Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԼԱԳԻԱ՛Տ, ՊԼԱԳԻԱ՛Տ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ

Օգոստոս 26,2008 00:00

Գրագողության ավանդույթներն այսօր էլ շարունակվում են հայկական շոու-բիզնեսում

Գրագողությունը կամ, ինչպես ընդունված է ասել՝ պլագիատը, աշխարհում շատ տարածված է: Մասնավորապես՝ վերջին տարիներին ականատեսն ենք այն բանի, որ հատկապես շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ մեղադրանքներ են ներկայացնում միմյանց՝ իրենց ստեղծագործությունները գողանալու առիթով: Որքան էլ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինեն նման մեղադրանքները, դրանք, այնուամենայնիվ, ստվեր են գցում հատկապես ճանաչված կատարողների վրա՝ կասկածի տակ դնելով ստեղծագործության արժեքը։ Ուրիշի հաշվին ծափեր եւ փողեր վաստակելու նման նկրտումները տարածված են ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում: Օրինակ, ռուսական շոու-բիզնեսի նշանավոր դեմքերից մեկը՝ Իգոր Կրուտոյը, 2003 թ. արժանացավ «Պլագիատ գոդա» մրցանակին՝ «Երբ սերը ինձ մոտ կգա» երգի համար (կատարում էր Ալսուն), որը թխված է Թոնի Բրեքսթոնի «Unbreak my heart» երգից: Հայաստանում դեռեւս նման մրցանակներ չեն տալիս, իսկ եթե հանկարծ մեկի խելքին փչի ու նման անվանակարգ սահմանի, ապա, կարծում ենք, որ առաջին մրցանակակիրների համար հայտարարված մրցույթը խիստ մարդաշատ կլինի: Առավոտից երեկո ռադիո եւ հեռուստաեթերներից հրամցվում են բազմաթիվ երգեր, որոնք ոչ միայն իրենց պարզունակ մեղեդիներով են նման, այլեւ մեղեդային դարձվածքները «թափառում» են մի երգից մյուսը՝ քողարկելով պլագիատի փաստը: Գիտենք, որ նոտաներն ընդամենը 7-ն են. ե՛ւ Բեթհովենը, ե՛ւ Մոցարտը, ե՛ւ անգամ՝ Սիրուշոն դրանցով են գրում իրենց ստեղծագործությունները, բայց իմաստը նոտաների դասավորության մեջ չէ, այլ ստեղծագործելու: Իրարից գողանալով, մեր շատ երգիչ-երգչուհիներ իրենց երգահան են հռչակել: Արդյունքում՝ տուժում է մեր երգարվեստը, որ այդպես էլ շուրջ 20 տարի առաջ չի գնում, մեզ պահելով յուրատեսակ «բերմուդյան եռանկյունում»: Ընդ որում, սա հայտնի է ե՛ւ Հայաստանի կոմպոզիտորների միությանը, ե՛ւ Երգի պետական թատրոնին: Հիշեցնենք, որ ժամանակին Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի երգացանկ էր ներխուժել իբր երգիչ Լեւոն Սեւանի հեղինակած «Դու սիրո երազ էիր, իմ սեր» երգը, որը պատկանում էր Շառլ Ազնավուրին: Իհարկե՝ միայն տարիներ անց երգիչը կատարելով երգը՝ արդեն հայտարարում էր իրական հեղինակի անունը: Մեր օրերում հիշյալ երգի «ներածական» գործիքային մասով է սկսվում «Հայ տղեք» խմբի «Չուզողություն» հայհոյախառն երգը: Նույն խմբի «Ընկերուհի չունեմն» էլ ռուսական «Անտիքիլլեր» ֆիլմում հնչած երգն է, որն էլ իր հերթին «թխված» է բրազիլացի երգչուհի Էվորա Սեզարիայի հայտնի հիթից։ Անդրեի «Իմ սերը քեզ» հիթը «թխված» է Վլ. Կուզմինի «Ես չեմ մոռանա քեզ երբեք» երգից: Իսկ Կուզմինի հիշյալ երգի «տները» վերցված են իտալական «Հարուստները եւ աղքատները» տրիոյի երգացանկից, կրկներգն էլ՝ գերմանական «Բլյու սիստեմից»: Արամեի «Մի նամակը» նմանակն է ռուսական հանրահայտ «Մաշինա վրեմենի» խմբի «Կապույտ թռչուն» ստեղծագործության: Սիլվա Հակոբյանի «Գիշերի» մեղեդին, որ «ստեղծագործել» է երգչուհու քույրը, կարելի է գտնել ֆրանսիացի երգչուհի Դալիդայի երգացանկը «ուսումնասիրելիս»: Հասկանալի պատճառով հնարավոր չէ հրապարակել հայաստանյան շոու-բիզնեսի «պլագիատների» ողջ ցուցակը:

Տխուր է, որ նման դեպքերում արհամարհվում է նաեւ հանդիսատեսը ու նրան էլ են փորձում ներքաշել ոչ բարոյական խաղերի մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել