր դրել մարզպետարանի խոհանոցում տեղի ունեցող խմորումները՝ մարզպետ-աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյան, մարզպետ-փոխմարզպետ Միքայել Վարդանյան ոչ բարիդրացիական հարաբերությունները), մարզպետը շատ ծանր է տարել»: Դրանից հետո մարզպետարանի «սեւ ցուցակում» հայտնվել է նաեւ Գյումրիի անկախ լրատվական ալիքը: «Արխիվի մեկ օրը» հաղորդաշարից մեկ օր անց Լիդա Նանյանը իր մեկ տարվա պաշտոնավարման հետ կապված ասուլիս է հրավիրել մայրաքաղաքում՝ իր հետ տանելով «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչներին, իսկ «ԳԱԼԱ»-ին, որը հայտնի է որպես Շիրակի մարզից դուրս տեղի ունեցող իրադարձություններ լուսաբանող հեռուստաընկերություն, անտեսել է:

Այս ամենը նկատելով՝ երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը բաց նամակ հղեց մարզպետին, որտեղ մասնավորապես շարադրված է. «Տիկին Նանյան, պատշաճ չեմ համարում հարցնել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել եւ ընտրվում այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք կանխավ իրազեկվում են մարզպետարանի կամ մարզպետարանի հետ առնչություն ունեցող իրադարձությունների մասին, որովհետեւ նման ընտրության բնական կամ օրինական սկզբունք ուղղակի գոյություն չունի. ընտրությունը կատարվել է սուբյեկտիվորեն, ինչի իրավասությունը պետական հիմնարկի ծառայողը չունի: Մյուս կողմից պարտավոր եմ տեղեկացնել, որ լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցները չպիտի կռահեն կամ գուշակեն մարզպետարանում տեղի ունենալիք միջոցառումները, նրանք պարտավոր չեն ենթադրություններով եւ զանազան այլ միջոցներով գլխի ընկնել, թե ինչ պաշտոնական այցեր են լինելու Շիրակի մարզպետարանում, ինչպիսի հանրային միջոցառումների եւ հանդիպումների են մասնակցելու մարզպետը, տեղակալները կամ մարզպետարանի մյուս պաշտոնյաները: Առավել եւս լրագրողները պարտավոր չեն հատուկ հետախուզական ծառայություններ ստեղծել, որպեսզի կանխավ իմանան այս ամենը: Լրագրողները եւ ԶԼՄ-ները հարկ է, որ հնարավորինս կանխավ եւ հարգելիորեն պատշաճ իրազեկվեն այն ամենին, ինչ հասարակական նշանակություն ունի: Այդ է պահանջում հանրային շահը, անկախ այն հանգամանքից՝ այդ պահանջները հաճելի՞ են այս կամ այն պաշտոնյաներին, նրանց ենթականերին, թե՝ ոչ»: Լեւոն Բարսեղյանը միաժամանակ հիշեցնում է, որ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 2-րդ մասով լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար քրեական հետապնդում է նախատեսված պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել